Հայաստանում կստեղծվի ԵՄ քաղաքացիական առաքելություն․ ԵՄ խորհուրդը հաստատել է որոշումը
16:42 - 23 հունվարի, 2023

Հայաստանում կստեղծվի ԵՄ քաղաքացիական առաքելություն․ ԵՄ խորհուրդը հաստատել է որոշումը

ԵՄ խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության (CSDP) շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ խորհրդի կայքից։

Ըստ հաղորդագրության՝ առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր:

ԵՄ քաղաքացիական առաքելությունը նախնական կտեղակայվի երկու տարով ու կառավարման շտաբը կլինի Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարը կլինի Ստեֆանո Թոմաթը: Առաջիկայում կնշանակվի տեղում գործողությունները ղեկավարող առաքելության ղեկավար։

«Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլի մեկնարկ է։ ԵՄ-ն կշարունակի աջակցել դեէսկալացիայի ջանքերին և պարտավորվել է սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը։

Ի պատասխան Հայաստանի դիմումի՝ ԵՄ առաքելությունը կանոնավոր պարեկություն կիրականացնի և կզեկուցի իրավիճակի մասին, ինչը կամրապնդի ԵՄ-ի ըմբռնումը տեղում իրավիճակի վերաբերյալ։ Առաքելությունը նաև կնպաստի միջնորդական ջանքերին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացի շրջանակներում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել