Արցախում գործունեություն ծավալող յուրաքանչյուր բանկ մյուս բանկերի քարտերն սպասարկելու է առանց միջնորդավճար գանձելու
11:18 - 24 հունվարի, 2023

Արցախում գործունեություն ծավալող յուրաքանչյուր բանկ մյուս բանկերի քարտերն սպասարկելու է առանց միջնորդավճար գանձելու

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ այսուհետև Արցախի Հանրապետությունում գործունեություն ծավալող յուրաքանչյուր բանկ Արցախում գործող մյուս բանկերի քարտերն սպասարկելու է առանց միջնորդավճար գանձելու, իսկ դրա՝ տեխնիկապես անհնարինության դեպքում՝ գանձված միջնորդավճարը քարտապանին կվերադարձվի գործարքի հաջորդ օրը:

Արձագանքելով բնակչության կողմից բարձրացված խնդրին և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի Օպերատիվ շտաբը հարցը քննարկել էր ՀՀ կենտրոնական բանկի հետ, որից հետո Արցախում գործող բոլոր բանկերին առաջարկվել էր վերոնշյալ կարգավորումը:

Բոլոր բանկերն իրենց համաձայնությունն են տվել և պատրաստակամություն են հայտնել ապահովել ընթացակարգի իրականացումը:

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ 

ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։

12 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 11 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 46 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Էլեկտրամատակարարումը հովհարային անջատումների վեցժամյա գրաֆիկով է, գազամատակարարումը ամբողջությամբ արգելափակված է։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։

Արցախը շրջափակման մեջ է։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել