Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումն ու արցախցիների համար հումանիտար ճգնաժամի ստեղծումը ցեղասպանական ակտ է. Կիպրոսի ներկայացուցիչ |armenpress.am|
09:43 - 27 հունվարի, 2023

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումն ու արցախցիների համար հումանիտար ճգնաժամի ստեղծումը ցեղասպանական ակտ է. Կիպրոսի ներկայացուցիչ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Կիպրոսի պատվիրակ Կոնստանտինոս Էֆստաթիուն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումն ու արցախցիների համար հումանիտար ճգնաժամի ստեղծումը համարեց ցեղասպանական ակտ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել միջանցքի շրջափակումը:

ԵԽԽՎ-ում իր ելույթում Կիպրոսի պատվիրակը բարձրաձայնեց Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով հումանիտար լուրջ ճգնաժամի մասին:

«Լեռնային Ղարաբաղ մուտքն ու մատակարարումները պետք է անվերապահորեն վերականգնվեն, և Ադրբեջանը պետք է հարգի եռակողմ համաձայնությունն ու երաշխավորի մարդկանց անվտանգությունը, ապրանքների տեղափոխումը Լաչինի միջանցով: Շրջափակման հետևանքով հազարավոր մարդիկ, այդ թվում երեխաներ, անկարող են վերադառնալ իրենց տներ: Այս տագնապալի իրավիճակը սպառնում է փխրուն խաղաղ գործընթացին և կարող է հանգեցնել բռնության վերսկսման»,-ասաց նա:

Կիպրոսի պատվիրակը նկատեց, որ դա աղետալի ազդեցություն կունենա ոչ միայն հայերի և ադրբեջանցիների, այլ նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա:

«Որպես Եվրոպայի խորհրդի անդամ` մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անխափան կերպով բացել Լաչինի միջանցքը, զերծ մնալ լարվածության բերող գործողություններից»-ասաց նա: Ապա Էֆստաթիուն շարունակեց. «Զոհել միայն այն պատճառով, որ հա՞յ են, թե՞ քրիստոնյա են»:

Նա ընդգծեց, որ մարդկանց սովամահ անելը, առանց էլեկտրաէներգիայի, դեղորայքի թողնելը ցեղասպանական ակտ է: Ցեղասպանության տարրերից մեկը կյանքի այնպիսի ծանր պայմանների ստեղծումն է, որն ուղղված է մարդկանց խմբի ֆիզիկականց ոչնչացմանը:

«Ցեղասպանության վճռորոշ պահ է, եկեք չզոհենք մարդկանց` քաղաքական պայմանների կամ ազգային շահերից ելնելով: Այս աշխարհում յուրաքանչյուր մարդ արժանի է ապրել արժանապատիվ և իրավունքների լիարժեք հարգման պայմաններում: Ուղերձը պետք է լինի հստակ՝ դադարեցրեք Լաչինի միջանցքի շրջափակումը»,-եզրափակեց Կիպրոսի պատվիրակը:

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ 

ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։

12 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 11 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 46 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ Գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։

Արցախը շրջափակման մեջ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել