Աղոթք բարձրացրինք առ Աստված, որ Տերը խաղաղ ու անվտանգ պահի մեր երկիրը. Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» |armenpress.am|
13:20 - 28 հունվարի, 2023

Աղոթք բարձրացրինք առ Աստված, որ Տերը խաղաղ ու անվտանգ պահի մեր երկիրը. Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» |armenpress.am|

armenpress.am: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի համար կյանքը տված նահատակների հիշատակին:

«Այսօր Հայոց բանակի նվիրական օրվա կապակցությամբ մենք մեր ուղերձն ենք հղել մեր ժողովրդին, Հայոց բանակի մեր սպասավորներին, զորավարներին, զինվորներին և մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղել: Քիչ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեր միաբանության հետ մենք աղոթք բարձրացրեցինք առ Աստված՝ հայցով, որ Տերը խաղաղ, ապահով, անվտանգ պահի մեր երկիրը և մեր ժողովրդին և զորացնի Հայոց բանակը, որպեսզի կարողանանք խաղաղության մեջ ապահով կյանք պարգևել մեր զավակներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում:

Մեր աղոթքներում մասնավոր անդրադարձ կատարեցինք Արցախի մեր զավակների համար, որ Տերը նրանց ոգին ամուր պահի, հավատքը՝ զորեղ, կամքը՝ զորեղ, որ կարողանան բոլոր դժվարություններն ու փորձությունները հաղթահարել և միասնաբար մեր ազգի աշխարհասփյուռ զավակների հետ իրականության առաջնորդել իրենց ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Տերը թող օգնական ու պահապան լինի մեր ժողովրդին, մեր զավակներին:

Այս պահին մենք եկել ենք «Եռաբլուր» մեր խոնարհումը բերելու մեր նահատակված զինվորների հիշատակի առջև և նրանց հոգիների հանգստության համար՝ նրանց ծնողաց ու հարազատների հոգիների մխիթարության համար մեր աղոթքն առ Աստված բարձրացնելով: Թող Տերը նման ողբերգություններից, նման կորուստներից ու ցավերից զերծ պահի մեր ժողովրդին և մեր երկիրը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել