Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղել
21:02 - 29 հունվարի, 2023

Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղել

Երուսաղեմում փորձել են բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել խաչակիր և ՀՀ դրոշները, ինչպես նաև երկու հարձակում են կատարել հայերի վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչեանը։

«Հունվարի 28-ի ուշ երեկոյեան երկու հրեա ծայրայեղականներ Հայոց Պատրիարքարանի փողոցով «Լացի պատ» գնալիս Հայոց Վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթևեկությանը, ապա դուրս գալով ճանապարհից՝ հարվածել են աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային: Հայ երիտասարդները, մեքենայից իջնելով, քաղաքավարի խոսել և հարցրել են. «Ինչո՞ւ եք հարվածում մեքենային, սա մեր թաղամասն է, մենք աշխատանքից տուն ենք վերադառնում: Մենք հարգում ենք հրեաներին, ինչո՞ւ եք էսպիսի բաներ անում, մենք ձեզ ի՞նչ ենք արել»:

Հրեա ծայրայեղականներից մէկը սկսել է բղավել. «Դուք այստեղ թաղամաս չունեք: Սա մե՛ր երկիրն է, գնացեք մեր երկրից»:

Եվ երբ հայ երիտասարդները ասել են. «Սա նաև մե՛ր երկիրն է, մեր տունը այստե՛ղ է, մենք այստե՛ղ ենք ծնվել, ուրիշ տեղ չունենք գնալու», մյուս ծայրայեղականը արցունքաբեր գազ է փչել հայ երիտասարդի աչքերին և երկուսով փախուստի են դիմել: Հայ երիտասարդները փորձել են հետապնդել վերջիններիս, որպեսզի ոստիկաններին հանձնեն, սակայն արցունքաբեր գազի ազդեցությունը թոյլ չի տվել և հայ երիտասարդին ընկերը տեղափոխել է հիվանդանոց:

Հիվանդանոցից վերադառնալուց հետո հայ երիտասարդները բողոք են ներկայացրել ոստիկանություն: Ոստիկանները հայնտաբերել են երկու հրեա ծայրայեղականներին և ձերբակալել նրանց: Նրանցից մեկին լուսաբացին ազատ են արձակել, իսկ արցունքաբեր գազ փչողը դեռ ձերբակալված է:

Այս դէպքից մեկ ժամ անց հրեա ծայրայեղականների մի ուրիշ խումբ «Լացի պատ» գնալիս, անցնելով Պատրիարքարանի փողոցով՝ փորձել են մագլցելով բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել պատրիարքարանի խաչակիր և Հայաստանի Հանրապետութեան դրոշները: Այդ պահին վանքի դիմաց կանգնած հայ երիտասարդները, նկատելով այդ, մոտեցել և արգելել են հրեա ծայրայեղականների գործողությունները, վերջիններս փախել են և շուտով վերադարձել ավելի փոքր խմբով, այս անգամ դիմակավորված:

Դիմակավոր ծայրայեղականները նորից փորձել են կռիվ հրահրել, հայ երիտասարդների ուղղությամբ օդում արցունքաբեր գազ են փչել, հայհոյել հայերին և փախել ոստիկանութեան ուղղութեամբ: Հայ երիտասարդները հետապնդել են նրանց, և երբ վերջիններս տեսել են, որ հայերը հետապնդում են իրենց, բղավել են. «Տեռորիստական հարձակո՜ւմ, տեռորիստական հարձակո՜ւմ»:

Ոստիկանները, կարծելով, որ հրեա ծայրայեղականների բղավոցները ճիշտ են, փակել են հայ երիտասարդների ճանապարհը՝ զենքերը պահելով նրանց վրայ, ծեծի են ենթարկել մի քանիսին, և նրանցից Գևորգ Քահկէճեանին ձերբակալելով՝ տարել են ոստիկանություն այն մեղադրանքով, թե վերջինս հարձակվել է ոստիկանի վրա, որը իրականության հետ աղերս չունի:

Գէորգ Քահկէճեանին մի գիշեր պահել են ոստիկանությունում, հաջորդ օրը՝ հունվարի 29-ին՝ կեսօրից հետո, Նորին Ամենապատուութիւն Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկեան Պատրիարք Սրբազան Հոր անմիջական միջամտությամբ և դատարանի որոշմամբ Գէորգ Քահկէճեանը ազատ է արձակվել և ստացել է 20-օրյա տնային կալանք: Եվ քանի որ Գէորգ Քահկէճեանը ունի մարմնական վնասվածքներ, վանքի փաստաբանի միջնորդությամբ ոստիկանությունը թույլ է տվել, որ վերջինս բժշկական հետազոտություն անցնի»,- գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել