Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել Նժդեհ Գարագավորյանը
13:26 - 30 հունվարի, 2023

Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել Նժդեհ Գարագավորյանը

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը հայտնում է, որ առանց որևէ պատճառաբանության Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանը:

«ՀՀ հանցավոր իշխանությունների հակադաշնակցական պայքարը շարունակում է թիրախավորել ՀՅԴ երիտասարդությանը:

Առանց որևէ պատճառաբանության` այս անգամ Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ ընկեր Նժդեհ Գարագավորյանը:

Այս գործելաոճը ևս մեկ անգամ փաստում է ՀՀ ներկա իշխանությունների հակահայ դիրքավորումը, որը ջանում է բոլոր հնարավոր միջոցներով և մակարդակներով կասեցնել և խոչընդոտել ՀՅԴ երիտասարդական համաշխարհային կառույցի աշխատանքը: ՀՅԴ երիտասարդականի անդամները սովորաբար հայրենիք են ժամանում հայրենանվեր կամավորական ծրագրեր և աշխատանքներ իրականացնելու համար: 

Այս անգամ ընկեր Նժդեհը պետք է ժամաներ հայրենիք` փետրավարի 6-10 Սյունիքում տեղի ունենալիք ՀՅԴ Երիտասարդական համաշխարհային համագումարին մասնակցելու, որտեղ աշխարհի չորս կողմից պետք է համախմբվեն ՀՅԴ երիտասարդական միավորների ներկայացուցիչները` միասնաբար ծրագրելու ՀՅԴ երիտասարդության առաջիկա գործունեությունն ու անելիքները:

Այս պարագայում նկատելի է Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունների վտանգավոր նույնականությունը: Ադրբեջանը շրջափակում է Արցախը` հոգեբանական ճնշում բանեցնելով արցահայության վրա  և արգելելով ողջ հայության մուտքը իր պատմական հայրենիք` Արցախ: Իսկ Հայաստանը շարունակելով գործի դնել թշնամու շրջափակման քաղաքականության տրամաբանությունը` արգելում է հայրենասեր և նվիրյալ երիտասարդության մուտքը մայր Հայաստան:

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Հայաստանի համար անցանկալի անձ ճանաչվեցին ՀՅԴ ղեկավարներ և ՀՅԴ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը, կրկին առանց որևէ բացատրության:

Եթե նույնիսկ ՀՀ իշխանությունները հարյուրապատկեն իրենց հալածանքների, բռնաճնշումների և ապօրինի գործողությունների ուժգնությունը, ապա այն ի պատասխան բախվելու է դաշնակցական երիտասարդության համոզումների և ընթացքի հազարապատիկ ամգամների ամրացմանն ու կարծրացմանը։  ՀՅԴ երիտասարդությունը անշեղորեն մնում է հավատարիմ իր սկզբունքներին և հանձնառությանը` հակառակ այս վարչակազմի բոլոր ստոր փորձերի: Շատերն են փորձել հայրենիքը մեր էությունից անջատել, սակայն ոչ ոք չի հաջողել»,- նշվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել