Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր. դիտարկվում են Մյասնիկյան և Գայի պողոտաները
14:36 - 30 հունվարի, 2023

Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր. դիտարկվում են Մյասնիկյան և Գայի պողոտաները

Երևանի և Թեհրանի միջև հաստատված գործակցության շրջանակում կյանքի կկոչվեն նոր ծրագրեր: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ամփոփելով այցի արդյունքները՝ քաղաքապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ հաշվի առնելով ԻԻՀ մայրաքաղաքի փորձը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ տանել Երևանի մետրոպոլիտենի զարգացման ուղղությամբ: 

Հարկ է նշել, որ Թեհրանի մետրոպոլիտենն այսօր ունի 250 կմ ցանց, 143 գործող կանգառ և մեկ օրում տեղափոխում է շուրջ 2 մլն ուղևոր: Մշակութային ոլորտում ևս երկու մայրաքաղաքները մի շարք ծրագրեր են դիտարկում: 

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են՝

  • Տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր, որպես նախագծի մեկնարկ դիտարկվում են Մյասնիկյան և Գայի պողոտաները:
  • Նոր ավտոբուսներով հասարակական տրանսպորտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կանգառների սահմանները կմեծացվեն, այս կերպ հնարավոր կլինի նաև խուսափել խցանումներից: Հանձնարարվել է սկսել կանգառների գույքագրման գործընթացը:
  • Տրոլեյբուսների և համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունն ապահովելու համար կտեղադրվի շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայան: Զեկուցվել է, որ կայանը մի քանի օրից կլինի Երևանում:
  • Քաղաքապետարանի մասնաշենքերի տանիքներին ավարտվել են արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքները: Ծրագիրը հնարավորություն կտա շուրջ 30 տոկոսով նվազեցնել էներգածախսը: Տնտեսված միջոցները համայնքը կուղղի բնակիչների բարձրացրած խնդիրների լուծմանը: 
  • Համայնքը նախատեսում է սկսել կիսակենսունակ և ոչ արժեքավոր ծառերի փոխարինման գործընթաց: Խնդրին մասնագիտորեն հիմնավորված մոտեցում ցուցաբերելու նպատակով ոլորտի գիտնականների մասնակցությամբ կհրավիրվի գիտաժողով, համատեղ կմշակվի գործողությունների ծրագիր: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել