news.am: Իրանական կողմն անպատասխան չի թողնի Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի դեմ գրոհը, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մահմուդ Աբասզադե Մեշքինին։
«Գրոհը Սպահանում անպատասխան չի մնա»,- ասել է Մեշքինին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կհետեւի Իրանի պատասխանը Պոդոլյակի հայտարարությանը, որտեղ ակնարկ կար Սպահանում դրոնների գրոհին Կիեւի հնարավոր մասնակցության մասին։
Նրա խոսքով՝ Ուկրաինան այժմ բացահայտ հարձակումներ չի կատարում Իրանի դեմ, քանի որ գիտի, թե ինչ պատասխան կստանա Թեհրանից։
«Նրանք շատ են վախենում։ Որովհետեւ մենք ոչ մեկի հետ կատակ չենք անում։ Մեր կարծիքով՝ ոչ մի անսպասելի բան նրանք չեն ասել։ Մեզ համար անսպասելի չէր, որ ուկրաինական իշխանությունը նման դիրքորոշում ունի, որովհետեւ պարզապես պետք է զբաղեցնի Արեւմուտքի հեգեմոնիային հարիր դիրքորոշում»,- ընդգծել է իրանցի պաշտոնյան։
Իրանցի պաշտոնյան եզրափակել է՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ դիրքորոշում կարող է զբաղեցնել Թեհրանը Ուկրաինայի հետ հնարավոր կոնֆլիկտի դեպքում։ Նա ասել է, որ «Արեւմուտքի գերիշխանության դարաշրջանն ավարտվել է», ուստի Իրանը «հաստատ չի կանգնի» նրա կողքին։
Հունվարի 28-ի երեկոյան Իսպահանում տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դա անօդաչուների «անհաջող գրոհ» էր։ Իրանական ԶԼՄ-ները գրել են առնվազն հինգ նահանգներում պայթյունների մասին։
Մամուլում տարածվել են չհաստատված տեղեկությունները, որ պայթյունների հետեւում Իսրայելն է կանգնած։ Նման եզրակացությունները հիմնվում են Նեթանյահուի արած հայտարարության վրա։
comment.count (0)