ՀՀ վարչական դատարանում երեկ շարունակվեց «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ–ի միջնորդության քննությունը, որով վերջինս պահանջում է վերացնել «Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ–ի տարածքում շինարարությունը կասեցնելու մասին նույն դատարանի որոշումը։
Հիշեցնենք՝ Երեւանի քաղաքապետարանը նախորդ տարվա հոկտեմբեր ամսին «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ին թույլատրել է «Աբուհայաթ» պատմական ջրանցքի մի մասը տեղափոխել ՊՈԱԿ–ի տարածք, քանի որ այն անցնում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի տարածքով, որը ՓԲԸ-ն նախատեսում է կառուցել։ ՊՈԱԿ–ի աշխատակիցները, սակայն, դեմ լինելով Քաղաքապետարանի այդ որոշմանը, այն բողոքարկել են Վարչական դատարանում։ Նախքան բուն բողոքի քննությունը վերջիններս նաեւ միջնորդել են կասեցնել շինթույլտվության որոշումը, ինչը բավարարվել է, եւ շինարարական աշխատանքները անժամկետ դադարեցվել են։ Այժմ կառուցապատող ընկերությունն իր հերթին միջնորդել է վերացնել շինթույլտվությունը կասեցնելու այդ որոշումը։
Նախորդ դատական նիստին կառուցապատող ընկերության շահերի ներկայացուցիչ, փաստաբան Մարիամ Ղուլյանը, մանրամասնելով միջնորդությունը, պնդեց, որ ՊՈԱԿ–ը չի ներկայացրել որեւէ ապացույց, որը կհիմնավորեր շինարարությամբ իրենց պատճառված կամ պատճառվելիք վնասը։
ՊՈԱԿ–ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Նաղդալյանը, սակայն, հակադարձեց՝ նշելով, որ շինարարական աշխատանքների հետագա իրականացումը կվտանգի ՊՈԱԿ–ի գործունեությունը։ Նա նաեւ միջնորդեց, որ ՊՈԱԿ–ի երեք աշխատակիցներ՝ գիտությունների գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը, սարքավորումների մասնագետ Ալեքսան Շախաթունին եւ կենսաբան Հրաչ Գասպարյանը, ներգրավվեն գործով որպես ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ, որպեսզի մասնագիտորեն կարողանան հիմնավորել շինաշխատանքների իրականացման վտանգավորությունը։
Լուսանկարում՝ ՕԴՔԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցները
Ռոբերտ Հակոբյանի կարծիքով՝ շինարարությունը անհամատեղելի է ՊՈԱԿ-ի գործունեության հետ
Երեկվա դատական նիստին դատարանը որպես ներկայացուցիչ ներգրավեց հիշյալ երեք անձանց, որից հետո լսեց նրանց մասնագիտական դիտարկումները։
Ըստ այդմ, ՊՈԱԿ-ի աշխատակից Ռոբերտ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ շինարարությունը խախտում է անհամատեղելիության սկզբունքը․ «Շինարարության մոտիկությունը, վիճակը, պայմանները անհամատեղելի են մեր գործունեության հետ՝ սկսած փոշուց, աղմուկից, վերջացրած նրանով, որ հետագայում վտանգների է հանգեցնելու, այդ շինթույլտվությունը տրամադրված է, որպեսզի եւս մեկ խոչընդոտ վերացվի, եւ բաղձալի շենքը, որ ուզում են նախկին ջրավազանի տեղը կառուցել, կառուցեն»։
Նախագահող դատավոր Արգիշտի Ղազարյանը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հասկանում, որ իրենց դժգոհության շահագրգիռ հատվածը այդ շենքի կառուցումն է, ոչ թե ջրավազանի տեղափոխման շինթույլտվությունը, ինչին ի պատասխան՝ Հակոբյանն ասաց․ «Ոչ միայն, այս շինթույլտվությունը փոքրիկ օրինակ է նրա, թե որքան անհամատեղելի է շինարարությունը մեր գործունեության հետ, այն վտանգում է թե՛ ՊՈԱԿ-ում գտնվող բացառիկ սարք-սարքավորումները, թե՛ գիտնականների անխախտ աշխատանքը»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ-ում մնացել է բացառապես իրենց կենտրոնը, որը կարող է վաղվա օրվա համար նորմալ քիմիկներ ապահովել։
Հրաչիկ Գասպարյանի խոսքով՝ իրենց հետազոտություններին կարող է խանգարել շինարարական ցանկացած տատանում
Կենսաբանական լաբորատորիայի ղեկավար Հրաչիկ Գասպարյանը կարեւորեց այն հանգամանքը, որ իրենց լաբորատորիայում իրականացվում են կենսաբանական բարդ եւ նուրբ փորձեր, որոնց խանգարում է եւ կարող է խանգարել շինարարական ցանկացած տատանում։ «Այսինքն՝ եթե տատանում չլինի, չի՞ խանգարի»,- հետաքրքրվեց դատավորը․ «Այսքան ժամանակ չի եղել, աշխատել ենք, բայց ցանկացած ազդակ՝ տատանում, պայթյուն, միջամտություն, չպետք է ազդեցություն ունենա հետազոտությունների վրա»,- պատասխանեց Գասպարյանը։
Նրա խոսքով՝ իրենք իրականացնում են հետազոտություններ նեյրոնների՝ նյարդաբջիջների վրա, ինչպես նաեւ՝ հոգեմետ նոր միացությունների փորձարկումներ կենդանիների վրա, որոնց փոքր շեղումը կարող է առաջացնել մեծ սխալներ։ Գասպարյանը նաեւ ընդգծեց, որ իրենք պայքարի միջոցներ են ստեղծում այնպիսի հիվանդությունների դեմ, որոնցից է, օրինակ, լյարդի ցեռոզը, այրվածքային հիվանդությունը եւ այլն․ «Ես զարմանում եմ՝ էդ թույլտվություն տվողը ի՞նչ ձեւով է մտածել, գոնե եկել, տեսել է, քիմիական կորպուսնեի մեջտեղում կարելի՞ է բնակելի շենք սարքե՞լ, երբ ամեն տեսակ գազեր կարող են բաց թողնվել»։
Ալեքսանդր Շախաթունու կարծիքով՝ փորումների ժամանակ ինքը սարքավորումների վրա լրացուցիչ ազդանշաններ է նկատել
Միջուկային մագնիսական ռեզոնանսի լաբարատորիայի աշխատակից Ալեքսանդր Շախաթունու գնահատմամբ էլ՝ իրենց լաբարատորիան ՀՀ-ի պարծանքներից մեկն է, որին ՀՀ կառավարությունը տարբեր տարիներին նվիրել է 650 հզ եվրո եւ 1 մլն դոլար արժողությամբ սարքեր, եւ այժմ իր համար անհասկանալի է, թե ինչու է Կառավարությունը մի ձեռքով դա անում, մյուսով՝ այնպես անում, որ դրանք վնասվեն կամ առնվազն նույն արդյունավետությունը չունենան։
Շախաթունին ընդգծեց՝ այդ սարքավորումները աշխատում են ոչ միայն հայաստանյան կազմակերպությունների, այլ նաեւ միջազգային կազմակերպությունների հետ։
Շախաթունու կարծիքով՝ այդ սարքավորումները տեղափոխելն անհնար է թե՛ ֆիզիկապես, թե՛ ֆինանսապես․ «Միջուկային մագնիսական ռեզոնանսի սարքը, օրինակ, պարունակում է հեղուկ հելիում, եւ այն տեղափոխելը մոտավորապես 50 հզ դոլար արժե, որովհետեւ պետք է սարքը անջատենք, հեղուկ ազոտը գոլորշիացնենք, ինչը կտեւի որոշ ժամանակ, պետք է նաեւ կանչենք արտասահմանից մասնագետ, քանի որ մենք չենք կարող դա անել, եւ բացառված էլ չէ, որ այդ գործողությունը կատարելուց հետո սարքը չի կարողանա նույն ճշտությամբ աշխատել»,- ասաց նա՝ հայտնելով, որ փորումների ժամանակ ինքը զգում էր, որ սարքավորումների վրա լրացուցիչ ազդանշաններ էին առաջանում։
Դրանից բացի, տատանումները, ըստ Շախաթունու, կարող են բացասաբար ազդել կշեռքների վրա, որոնք միկրոգրամների ճշտությամբ են չափումներ անում, կարող է, օրինակ, փոշին լցվել սարքի առանձին հատվածների մեջ, եւ այն նորմալ չաշխատի։
Ալեքսանդր Շախաթունին համոզմունք հայտնեց, որ իրենց ՊՈԱԿ-ը կառուցվել է այնպես, որ հնարավորինս հեռացված լինի փողոցից եւ աղմուկից։
Կառուցապատող ընկերության ներկայացուցչի պնդմամբ՝ փորման աշխատանքների մեծ մասը կատարված է
ՊՈԱԿ-ի աշխատակիցների ելույթներից հետո առարկությամբ հանդես եկավ կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Մարիամ Ղուլյանը՝ ընդգծելով, որ նրանց խոսքում կարմիր թելով անցնում էր շենքի շինարարության փաստը, այսինքն՝ հիմնական դժգոհությունը այդ կապակցությամբ է․ «Սակայն մենք այս պահին նման հայցի առարկա չունենք, չենք քննարկում շենքի կառուցման թույլվության հարցը, ընդամենը խոսում ենք ոռոգման համակարգի վերակառուցման մասին, որի առումով փորման աշխատանքները մեծամասամբ կատարված են, լուսանկարները պարզ ցույց են տալիս, որ շատ փոքր հատված է մնացել, եւ մենք նախորդ անգամ էլ նշեցինք, որ պատրաստ ենք դա կատարել ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին»։
Ղուլյանը ընդգծեց նաեւ, որ ՊՈԱԿ-ի տարածքում գտնվում է ձկան ռեստորան, Քննչական կոմիտեի շենքը եւ մի բնակելի շենք, որ ընդամենը երեք տարի առաջ է կառուցվել․ «Ուստի իրականությանը չի համապատասխանում այն, թե այդ տարածքում բնակելի շենքեր չկան, եւ այդ միտքը զուտ իրավիճակը ուռճացնելու համար է, հակառակ դեպքում այս ինստիտուտը պետք է գործեր Երեւանից դուրս՝ ամայի հատվածում, որպեսզի որեւէ մեկը չխանգարեր»,- ասաց փաստաբանը՝ պնդելով, որ իրենք ամենեւին կասկածի տակ չեն դնում ՊՈԱԿ-ի գործունեության կարեւորությունը։
ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը լրացուցիչ ապացույց ներկայացրեց դատարանին
ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանը լրացուցիչ ապացույց ներկայացրեց դատարանին, որում առկա տեսագրությունը, ըստ նրա, փաստում է, որ շուրջ 60 մետր եւ ավելի հատված դեռ պետք է փորվի, իսկ փորված 50 մետրն էլ ոչ ամբողջական է, որոշ հատվածներ պետք է խորացվեն։
Նա նաեւ միջնորդեց ընկերության մի շարք աշխատակիցների որպես երրորդ անձ ներգրավել՝ պնդելով, որ կայացվելիք դատական ակտը անմիջականորեն առնչվում է նրանց աշխատանքային իրավունքներին եւ շահերին, հնարավոր է նաեւ՝ վարչական ակտի ոչ իրավաչափ ճանաչվելու պարագայում վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման հարց առաջանա․ «Շինաշխատանքների արդյունքում վտանգված է տվյալ աշխատակիցների առողջությունը եւ կյանքը, աշխատանքային պատշաճ պայմաններ ապահովված չեն եղել շինարարության ընթացքում, մեծամասնությունը պարապուրդի է մատնված եղել»,- ասաց նա։
Նախագահող դատավոր Արգիշտի Ղազարյանը մերժեց միջնորդությունը՝ հիմնավորմամբ, որ չեն պատճառաբանվել այն ուղղակի ազդեցությունները, որոնք դատական ակտով որպես իրավունքի խախտում կարող են առնչվել այդ անձանց իրավունքներին։
Դատարանը նաեւ առանց քննության թողեց Նաղդալյանի միջնորդությունը՝ գործով վկաներ հրավիրելու եւ հարցաքննելու վերաբերյալ։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)