ԱՄՆ-ն Կովկասյան բանակցությունների հարցերով նոր ավագ խորհրդական է նշանակել |armenpress.am|
09:27 - 02 փետրվարի, 2023

ԱՄՆ-ն Կովկասյան բանակցությունների հարցերով նոր ավագ խորհրդական է նշանակել |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականի պաշտոնում է նշանակել Լուիս Լ. Բոնոյին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Պարոն Բոնոն կաշխատի տարածաշրջանի ղեկավարների հետ՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և անդրադառնալու Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող բռնազավթմանը», - գրել է Բլինքենը:

Հայտարարությունում  նշվում է, որ Լուիս Լ. Բոնոն աշխատել է Վիեննայում որպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում և ՄԱԿ-ի գրասենյակներում ԱՄՆ-ի գործող ներկայացուցիչ և Սուրբ Աթոռում որպես գործերի ժամանակավոր հավատարմատար: Նա նաև աշխատել է որպես Բասրայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն, աշխատել է Ազգային անվտանգության խորհրդում, ինչպես նաև պետքարտուղարի տեղակալի և պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով տեղակալի խորհրդականի պաշտոնում: Նա թոշակի է անցել բանակի ռեզերվից, որտեղ նա հրահանգիչ էր Ուեսթ Փոյնթում և Բանակի պատերազմի քոլեջում:

Հայտարարությունում նաև նշվում է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել համապարփակ խաղաղության համաձայնագրի շուրջ, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորումը:

«Պարոն Բոնոն կներգրավվի երկկողմանիորեն, համախոհ գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության հետ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելու համար։ Նրա նշանակումը նաև վերահաստատում է այն կարևորությունը, որը Միացյալ Նահանգները տալիս է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Վրաստանի վերաբերյալ Ժնևի միջազգային քննարկումների դերին, որը միակ միջազգային ձևաչափն է, որը վերաբերում է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի 20 տոկոսի շարունակական բռնազավթմանը», - եզրափակել է Բլինքենը:

Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականի պաշտոնում Լուիս Լ. Բոնոն փոխարինել է Ֆիլիպ Ռիքերին, որը նաև զբաղեցնում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել