«Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունը երկու օր առաջ հրապարակեց կոռուպցիայի ընկալման համաթվի կամ ինդեքսի (ԿԸՀ) 2022-ի արդյունքները։ Նախորդ տարվա հետ համեմատած՝ Հայաստանի ԿԸՀ արժեքը նվազել է՝ 49 միավորից դառնալով 46։
Երեկ news.am-ի լրագրողը հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանից, թե ինչով է պայմանավորված համաթվի նման հետընթացը։ Աղազարյանն էլ պատասխանեց․ «Դե, գիտեք ինչ կա, երբ որ գնահատականները տալիս են, հո չե՞ն վերցնում առանձին պետություն և իր գնահատականները տալիս են էդ բնագավառում։ Գնահատականները տալիս են բոլոր պետությունների համար։ Հիմա, միգուցե որոշ պետություններ լավ ցուցանիշներ են ապահովել, դրա համար իրենք առաջ են անցել, ոչ թե մենք հետ ենք ընկել։ Միգուցե դա այդպես է»։
Աղազարյանը, սակայն, մանիպուլյատիվ է ներկայացնում կոռուպցիայի ընկալման համաթիվը հաշվարկելու մեթոդաբանությունը։
Ի՞նչ է կոռուպցիայի ընկալման համաթիվը
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունը նշում է, որ ԿԸՀ-ն երկրների ամենաշատ կիրառվող համաշխարհային վարկանիշն է կոռուպցիայի ոլորտում։ Այն գնահատում է պետական հատվածում կոռուպցիայի ընկալման մակարդակը՝ հիմնվելով փորձագետների և ձեռնարկատերերի կարծիքների վրա։
Յուրաքանչյուր երկրին տրվող գնահատականը հիմնված է կոռուպցիայի վերաբերյալ 13 հետազոտություններից և ուսումնասիրություններից ստացված տվյալների առնվազն 3 աղբյուրների վրա: Այս տվյալները հավաքում են մի շարք հեղինակավոր կազմակերպություններ, այդ թվում՝ Համաշխարհային բանկը և Համաշխարհային տնտեսական ֆորումը:
Որևէ երկրին տրված միավորը արտացոլում է պետական հատվածում կոռուպցիայի ընկալման մակարդակը։ Գնահատումն իրականացվում է 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն նշանակում է, որ կոռուպցիայի ընկալման մակարդակը շատ բարձր է, իսկ 100-ը՝ շատ ցածր։
Պետությունները նաև դիրքավորվում են «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ներկայացրած սանդղակում։ Ավելի շատ միավորներ ստացած պետությունները, բնականաբար, ավելի բարձր հորիզոնականներում են։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը նշում է, որ սանդղակում որևէ պետության դիրքը կարող է փոխվել այլ պետությունների նկատմամբ նաև այն պատճառով, որ ցանկում ընդգրկված պետությունների թիվը փոխվել է։ Հայաստանն, օրինակ, այս տարի 63-րդ հորիզոնականում է, անցած տարի՝ 58-րդ-ում էր։
«Այսպիսով, երկրում կոռուպցիայի մակարդակը գնահատելու տեսանկյունից պետության դիրքն այնքան կարևոր չէ, որքան միավորների քանակը»,- շեշտում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը։
Նշենք, որ լրագրողի հարցը վերաբերում էր ոչ թե Հայաստանի դիրքին, այլ կոռուպցիայի ընկալման համաթվին կամ, ավելի պարզ ասած, կոռուպցիայի ընկալման մակարդակի համար ստացած միավորին, որն այս տարի 46 է, նախորդ տարի 49 էր։ Հովիկ Աղազարյանի պնդումը ճիշտ կլիներ, եթե խոսքը վերաբերեր Հայաստանի դիրքին, բայց ստացած միավորների առումով մեր երկիրն այս տարի իրոք հետընթաց է գրանցել, և այդ հետընթացը ոչ մի կապ չունի այլ պետությունների ստացած միավորների հետ։
Երկու օր առաջ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան»-ը նաև ներկայացրել էր Հայաստանի ստացած միավորները վերջին 10 տարիներին։ 2019-ից մեր միավորները սկսել էին բարձրանալ՝ 35-ից հասնելով 49-ի, իսկ այս տարի, փաստորեն, նվազել են։
Աղբյուրը՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան»
Այսպիսով, Հովիկ Աղազարյանը մանիպուլյատիվ է ներկայացնում կոռուպցիայի ընկալման համաթվի մեթոդաբանությունը, և Հայաստանն այս առումով իսկապես հետընթաց է գրանցել։
Աննա Սահակյան
comment.count (0)