Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում ու Սիրիայում. կան զոհեր, վիրավորներ ու ավերածություններ |news.am|
09:35 - 06 փետրվարի, 2023

Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում ու Սիրիայում. կան զոհեր, վիրավորներ ու ավերածություններ |news.am|

news.am: Թուրքիայում՝ Սիրիայի սահմանից ոչ հեռու, գիշերը հզոր երկրաշարժ է եղել: Զոհերի թվի մասին հստակ տվյալներ չկան. հաղորդվում է մինչև անգամ 50 զոհի մասին:

7.8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04։17-ին, Գազիանթեփ քաղաքի մերձակայքում: Մի քանի շենք է փլվել. փլատակների տակ ենթադրաբար կարող են մարդիկ մնացած լինել:

«Քահրամանմարաշ-Պազարչիկ կենտրոնում 7,4 մագնիտուդով երկրաշարժը, որը տեղի է ունեցել 04։17-ին (Երևանի ժամանակով 05։17), ինտենսիվորեն զգացվել է մերձակա նահանգներում, հատկապես Հաթայում, Ադանայում, Օսմանիեում, Դիարբեքիրում, Մալաթիայում և Շանլըուրֆայում»,- ասված է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության հայտարարության մեջ:

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով ՝ երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով 01։17-ին (Երևանի ժամանակով 05։17-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գազիանթեփից 27 կմ հեռավորության վրա, որի բնակչությունը գերազանցում է մեկ միլիոնը: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Շանլըուրֆա քաղաքում, տեղի քաղաքապետի խոսքով, փլուզվել է 16 շենք, զոհվել է 15 մարդ։ Օսմանիե նահանգում, նախնական տվյալներով, փլուզվել է 34 շենք, զոհվել է 5 մարդ, իսկ Մալաթիայում ՝ 130 շենք, հայտնաբերվել են երեք զոհերի մարմիններ:

Փլուզումներ են տեղի ունեցել նաև Քահրամանմարաշում, Ադըյամանում, Դիարբեքիրում և Մալաթիայում, հաղորդում է NTV հեռուստաալիքը:

Ուժեղ ավերածություններ են նկատվում նաև հարևան Սիրիայում։ Ինչպես հաղորդում է «Սուրիա» պետական հեռուստաալիքը, երկրի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի որոշ շրջաններում բազմաթիվ շենքեր են փլուզվել: Սիրիական «Ալ Վաթան» թերթը հայտնել է, որ Համայի Ալ Արբաին թաղամասում մասամբ փլուզվել են մի քանի շենքեր։

Սիրիայում հաղորդվում է 42 զոհի ու ավելի քան 200 վիրավորի մասին։

Թուրքական իշխանություններն ավելի ուշ հայտնել են 76 զոհի ու 440 վիրավորի մասին։

Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ երկրաշարժից 10 քաղաքներ են տուժել:

Երկրաշարժին հաջորդել է առնվազն 22 հետցնցում, որոնցից ամենահզորը՝ 6.6 մագնիտուդով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել