Կրթության և գիտության ոլորտում Եգիպտոսի հետ կնքած հուշագրերն ավելի կխորացնեն համագործակցությունը, որը կար 1997 թվականից. ԿԳՄՍ փոխնախարար |armenpress.am|
10:38 - 06 փետրվարի, 2023

Կրթության և գիտության ոլորտում Եգիպտոսի հետ կնքած հուշագրերն ավելի կխորացնեն համագործակցությունը, որը կար 1997 թվականից. ԿԳՄՍ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի՝ Հայաստան այցի շրջանակներում հունվարի 29-ին Հայաստանի  և Եգիպտոսի միջև ստորագրվել են սպորտի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին հուշագրեր:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ այս հուշագրերի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը և այս կարևոր ոլորտներում նոր ծրագրերի իրականացմանը:

Փոխնախարարը  նշեց, որ իրականում Եգիպտոսի Արաբական Հանրապետության հետ իրավապայմանագրային բազան ձևավորվել է դեռևս 1997 թվականից: Դեռևս այն ժամանակվանից գործել է մշակույթի, կրթության, գիտության ոլորտներում համագործակցության համաձայնագիր, և այս հուշագրերը եկել են ավելի զարգացնելու այն համագործակցությունը, որն արդեն իսկ կար:

«Նոր հուշագրերի շրջանակներում՝ սպորտի բնագավառում նախատեսվում  է անցկացնել տարբեր ուսումնամարզական ճամբարներ, մարզիչների վերապատրաստում, որով նաև զարկ կտրվի ֆեդերացիաների մակարդակով հայ-եգիպտական շփումներին: Ի դեպ, նշեմ, որ այդ առումով արդեն իսկ կա նախապատմություն. շատ հայ մարզիչներ ժամանակին այնտեղ աշխատել են:

Իսկ գիտության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցությունը հնարավորություն կտա իրականացնել  համատեղ գիտատեխնիկական ծրագրեր,  հետազոտություններ, ինչպես նաև  գիտնականների փոխանակում՝ մեզ համար առաջնահերթ տարբեր ուղղություններով»,- ասաց Մարտիրոսյանը:

 

Մարտիրոսյանը նշեց, որ Եգիպտոսի հետ համագործակցությունը բազմաբովանդակ է և ընդգրկում է ԿԳՄՍ նախարարության համակարգման բոլոր ոլորտները: Նա նշեց, որ  ներկայում ունեն մշակույթի ոլորտում համագործակցության գործնական ծրագիր, որի շրջանակներում վերջին միջոցառումը  2009 թվականին Եգիպտոսի մշակութային  օրերի անցկացումն էր Հայաստանում:

«Մենք նաև Եգիպտոսի հետ համագործակցում ենք հայագիտության զարգացման ոլորտում, և ներկայում գործող հայագիտություն դասավանդող 13 կառույցների շարքում է Կահիրեի համալսարանը, որտեղ գործուղվում  են  մասնագետներ: Այս համագործակցության ընդհանուր բնույթը ներկայացնելիս՝ կուզեի նաև առանձնացնել, որ Հայաստանի բուհերում սովորում են Եգիպտոսի 51 քաղաքացիներ, ինչը փաստում է, որ եգիպտական հանրության մեջ իսկապես կա հետաքրքրություն, և մենք, իհարկե, ցանկանում ենք այդ թվերը մեծացնել: Նաև տարեկան 3-4 հայ երիտասարդ մեկամյա ծրագրով գործուղվում է Եգիպտոս սովորելու արաբերեն »,- ասաց Մարտիրոսյանը:

Փոխնախարարն ասաց, որ  ներկայում բանակցության փուլում է գտնվում կրթության և գիտության ոլորտում համագործակցության և որակավորումների փոխճանաչման համաձայնագիրը. առաջինի դեպքում հնարավորություն կտրվի մի քանի պետական ֆինանսավորմամբ կրթաթոշակային տեղեր ունենալ փոխադարձ հիմունքներով, իսկ երկրորդի դեպքում՝ դիպլոմների և ավարտական փաստաթղթերի ճանաչման  հարցերը լուծել:

«Վերջին կետը  երիտասարդության ոլորտն է:  Ի դեպ, եգիպտական կողմի նախաձեռնությամբ առաջարկվել է,  որ փոխադարձության հիմունքներով ունենանք երիտասարդական հավաքներ և ներկա պահին բանակցում ենք,  որ 2024 թվականին կազմակերպվի եգիպտական երիտասարդական  պատվիրակության այցը Հայաստան և հակառակը»,- ասաց Մարտիրոսյանը:

Ըստ փոխնախարարի՝  երկու երկրների նախագահների հանդիպումը շատ կարևոր ազդակ էր, որի շրջանակում երկու հուշագրեր ստորագրվեցին, ինչին  կհաջորդեն գործնական հանդիպումները:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին Երևան էր ժամանել հունվարի 28-ին: Հունվարի 29-ին Եգիպտոսի նախագահին ընդունել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Երկու երկրների նախագահների հանդիպմաան արդյունքներով ստորագրվել էին մի շարք ոլորտներում համագործակցության հուշագրեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել