«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի և ռուսական խաղաղապահ զորախմբի մանդատի մասին հայտարարություններ է արել, որոնք ՀՀ ԱԳՆ-ն հերքում է։
Մեկ ամիս առաջ Գագիկ Մելքոնյանը 24TV-ին տված հարցազրույցում հայտարարել էր․ «Լավրովի պլանով, ես ինչքան գիտեմ, նախատեսված էր, որպեսզի էս Լաչինի միջանցքը մնա, Լաչինի միջանցքով Ղարաբաղը միանա Հայաստանին, դրա դիմաց իրանք (Ադրբեջանը,- խմբ․) կունենան արդեն Զանգեզուրի միջանցք։ Էդ ժամանակ մենք կորցնելու ենք երկու տարածք․ առաջինը՝ իրանք ձեռք են բերելու էդ միջանցքը և հետագայում արդեն կամաց-կամաց Ղարաբաղն էլ կդատարկեն, այ էս կարգով [ճանապարհը] կփակեն, կբացեն, գազը կփակեն, ամեն ինչ կանեն, Արցախն էլ կհայաթափեն, ու ամեն ինչ էլ կավարտվի՝ ըստ Լավրովի պլանի»։
Նշենք, որ Լավրովի պլան են համարվում Արցախյան համակարտության կարգավորման բանակցային գործընթացում 2016-2020 թթ․ քննարկված առաջարկները։
Նույն հարցազրույցի ընթացքում Գագիկ Մելքոնյանն անդրադարձել էր նաև Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմին․ «Չէ՞ որ պայմանագրով նոյեմբերի 9-ի ռուսական զորքը պետք է լինի պաշտպան Արցախին, լիազորված է, էդ պարտականություններն անվտանգային դրված է ռուսական զորքի վրա։ Եվ էնտեղ կետով, որ Հայաստանը չպետք է զորք ունենա Արցախում, դա հենց նրանով ա պայմանավորված, որ ռուսական զորքը պիտի մնա էնտեղ, ռուսական զորքը պիտի պաշտպանի։ Ու ես չեմ կարծում, որ ասենք, հանկարծակի Ռուսաստանը ցանկություն ունենա էդ վայրի խուժաններին (Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիներին,- խմբ․) էնտեղից քշելու ու չկարողանա քշի»։
Լրագրողի դիտարկմանը, թե ասում են, որ ռուս խաղաղապահները կրակելու մանդատ չունեն, Գագիկ Մելքոնյանը պատասխանեց․ «Իրանք ամեն ինչի մանդատ էլ ունեն․ եթե ցանկություն ունենան, ամեն ինչի մանդատ էլ ունեն»։
Մենք հարցում էինք ուղարկել Հայաստանի արտգործնախարարություն (ԱԳՆ)՝ հասկանալու, թե արդյո՞ք ճիշտ են Գագիկ Մելքոնյանի պնդումները՝ բանակցային գործընթացի և խաղաղապահների մանդատի մասին։
Հարցման առաջին մասում ԱԳՆ-ին խնդրել էինք պատասխանել հետևյալ հարցերին․
ԱԳՆ-ից պատասխանել են հետևյալը․ «Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկված փուլային կամ այլ տարբերակներով փաստաթղթերում չի եղել այնպիսի կետ կամ առաջարկ, որի համաձայն՝ Լաչինի միջանցքի դիմաց Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի կտրամադրի միջանցք իր սուվերեն տարածքում, մասնավորապես՝ Սյունիքի կամ Վայու ձորի մարզում»:
Այսպիսով, Գագիկ Մելքոնյանի առաջին պնդումը սխալ է․ ՀՀ ԱԳՆ-ն հերքում է, որ փուլային, փաթեթային կամ այլ տարբերակներով փաստաթղթերում եղել է Լաչինի դիմաց ՀՀ սուվերեն տարածքում որևէ պետության միջանցք տրամադրելու առաջարկ։
ԱԳՆ-ից նաև հետաքրքրվել էինք՝
ԱԳՆ-ից, ի պատասխան, նշել են․ «ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ գործողության իրականացման մանդատի վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը նախատեսվում էր եռակողմ ձևաչափով (ՀՀ, ՌԴ և ԱՀ): Նշված փաստաթղթի նախագիծը համաձայնեցվել և ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կողմից, սակայն մերժվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, որի հետևանքով սույն փաստաթուղթն ուժի մեջ չի մտել, և խաղաղապահ զորախումբը մինչ օրս օժտված չէ համապատասխան մանդատով ու լիազորություններով»:
Այսինքն, Գագիկ Մելքոնյանի երկրորդ պնդումը ևս սխալ է․ ռուսական խաղաղապահ զորախումբը, դատելով ԱԳՆ-ի պատասխանից, «ոչ ամեն ինչի մանդատ ունի», քանի որ նրա մանդատն ու լիազորությունները սահմանող փաստաթուղթն ուժի մեջ չի մտել։
Այսպիսով կառավարող ուժը ներկայացնող պատգամավորը մեկ հարցազրույցի ընթացքում երկու սխալ պնդում է արել Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի և ռուս խաղաղապահների մանդատի մասին։
Գլխավոր լուսանկարը՝ ԱԺ ֆեյսբուքյան էջից
Աննա Սահակյան
comment.count (0)