ՀԱՊԿ-ից խնդրել ենք  ճշգրտել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում․ այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել․ Նիկոլ Փաշինյան
17:28 - 08 փետրվարի, 2023

ՀԱՊԿ-ից խնդրել ենք ճշգրտել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում․ այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ- կառավարություն անդրադարձավ ԵՄ դիտորդական առաքելությանը ընդունելու և ՀԱՊԿ առաքելությունը չընդունելու վերաբերյալ քննարկումներին․ «Թեմայի հետ կապված բազմաթիվ թյուրըմբռնումներ կան, այդ թվում և փորձագիտական հանրության շրջանում․ ինչպե՞ս է ստացվել, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում Հայաստան, ԵՄ դիտորական առաքելությունը ժամանում է Հայաստան։ Մեր ՀԱՊԿ գործընկերները արձանագրել են, որ այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, ինչի համար մենք, իհարկե, շնորհակալ ենք, բայց մենք ՀԱՊԿ-ի պարագայում շատ հստակ ձևակերպել ենք խնդիր։ Քանի որ ՀԱՊԿ-ը ունի շատ մանրամասն նկարագրություններով փաստաթղթեր, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակների արձագանքման կանոնակարգը, որտեղ հստակ գրված են գործողություններ, բայց միևնույն ժամանակ կա հստակ ըմբռնում և հասկացության ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին։ Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք ամենակարևոր սկզբունքային մի բան․ ճշգրտել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն՝ մեզ ասել իրենց պատկերացումը, թե որն է ՀՀ-ն։ Մենք այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել»։

Մյուս կողմից, Փաշինյանի խոսքով, ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումը հնարավոր է դարձել, որովհետև Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ-ն հստակ գծագրել է, այդ թվում ՀՀ-ի մասնակցությամբ և համաձայնությամբ, թե որն է ՀՀ-ն․ «Այսինքն՝ իրենք ասել են, որ մեր պատկերացմամբ ՀՀ-ի քարտեզը սա է։ Կամ մենք ասել ենք, իրենք էլ դա ընդունել են ի գիտություն ու հաստատել են։ Իրենք եկել են այդ տարածքը մոնիթորինգ անելու, դիտելու, առանց այս առաքելության և տարածքի մասին պատկերացման դիտորդական առաքելությունը կլինի առնվազն տարօրինակ, որովհետև իրենց համար պարզ չի, թե իրենք ինչ են դիտում, քանի որ հարցը առաջացել է այն իրավիճակից, երբ Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքներ։ Եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է ՀՀ-ն, ինչպե՞ս է դիտարկելու օկուպացվա՞ծ է Հ Հ տարածքը, թե օկուպացված չի»։

Փաշինյանը կրկնեց, որ Ադրբեջանը արևմտյան հարթակներում ընդդեմ Հայաստանի իր ագրեսիվ գործողությունները բացատրում էր նրանով, որ ՀՀ վարչապետը ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում և տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանին և պատրաստվում է «հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ», և Ադրբեջանը իր ագրեսիվ հարձակումներով փորձում է քիչ թե շատ հավասարակշռել իրավիճակը՝ իր «խոցելիությունը» կառավարելու համար․ «Արևմուտքում Հայաստանը փորձ էր արվում ներկայացնել որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում փորձ էր արվում ներկայացնել որպես արևմտյան դավադրության մասնակից, բայց քանի որ Ռուսաստանի գործընկերները տեղում ունեին ներկայացուցիչներ և արևմտյան մեր գործընկերները սկսել են մեզ խեթ նայել, որ դուք հիմա իրականում պատասրավում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետև ռուսական և հայկական զորքերի մեծ կուտակումներ կան, «խեղճ» ադրբեջանցիները ստիպված բարձունքներ են ուզում գրավել, որ հավասարակշռենք։ Մենք ասեցինք՝ եկեք դիտարկեք, հասկացեք, այս ամենը իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ չի համապատասխանում»։

Փաշինյանն ընդգծեց՝ այս ամենում չկա աշխարհաքաղաքական ենթատեքստ, կա կոնկրետ օրակարագ, կա կոնկրետ հարց, որը մենք փորձում ենք լուծել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել