ՀՀ Փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հայտարարություն է տարածել ոստիկանության բաժնում փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առնչությամբ.
«Երեկ՝ 2023 թվականի փետրվարի 9-ին, ՀՀ ոստիկանության մի խումբ ծառայողներ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում շարունակական բռնություն են կիրառել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ:
Մասնավորապես, ոստիկանության ծառայողները տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են փաստաբաններին՝ հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին: Փաստաբաններից մեկին ոստիկանության ծառայողները բռնությամբ դուրս են բերել ոստիկանության բաժնից:
Այսպիսի երևույթն աննախադեպ է իր բնույթով և խիստ վրդովեցուցիչ:
Ոստիկանության ծառայողի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելը անթույլատրելի է ընդհանրապես, սակայն առավել քան անընդունելի են այդպիսի գործողություններն իր մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբանի նկատմամբ:
Անձանց իրավունքների պաշտպանությունն իրականացնելու հանձնառություն ունեցող դերակատարի նկատմամբ այդպիսի ոտնձգությունը խաթարում է մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և տեղ չի կարող ունենալ ժողովրդավարական հասարակությունում: Ավելորդ է խոսել մարդու իրավունքի պաշտպանվածության մասին, եթե նույնիսկ փաստաբանն ապահովագրված չէ այսպիսի երևույթներից:
Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը․
Հիշեցնենք, որ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնել են՝ տարածված տեղեկությունների համաձայն՝ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի են ենթարկվել երկու փաստաբան, իսկ դրանից առաջ բռնության են ենթարկվել նրանց անչափահաս պաշտպանյալները։
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ասուլիսի ժամանակ հայտնել է, որ անչափահասների՝ ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու ու բերման ենթարկվելու փաստով են փաստաբանները գնացել մասնակցելու առերեսմանը, սակայն «Էրեբունու բաժնում հոգեբանական ճնշում են փորձել գործադրել փաստաբանի նկատմամբ, ծաղրել են, սադրանքի արդյունքում դուրս են հանել և միջանցքում ոստիկաններով հարձակվել ծեծել են, հայհոյել: Մյուս փաստաբանը ձայների վրա դուրս է եկել, նրան էլ են ծեծել, հայհոյել»։
comment.count (0)