Սեդա Սաֆարյանը՝ փաստաբան եւ դատավոր․ ինչ է տեղի ունեցել, երբ եւ ինչպես
15:02 - 11 փետրվարի, 2023

Սեդա Սաֆարյանը՝ փաստաբան եւ դատավոր․ ինչ է տեղի ունեցել, երբ եւ ինչպես

Շաբաթներ առաջ 168․am կայքը մի հրապարակում արեց այն մասին, որ իր տեղեկությունների համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը այդ պաշտոնում ընտրվելուց հետո՝ 2022 թ․ դեկտեմբերի 28-ին, որպես փաստաբան բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան, ինչի իրավունքը, ըստ օրենքի, չուներ։ Ըստ 168.am-ի՝ Վերաքննիչ դատարանը բողոքը թողել է առանց քննության հենց այն պատճառով, որ Սաֆարյանը, լինելով ՍԴ դատավոր, չէր կարող իր անունից բողոք ներկայացնել։

Ավելի ուշ թերթը եւ մի քանի փաստաբաններ հրապարակեցին բողոքի եզրափակիչ մասից մի լուսանկար, որից պարզ դարձավ, որ Սաֆարյանը դեկտեմբերի 28-ից առաջ բողոք է ներկայացրած եղել, սակայն դատարանը այն վերադարձնելու որոշում է կայացրել (Քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձվում է՝ համապատասխան թերությունները մատնանշելով եւ 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու նպատակով 5-10 օր ժամանակ տալով), եւ վերադարձի որոշումը Սաֆարյանը ստացել է դեկտեմբերի 23-ին, որից հետո էլ՝ արդեն դեկտեմբերի 28-ին, լրամշակված տարբերակն է ներկայացրել։

Օրեր անց՝ հանրային խորհրդի նախկին նախագահ, Սեդա Սաֆարյանի եղբայր Ստյոպա Սաֆարյանը ծավալուն գրառմամբ անդրադարձավ թերթի հրապարակմանը՝ ի թիվս այլնի, նաեւ նշելով, որ Սաֆարյանը բողոքն ի սկզբանե դեկտեմբերի 5-ին է ներկայացրել, երբ դեռ փաստաբան էր, իսկ այն լրամշակման համար վերադարձնելու եւ վերստին ներկայացնելու դեպքում, ըստ Սաֆարյանի, բողոքի՝ դատարան մուտք լինելու ժամկետ է համարվում առաջին անգամ բողոքը ներկայացնելու օրը։

Այս քննարկումը լայն տարածում ստացավ եւ շարունակվեց մի շարք այլ ԶԼՄ-ների եւ իրավաբանների շրջանում։ Infocom-ն ամփոփել է, թե ինչ է տեղի ունեցել իրականում, ինչ է սահմանում ՀՀ օրենսդրությունը, եւ դրա ինչ նորմեր են խախտվել։

Ինչ է սահմանում ՀՀ օրենսդրությունը դատավորի վարքագծի կանոնները

ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ  օրենքի՝ «Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոնները» վերտառությամբ 14 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում ՍԴ դատավորը պարտավոր է հանդես չգալ որպես ներկայացուցիչ կամ չտրամադրել խորհրդատվություն, այդ թվում` անհատույց հիմունքներով (բացառությամբ այն դեպքերի, երբ նա հանդես է գալիս որպես օրինական ներկայացուցիչ կամ անհատույց իրավաբանական խորհրդատվություն է մատուցում իր մերձավոր ազգականներին կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց):

Նույն օրենքի 5-րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ ՍԴ նորընտիր դատավորն ընտրությունից հետո Ազգային ժողովի նիստում տալիս է հետևյալ երդումը. «Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ` ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը»։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՍԴ նորընտիր դատավորն իր պաշտոնը ստանձնում է երդումը տալուց հետո՝ անհապաղ, իսկ ՍԴ դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում ընտրվելու դեպքում՝ այդ դատավորի լիազորությունների դադարման օրը:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է, ի թիվս այլնի, նաեւ այն դեպքում, եթե փաստաբանը անցել է հանրային ծառայության։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այդ հիմքի ի հայտ գալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, փաստաբանը պարտավոր է տեղյակ պահել Փաստաբանների պալատի խորհրդին: Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ 3-օրյա ժամկետում, փաստաբանների պալատի խորհուրդը ծանուցում է արտոնագրի գործողությունը կասեցված փաստաբանին:

Ինչ է տեղի ունեցել իրականում

Փաստաբան Սեդա Սաֆարյանը Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրվել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին: Դեկտեմբերի 10-ին լրացել է ՍԴ դատավորներ Արեւիկ Պետրոսյանի եւ Աշոտ Խաչատրյանի պաշտոնավարման 12 տարին։ Քանի որ Սեդա Սաֆարյանը դատավորի պաշտոնում ընտրվել էր Պետրոսյանի եւ Խաչատրյանի լիազորությունների ավարտին նախորդած 6 ամսվա ընթացքում, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 5-րդ հոդվածի ուժով նա հենց այդ օրվանից՝ դեկտեմբերի 10-ից սկսած համարվել է պաշտոնը ստանձնած (թեեւ ԱԺ-ում երդվել է դեկտեմբերի 16-ին)։ Այսինքն՝ օրենքի տրամաբանությունն այն է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ դատավորը համարվում է պաշտոնը ստանձնած երդում տալուց հետո անհապաղ, իսկ այն դեպքերում, երբ լրացել է որեւէ դատավորի լիազորությունների ժամկետը, եւ նոր դատավորն արդեն իսկ ընտրվել է, համարվում է ստանձնած հենց այդ օրը, որպեսզի դատավորի պաշտոնը որեւէ օր թափուր չմնա։

2023 թ․ հունվարի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանից մեր հարցին ի պատասխան հաստատել են տեղեկությունը, որ 2022 թ դեկտեմբերի 28-ին Սեդա Սաֆարյանի կողմից բողոք է մուտք եղել դատարան, որը դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի որոշմամբ թողնվել է առանց քննության։  Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ հատուկ վերանայման բողոքը թողնվում է առանց քննության, ի թիվս այլնի, նաեւ այն դեպքում, երբ բողոքը բերել է բողոքարկման իրավունք չունեցող անձը։

Iravaban.net-ի հետ զրույցում Սեդա Սաֆարյանը, մեկնաբանելով կատարվածը, ասել է, որ այդ հարցով ՍԴ-ում քննարկում եղել է, եւ ինքը չի կարծում, թե դա կարող է բնորոշվել որպես «ներկայացուցչության իրականացում»։ Դրա հետ մեկտեղ Սաֆարյանը նշել է, որ Փաստաբանների պալատը իր փաստաբանական գործունեությունը դադարեցրել է դեկտեմբերի 15-ին։

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ այս տարվա փետրվարի 8-ին Փաստաբանների պալատը տեղեկացրել է, որ Սեդա Սաֆարյանը 2022 թ նոյեմբերի 30-ին դիմել է Պալատին՝ իր՝ փաստաբանական գործունեության թիվ 116 արտոնագիրը կասեցնելու մասին. «Որպես հիմք կցվել է ՀՀ Կառավարության` 30.06.2022թ. թիվ 963-Ա որոշումը` Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին, հայտարարության պատճենը, որով տվել է իր համաձայնությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու վերաբերյալ և ՀՀ ազգային ժողովի`  15.09.2022թ. թիվ ԱԺՌ-45-Ա որոշումը` Սեդա Սաֆարյանին 12 տարի ժամկետով Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու մասին»։

Ըստ հարցման պատասխանի՝ Պալատի խորհուրդը Սաֆարյանի դիմումը քննության է առել 2022 թ դեկտեմբերի 15-ին եւ հիմք ընդունելով դիմումին կից ներկայացրված ԱԺ հիշյալ որոշումը՝ որոշել է բավարարել այն եւ կասեցնել արտոնագրի գործողությունը դիմումը ներկայացնելու օրվանից, այսինքն՝ նոյեմբերի 30-ից «22.12.2022թ. Սեդա Սաֆարյանը էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաեւ թղթային տարբերակով ստացել է կասեցման որոշումը»,- ասված է պատասխանում։ 

Օրենքի վերլուծությունից հետեւում է, որ Սեդա Սաֆարյանը պետք է Փաստաբանների պալատին դիմում ներկայացներ, ինչպես «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածն է սահմանում, համապատասխան հիմքի ի հայտ գալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, իսկ համապատասխան հիմքը, համաձայն նույն օրենքի, հանրային ծառայության անցնելն է։ Սեդա Սաֆարյանը օրենքի ուժով հանրային ծառայության անցած է համարվել դեկտեմբերի 10-ից, հետեւաբար պետք է դիմեր այդ օրվանից սկսած 10-օրյա ժամկետում։ Թե ինչու է Սաֆարյանը շատ ավելի վաղ՝ նոյեմբերի 30-ին ներկայացրել դիմումը, դժվար է ասել։ Եթե այդ դիմումից հետո նա այլեւս փաստաբանական գործունեությամբ զբաղված չլիներ, կարելի էր ենթադրել, որ նրա սուբյեկտիվ ընկալմամբ՝ դեկտեմբերի 10-ից առաջ էլ Պալատին դիմելու՝ օրենքով սահմանված հիմքը առկա է եղել, սակայն փաստացի, նա դրանից հետո շարունակել է իր փաստաբանական գործունեությունը։

Ամեն դեպքում, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է, որ անհատական իրավական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը (եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ): Փաստաբանների պալատի խորհրդի որոշումը Սեդա Սաֆարյանի վերաբերյալ անհատական իրավական ակտ է, սակայն նկատենք, որ Պալատը այն կայացնելուց հետո սահմանված 3-օրյա ժամկետում չի ուղարկել Սաֆարյանին, այլ դրանից մեկ շաբաթ հետո միայն։ Ուստի հիմք ընդունելով Պալատի այն պատասխանը, որ դրա մասին Սաֆարյանը պատշաճ ծանուցված է եղել դեկտեմբերի 22-ի դրությամբ՝ կարող ենք եզրակացնել, որ Սաֆարյանի փաստաբանական արտոնագրի գործողությունը կասեցվել է դեկտեմբերի 23-ին («Փաստաբանության մասին» օրենքով այլ բան նախատեսված չէ)։

Սա, իհարկե, չի նշանակում, թե նա մինչ դեկտեմբերի 23-ը կարող էր զբաղվել փաստաբանությամբ։ Ինչպես արդեն նշեցինք, Սաֆարյանը դատավորի պաշտոնը ստանձնած է համարվել դեկտեմբերի 10-ին, հետեւաբար, չնայած նրան, որ ֆորմալ առումով Սաֆարյանի փաստաբանական արտոնագրի գործողությունը կասեցվել է դեկտեմբերի 23-ին, նա, որպես պաշտոնը ստանձնած ՍԴ դատավոր, դեկտեմբերի 10-ից սկսած այլեւս չէր կարող զբաղվել փաստաբանությամբ։ Ընդ որում, նոյեմբերի 30-ին համապատասխան դիմում ներկայացնելը վկայում է, որ նա գիտակցել է իր՝ որպես փաստաբանի անհամատեղելիությունը դատավորի պաշտոնին։ Հետեւաբար դեկտեմբերի 28-ին վերաքննիչ բողոք ներկայացնելով՝ Սեդա Սաֆարյանը առերեւույթ խախտել է ՍԴ դատավորի վարքագծի կանոնը։

Ինչ է սահմանում ՀՀ օրենսդրությունը անհամատեղելիության պահանջները

Ինչպես արդեն նշեցինք, Սահմանադրության 164-րդ հոդվածը, ի թիվս այլնի, սահմանում է նաեւ, որ դատավորը  չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։

«Հանրային ծառայության մասին» օրենքի՝ «Անհամատեղելիության պահանջները» վերտառությամբ 31-րդ հոդվածի 1-ին մասը նույնպես սահմանում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ համայնքի ավագանու անդամների) և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պաշտոնում նշանակվելուց (ընտրվելուց) հետո՝ 1 ամսվա ընթացքում, պարտավոր են ապահովել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների կատարումը:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեություն է համարվում, ի թիվս այլնի, նաեւ անհատ ձեռնարկատեր լինելը։

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն էլ՝ ՍԴ դատավորի նկատմամբ կիրառելի են հանրային ծառայողի համար ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգավորումները:

Վերոնշյալ նորմերի տառացի մեկնաբանման դեպքում կարելի է ասել, որ ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելուց, այսինքն՝ սեպտեմբերի 15-ից սկսած մեկամսյա ժամկետում Սեդա Սաֆարյանը պետք է դադարեցներ իր անհատ ձեռնարկատեր կարգավիճակը (որովհետեւ օրենքը սահմանում է «նշանակվել է» կամ «ընտրվել է» ձեւակերպումը), իսկ եթե տառացի չմեկնաբանենք եւ որպես ելակետ ընդունենք նրա՝ ոչ թե ընտրվելու, այլ հանրային ծառայության անցնելու օրը, ապա կստացվի, որ նա ԱՁ կարգավիճակը պետք է դադարեցներ դեկտեմբերի 10-ից սկսած մեկամսյա ժամկետում։

Ինչ է տեղի ունեցել իրականում

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա է ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի ինֆորմացիոն բազան։

Փետրվարի 10-ից ռեգիստրից ստացված տեղեկության համաձայն՝ Սաֆարյանը որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվել է 1994 թ․ օգոստոսի 11-ին, իսկ հաշվառումից հանվել՝ 2023 թ․ հունվարի 27-ին։ 

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու համար որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը (կամ նրա լիազորած ներկայացուցիչը) գործակալություն է ներկայացնում համապատասխան փաստաթղթեր, իսկ 31-րդ հոդվածի համաձայն՝ ներկայացնելու պահից որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը համարվում է պետական հաշվառումից հանված:

Սրանից հետեւում է, որ Սեդա Սաֆարյանը հաշվառումից հանելու դիմումը ներկայացրել է հենց 2023 թ հունվարի 27-ին, ինչը, միեւնույն է, սահմանված մեկամսյա ժամկետում չէ հաշվարկը թե՛ սեպտեմբերի 15-ից, թե՛ անգամ դեկտեմբերի 10-ից սկսելու պարագայում։

Ստացվում է, որ դեկտեմբերի 28-ին վերաքննիչ բողոք ներկայացնելով՝ Սեդա Սաֆարյանը գործել է անհատ ձեռնարկատեր կարգավիճակի ներքո, ինչով առերեւույթ խախտվել է նաեւ դատավորի անհամատեղելիության պահանջը։

Ինչ պատասխանատվություն են ենթադրում այս խախտումները

ՍԴ դատավորի` օրենքով սահմանված վարքագծի կանոնների խախտումը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 13-րդ հոդվածի, ՍԴ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է (բացառությամբ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի խախտման)։

Նույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՍԴ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմում կարող է ներկայացնել ՍԴ առնվազն 3 դատավոր (բացառությամբ էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցման, որի պարագայում դիմում կարող է ներկայացնել Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ՝ սույն օրենքի 83-րդ հոդվածով սահմանված կարգով):

Նույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ ՍԴ դատավորի վարքագծի կանոնները սահմանող հիշյալ 10-րդ կետը չի համարվում էական կարգապահական խախտում։

Վերոնշյալ նորմերից հետեւում է, որ ՍԴ դատավոր լինելով՝ որպես փաստաբան ներկայացուցչությամբ զբաղվելու կանոնի խախտման համար ՍԴ դատավորը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության ՍԴ առնվազն 3 դատավորի դիմումի առկայության դեպքում միայն։ Կարգապահական պատասխանատվության արդյունքում կիրառվող տույժերն են նախազգուշացումը, նկատողությունը, խիստ նկատողությունը։

Հաշվի առնելով սա՝ մենք գրավոր հարցմամբ դիմել էինք Սահմանադրական դատարանի նախագահին եւ անհատապես բոլոր դատավորներին, այդ թվում՝ Սեդա Սաֆարյանին՝ խնդրելով հայտնել՝ համարո՞ւմ են արդյոք, որ նկարագրված իրադարձությունների հետեւանքով խախտվել է դատավորի՝ օրենքով սահմանված վարքագծի կանոնը։ Եթե այո, պատրաստվո՞ւմ են արդյոք համապատասխան դիմում ներկայացնել, եթե ոչ, ապա ի՞նչ պատճառաբանությամբ։

Փետրվարի 10-ին ՍԴ լրատվական ծառայությունից ստացված պատասխանում ասված է հետեւյալը․ «Ինչպես Սահմանադրական դատարանի դատավորները, այնպես էլ Սահմանադրական դատարանի նախագահը, իրավասու չեն անձնական կարծիք, վերաբերմունք կամ դիրքորոշում արտահայտել՝ առաջնորդվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով սահմանված վարքագծի կանոններով»։

ՍԴ նախագահին ուղղված գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել նաեւ, թե ս․թ․ հունվարի 10-ին ՍԴ աշխատակարգային նիստի արդյունքում այս հարցի վերաբերյալ ինչ որոշում է կայացվել (եթե կայացվել է)․ «Ս․թ․ հունվարի 10-ին ՍԴ առաջին աշխատակարգային նիստում Սեդա Սաֆարյանը գործընկերներին տեղեկացրել է Ձեր կողմից նշված հարցի մասին։ Նշված հարցը կարգավորվում է ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 82-րդ հոդվածի 1-ին  մասի շրջանակներում (խոսքը ՍԴ առնվազն 3 դատավորի կողմից դիմում ներկայացնելու նորմի մասին է,–հեղ․)։ Վերոնշյալ օրենսդրական ակտով սահմանված կամ նշված հարցին առնչվող այլ գործընթացների մասին հրապարակման ենթակա տեղեկություններ այս պահին առկա չեն»,- ասված է պատասխանում։

Ինչ վերաբերում է հանրային ծառայողի անհամատեղելիության պահանջի խախտմանը, հարկ է նշել, որ Սահմանադրության 164-րդ, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 12-րդ եւ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածների համաձայն՝ այն դատավորի լիազորությունների դադարեցման հիմք է: ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցվում են ՍԴ որոշմամբ։

Այդ նպատակով, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 83-րդ հոդվածի համաձայն, ՍԴ կարող է դիմել Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ, որում պետք է մատնանշվեն ենթադրյալ խախտման՝ օրենքով սահմանված հիմքերը։

Ինչում է սխալվում Ստյոպա Սաֆարյանը

Ինչպես վերը նշեցինք, Ստյոպա Սաֆարյանը, ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնալով թեմային, պարզաբանել էր, որ Սեդա Սաֆարյանը բողոքն ի սկզբանե դեկտեմբերի 5-ին է ներկայացրել, երբ դեռ փաստաբան էր, իսկ այն լրամշակման համար վերադարձնելու եւ վերստին ներկայացնելու դեպքում, ըստ Սաֆարյանի, բողոքի՝ դատարան մուտք լինելու ժամկետ է համարվում առաջին անգամ բողոքը ներկայացնելու օրը։ «Ժողովուրդ» օրաթերթն էլ այսօր հրապարակել է ՍԴ աշխատակարգային նիստի աձանագրության մի հատված, որից պարզ է դառնում, որ Սեդա Սաֆարյանն էլ է ՍԴ–ում այն դիրքորոշումը հայտնել, թե ինքը համարել է, որ նախկին բողոքի ուղղումն է կատարում։

Նորմը, որ մեջբերել է Ստյոպա Սաֆարյանը, Քրեական դատավարության նախկին՝ 1998 թ․ օրենսգրքի 381-րդ հոդվածից է, որի 2․3-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված թերությունները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Այս Օրենսգիրքը, սակայն, ուժը կորցրել է, եւ 2022 թ․ հուլիսի 1-ից սկսած՝ գործում է նոր՝ 2021 թ․ ընդունված Քրեական դատավարության օրենսգիրքը։ Ավելին, նոր օրենսգրքի 391-րդ հոդվածով սահմանվել է, որ հատուկ վերանայման բողոքի կապակցությամբ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում վարույթի նյութերը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իսկ բողոքը վերադարձված լինելու դեպքում սույն մասով սահմանված ժամկետների հաշվարկը սկսվում է վերաքննիչ բողոքը վերստին ներկայացնելու օրվանից։

Իրականում այդ ժամկետների հաշվարկը որեւէ կերպ չի փոխում պատկերը, որովհետեւ բողոքը լրամշակելը, թերությունները շտկելը եւ այն վերստին ներկայացնելը նույնպես փաստաբանի (ներկայացուցչի) կարգավիճակից բխող գործողություններ են, իսկ Սեդա Սաֆարյանը դեկտեմբերի 10-ից սկսած՝ դրանցով զբաղվելու իրավասություն չուներ։

Ինչում է սխալվում Արսեն Բաբայանը

Փետրվարի 3-ին փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան մի գրառում արեց՝ նշելով, որ հրապարակում է եւս մեկ միջնորդություն, որը փաստում է, որ Սեդա Սաֆարյանը դատավոր լինելով, փաստաբանությամբ է զբաղվել։ Միջնորդությունը, ըստ հրապարակված լուսանկարի, 2022 թ․ հոկտեմբերի 3-ի ամսաթվով է։

Գրառման մեջ ասված է հետեւյալը․ «ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը դատավորի կարգավիճակը ձեռք է բերել դեռևս սեպեմբերի 15-ին՝ ԱԺ-ում ընտրվելով որպես ՍԴ դատավոր: Այդ օրվանից սկսած բոլորը գիտակցել են, որ Սեդա Սաֆարյան անուն ազգանունն ունեցողն այլևս դատավոր է: Մնացածը տեխնիկայի հարց էր... Պարզվում է այդ դատավորը իր կարգավիճակից բացի զուգահեռ մշտական հիմունքներով  զբաղվում է փաստաբանությամբ (ներկայացուցչություն): Խնդրեմ, հրապարակում եմ ևս մեկ միջնորդություն, որն ապացուցում է ասվածը: Համոզմունք ունեմ, որ այդ այդ չթույլատրված աշխատանքը նա կատարել է վարձատրության դիմաց»։

Արդեն իսկ նկարագրված պատճառաբանությունների հիման վրա կարող ենք պնդել, որ հոկտեմբերի 3-ին, պաշտոնը դեռեւս ստանձնած չլինելով եւ ուժի մեջ գտնվող արտոնագիր ունենալով, Սաֆարյանն իրավասու էր որպես ներկայացուցիչ միջնորդություն ներկայացնել դատարան։

Այսպիսով, 2022 թ․ սեպտեմբերի 15-ին ՍԴ դատավոր ընտրված, իսկ դեկտեմբերի 10-ին պաշտոնը ստանձնած Սեդա Սաֆարյանը, դեկտեմբերի 28-ին վերաքննիչ բողոք ներկայացնելով, առերեւույթ խախտել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 14–րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, եւ սահմանված ժամկետում իր ԱՁ-ն հաշվառումից հանած չլինելով՝ գործել է անհատ ձեռնարկատեր կարգավիճակի ներքո՝ այդպիսով առերեւույթ խախտելով նաեւ Սահմանադրությամբ եւ օրենքով ամրագրված դատավորի անհամատեղելիության պահանջները։

 

 Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել