Հելսինկին հույս ունի, որ արդեն Վիլնյուսի գագաթնաժողովին Ֆինլանդիան և Շվեդիան կմիանան ՆԱՏՕ-ին |azatutyun.am|
10:20 - 14 փետրվարի, 2023

Հելսինկին հույս ունի, որ արդեն Վիլնյուսի գագաթնաժողովին Ֆինլանդիան և Շվեդիան կմիանան ՆԱՏՕ-ին |azatutyun.am|

azatutyun.am: Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն կարծում է, որ Ֆինլանդիան և Շվեդիան կարող են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ մինչև Վիլնյուսում այս հուլիսին կայանալիք դաշինքի գագաթնաժողովը։ Այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը Հելսինկիում Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ Հելսինկին և Ստոկհոլմը կատարել են դաշինքին միանալու բոլոր պահանջները, որոնք առաջ է քաշել Թուրքիան, որն արգելափակել է հյուսիսային երկու երկրների մուտքը ՆԱՏՕ և դեռ չի վավերացրել նրանց հայտերը։

«Այժմ մենք սպասում ենք արագ վավերացման գործընթացին, որը Ֆինլանդիային և Շվեդիային թույլ կտա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ Վիլնյուսի գագաթնաժողովում», - ասել է նա։

Ֆինլանդիան և Շվեդիան դիմել են Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու 2022 թվականի մայիսին, սակայն Անկարան արգելափակել է անդամակցության գործընթացը՝ պահանջելով այս երկու երկրներից ահաբեկչական ճանաչել քրդական կազմակերպությունները և արտահանձնել ահաբեկչության կամ 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրվող անձանց։ Թուրքիայի և Շվեդիայի հարաբերությունները սրվել են հունվարի 21-ին Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանի այրումից հետո։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստոկհոլմում հակաթուրքական գործողություններից հետո Շվեդիան չպետք է ակնկալի, որ Անկարան կաջակցի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր դիմումին։ Այս պահին շվեդական հայտի վավերացման հետ կապված գործընթացը կասեցված է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել