Ոստիկանությունը այսօր իրականացրել է գործողություն, որը հիմնված է կառավարության 797-Ն որոշման վրա և ՊԵԿ-ի տրամադրած գրության վրա՝ մի խումբ անձանց ներխուժումը վերացնելու հետ կապված: Այս մասին հայտնեց ՆԳՆ ոստիկանության հասարակական կարգի ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Գևորգ Ազիզյանը Պաշտպանության նախարարության՝ Աշտարակի խճուղում գտնվող նախկին շենքի մոտ, որտեղ ոստիկանության գործողությունների համար բողոքի ակցիա են իրականացնում շենքի բնակիչները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բնակիչներից մեկը պատմել է, որ առավոտյան ժամը 08։00-ի սահմաններում մի քանի ավտոբուսներով ոստիկաններ են եկել, տղամարդկանց քաշքշելով բերման են ենթարկել. «Մեզ ասացին, որ դուք անօրինական եք բնակվում, տեսա, որ տանս դուռը ջարդած է»:
Գևորգ Ազիզյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ոչ մի միջադեպ չի եղել:
«Մենք չենք ներխուժել, ներխուժումն ենք վերացրել, մարդկանց զգուշացված է, ողջամիտ ժամկետներ տրվել են դեռևս օգոստոս ամսին, այնուհետև տրվել է հունվար 31-ին, փետրվարի 12-ին լրացել է ժամկետը, բազմիցս զգուշացված է եղել, որ իրենք ապօրինի են այդ տարածքում գտնվում, դա զգուշացվել է ՊԵԿ-ի համապատասխան աշխատակիցների կողմից, լիազոր մարմինների կողմից և մեր կողմից»,- հավելեց Ազիզյանը։
Հիշեցնենք, որ կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի որոշումով ՊՆ-ին պատկանող 71 միավոր գույք, այդ թվում՝ ՊՆ նախկին վարչական շենքը, զորամասեր, շենք-շինություններ, հողամասեր, զինավաններ, ամրացվել էին Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ օտարելու կամ այլ նպատակով տնօրինելու նպատակով։ Այս որոշումը, հատկապես զորամասերի օտարման փաստը, մեծ աղմուկ բարձրացրեց։
Պաշտպանության նախարարությունը պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ պետությունը տարիներ շարունակ պատկառելի գումարներ է ծախսում ՊՆ նախկին վարչական համալիրի պահպանության համար, մինչդեռ դրա օտարման դեպքում ոչ միայն հնարավոր կլիներ տնտեսել դրանք, այլև տվյալ շենքի վաճառքից գոյացած գումարները կուղղվեին պաշտպանական մի շարք խնդիրների լուծմանը։
comment.count (0)