ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է տրամադրել սույն թվականի հունվարի 10-ին ՍԴ աշխատակարգային նիստում ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հայտարարության առնչությամբ ելույթ ունեցած դատավորներ Հրայր Թովմասյանի, Երվանդ Խունդկարյանի, Վահե Գրիգորյանի, Էդգար Շաթիրյանի եւ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի կարծիքները։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, 2022 թ․ սեպտեմբերի 15-ին ՍԴ դատավոր ընտրված, իսկ դեկտեմբերի 10-ին պաշտոնը ստանձնած Սեդա Սաֆարյանը, շտկելով իր՝ դեկտեմբերի 5-ի բողոքի թերությունները, դեկտեմբերի 28-ին որպես ներկայացուցիչ վերաքննիչ բողոք է մուտք արել դատարան, ինչի իրավունքը այդ փուլում արդեն չուներ։ Միեւնույն ժամանակ նա սահմանված ժամկետում հաշվառումից չի հանել իր անհատ ձեռնարկությունը, ինչի արդյունքում առերեւույթ խախտվել են դատավորի վարքագծի եւ անհամատեղելիության՝ օրենքով սահմանված պահանջները։
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ օրեր առաջ ՍԴ-ից հայտնել էին, որ Սեդա Սաֆարյանը գործընկերներին տեղեկացրել է նշված հարցի մասին՝ հավելելով, որ հրապարակման ենթակա այլ տեղեկություն այդ պահին չկա, իսկ «Ժողովուրդ» օրաթերթին տրամադրել էին այդ նիստի արձանագրության քաղվածքը, որում միայն Սեդա Սաֆարյանի հայտարարությունն էր։
Հաշվի առնելով, որ նիստի բովանդակության մի մասը պաշտոնապես հրապարակայնացվել է՝ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՍԴ՝ խնդրելով տրամադրել աշխատակարգային նիստի ողջ արձանագրությունը՝ ներառյալ ելույթ ունեցած դատավորների կարծիքները։
Մեր հարցմանն ի պատասխան՝ Սահմանադրական դատարանն այսօր տեղեկացրել է․ «Հաշվի առնելով, որ խնդրո առարկա հարցը կարող է դառնալ ՍԴ քննարկման առարկա կոնկրետ գործի շրջանակներում՝ առանձին դատավորների՝ ՍԴ աշխատակարգային նիստում արտահայտած կարծիքները, դիրքորոշումները չեն հրապարակայնացվում։ Միաժամանակ նշենք, որ ՍԴ դատավոր Ս․ Սաֆարյանի դիրքորոշման հրապարակայնացումն ինքնին խնդրահարույց չէ, քանի որ տվյալ հարցով նա չի կարող հանդես գալ որպես դատավոր»,- ասված է պատասխանում։
Կից ՍԴ-ն ուղարկել է հիշյալ նիստի արձանագրության քաղվածքը՝ Սեդա Սաֆարյանի հայտարարության մասով։ Այն ներկայացնում ենք ստորեւ։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)