Վարդենիսի նյարդահոգեբանական տուն–ինտերնատը շարունակում է իր բնականոն գործունեությունը
18:32 - 19 փետրվարի, 2023

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն–ինտերնատը շարունակում է իր բնականոն գործունեությունը

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն–ինտերնատում օրերս արձանագրված ապօրինությունների առնչությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է․ գործն իրավապահ մարմինների տիրույթում և ԱՍՀ նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է։
 
Նախարարությունն իր ենթակայությամբ գործող խնամքի որևէ հաստատությունում ցանկացած ապօրինություն, առավել ևս խոշտանգման հնարավոր դրսևորում, համարում է խստագույնս դատապարտելի։
 
Միաժամանակ տեղեկացնում են, որ նյարդահոգեբանական տուն–ինտերնատը, որտեղ այս պահին խնամք է ստանում շուրջ 450 շահառու, շարունակում է իր բնականոն գործունեությունը․ խնամք ստացող բնակիչներին անհրաժեշտ ծառայությունների մատուցումն իրականացվում է անխոչընդոտ։
 
Աշխատակցիները շարունակում են իրականացնել իրենց պարտականությունները՝ օրենքով սահմանված կարգով։ Որոշ աշխատակիցներ մասնակցում են նաև ՊՈԱԿ-ի տնօրենի և գործընկերների ձերբակալման դեմ բողոքի ակցիաներին՝ ոչ իրենց հերթապահության օրերին կամ ոչ աշխատանքային ժամերին․ այսինքն այն ընթացքում, երբ ազատ են տնօրինել իրենց ժամանակը։
 
Նախարարությունը կշարունակի համագործակցել իրավապահների հետ՝ գործի հանգամանքները լիարժեք բացահայտելու ուղղությամբ։


Հիշեցնենք, որ հաղորդում էր ստացվել Վարդենիս քաղաքում գտնվող «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների կատարման մասին։ Ըստ քննչական կոմիտեի՝ տեղում պարզվել է, որ տուն-ինտերնատի բնակիչներից մեկի անկողինը՝ ներքնակը, գցված է հատակին՝ ջեռուցման մարտկոցների դիմաց, իսկ հիվանդի որովայնին ամրացված է եղել կտորից գոտի, որից ամրացված է եղել մետաղական շղթա՝ միացված ջեռուցման մարտկոցներին: Բացի այդ, տուն-ինտերնատի բնակիչներից մեկի ձեռքերն ու ոտքերը, մեջքի վրա պառկած դիրքում, կտորով կապված են եղել անկողնու չորս անկյուններց: Ձերբակալվել են Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենը և 3 աշխատակիցներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել