Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենին և 4 աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել
16:23 - 20 փետրվարի, 2023

Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենին և 4 աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել

Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենին և 4 աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել, տնօրենը կալանավորվել է: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյան։ 

«Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների դեպքի առթիվ 2023թ․ փետրվարի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով), 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ (Մարդու թրաֆիքինգը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 3-րդ կետերով (Մարդու թրաֆիքինգը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով), 435-րդ հոդվածի 1-ին մասով(Կաշառք ստանալը), 436-րդ հոդվածի 1-ին մասով (Կաշառք տալը) և 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ նշված ՊՈԱԿ-ի տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ, որոնք ձերբակալվել էին, հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։Դրա հիման վրա ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետերով և 188-րդ հոդված 2-րդ մասի 3-րդ կետով, ՊՈԱԿ-ի հոգեբույժին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետերով, իսկ մյուս 3 աշխատակիցներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով։

Դատարան միջնորդություն է ներկայացվել տնօրենի և հոգեբույժի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։ Տնօրենի մասով միջնորդությունը բավարարվել է ամբողջությամբ և նա կալանավորվել է, իսկ հոգեբույժի մասով՝ միջնորդությունը բավարարվել է մասամբ՝ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։Մյուս երեք աշխատակիցների նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Վերջիններս արգելանքից ազատ են աձակվել։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել