Մոսկվան Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|
20:41 - 20 փետրվարի, 2023

Մոսկվան Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Մոսկվան Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում բացվել է ԵՄ դիտորդական առաքելության գլխավոր շտաբը: 

Մենք արդեն մեկնաբանել ենք Հայաստանում ԵՄ առաքելություն ստեղծելու մասին ԵՄ խորհրդի որոշումը, նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ընդգծելով նոր առաքելության բացառապես քաղաքացիական բնույթը՝ Եվրամիության ներկայացուցիչներն անազնիվ են: Այն ծավալվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության իմաստով: Հետևաբար, պետք է համապատասխանաբար վերաբերվել: Ցավոք, սա առաջին անգամ չէ, որ արձանագրում ենք ԵՄ և ամբողջ Արևմուտքի ցանկությունը՝ ցանկացած միջոցով ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում։ Այդ փորձերում մենք տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ՝ հեռու Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։ Ամեն ինչ արվում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և անվտանգության գլխավոր երաշխավորի նրա պատմական դերը թուլացնելու համար։ Այս նախաձեռնության վերաբերյալ Բաքվի՝ հրապարակայնորեն արտահայտված բացասական գնահատականներն անտեսվում են»,- հայտարարել է Զախարովան։

Ըստ նրա՝ տարածաշրջանային տարբեր հակամարտությունների կարգավորմանը Եվրամիության մասնակցության փորձը աներկբա չէ։

«Դժվար թե Բրյուսելը կարողանա պարծենալ հաջողությամբ այս ոլորտում։ Վերցնենք, օրինակ՝ միջնորդական ջանքերը և ԵՄ առաքելությունը սերբական Կոսովոյի նահանգում: Սա պետք է հաշվի առնել Հայաստանում նոր առաքելության վերաբերյալ ԵՄ որոշումը գնահատելիս»,- շարունակել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների փաթեթը մնում է տեսանելի ապագայում  տարածաշրջանում կայունության և անվտանգության հիմնական գործոնը: «Տարածաշրջանում իրավիճակի բարելավման ամենակարճ ճանապարհն անցնում է դրանց համապարփակ իրականացման միջոցով՝ ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, հասարակության, փորձագետների, կրոնական շրջանակների, երկու երկրների խորհրդարանականների միջև կապերի հաստատումը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ուղղությամբ տարվող բանակցությունները։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ հետագայում էլ նպաստել դրան»,- եզրափակել է Մարիա Զախարովան։ 

Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ 
Առաքելությունը իր աշխատանքը սկսել է այսօր։ Հայաստանում ԵՄ առաքելության բացառապես քաղաքացիական անձնակազմի թվում 100 մարդ է, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ: Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայված կլինի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել