Գրիգորի Խաչատուրովի շահերի պաշտպան Հակոբ Ենոքյանը հայտնեց, որ Խաչատուրովը ձերբակալվել է որպես մեղադրյալ երեկ՝ փետրվարի 20-ին՝ ժամը 20։10-ի սահմաններում, և ներկայացվել է դատարան, որպեսզի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկվի։
3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է ենթադրյալ փողերի լվացման մեջ, լրագրողի հարցին, թե այս գործը ինչքանով կապ ունի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործի հետ, պաշտպանը նշեց․ «Ըստ էության, նույն գործն է, ուղղակի գործերը միացրել են իրար։ Մի քանի գործ է հարուցված, միացված իրար»։
Պաշտպանը նշեց, որ մեղադրանքը առնչվում է փողերի լվացման հետ, սակայն Սեյրան Օհանյանի մասին ԱԺ-ում հնչած միջնորդությամբ նշված դեպքի հանգամանքների հետ որևէ առնչություն չունի։
«Այնտեղ պաշտոնական դիրքը օգտագործելով, չարաշահելով, պատճառած վնասի մասին է խոսքը, այսինքն՝ ինչ-որ գույքեր օտարելու, այստեղ գույքերից մեկը ձեռք բերելը որակվել է որպես փողերի լվացում»։
Ինչ վերաբերում է վաղեմության ժամկետին, պաշտպանը նշեց, որ, ըստ մեղադրանքի, այն մոտ 14 տարի առաջ կատարված իրադարձություն է․ տվյալ պարագայում վաղեմության ժամկետը 15 տարի է։
Պաշտպանը նշեց, որ քրեական գործը Արարատի մարզի Արմաշ համայնքի տարածքում գտնվող զորամասի տարածքի գնմանն է վերաբերում մասին է:
Անդրադառնալով հարցին, թե Էդգար Արշակյանը, որ հանդիսանում է գույքը ձեռք բերողը ու Գրիգորի Խաչատուրովը ինչքանով են փոխկապակվցաված, Ենոքյանը ասաց․ «Արշակյանը Գրիգորի Խաչատուրովի հետ առնչություն ունի այնքանով, որ ընկերական հարաբերությունների մեջ են, բայց Խաչատուրովը որևէ առնչություն չունի էդ գույքը ձեռք բերելու հետ»։
Հարցին, որ, ըստ դատախազության, Խաչատուրովը երկու անգամ՝ 2009-ին և 2016-ին, այս անշարժ գույքը գրավադրել է բանկում և ստացել առանձնապես խոշոր չափերով գումար, եթե Խաչատուրովը առնչություն չունի գույքի հետ, ինչպես է գրավադրել, պաշտպանն ասաց․
«Էդ 18 մլն դրամը, որ շահարկվում է, որ իբր թե մուտք է արվել, դրվել է գրավ, նախ ասեմ, որ 18 մլն դրամ վարկային գիծ տրամադրվել է մեկ այլ գույքի գրավադրմամբ, այսինքն գույք ձեռք բերելով, եթե չեմ սխալվում Վանաձոր քաղաքում Խաչատուրովին պատկանող գույքը դրված է եղել գրավ, դրանով վարկային գիծ է տրամադրված եղել 18 մլն դրամի, հետո էս գույքը, որպես լրացուցիչ միջոց, պահանջվել է բանկի կողմից ու որպես լրացուցիչ միջոց է տրամադրվել: Դա չի կարող որակվել որպես փողերի լվացում»։
Պաշտպանի խոսքով՝ գործով ապացուցման առարկա է` ձեռք բերված գույքն անօտարելի՞ էր արդյոք։
Ենոքյանը նաև ասաց, որ Խաչատուրովը երեկ՝ ժամը 20:00-ից անազատության մեջ գտնվելով, սրտանոթային հիվանդությունների հետ կապված դեղամիջոցները չի ստացել:
Նրա խոսքով՝ սնունդ նույնպես հնարավոր չի եղել փոխանցել. «Ես ՄԻՊ զանգել եմ, էական արձագանք չեղավ, ոչ մարդ եկավ, ոչ էլ այդ հարցը լուծվեց»:
Հիշեցնենք, որ փողերի լվացման համար Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Միջնորդություն է ներկայացվել 2006-2010թթ․ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գ.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը բավարարվել է:
Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովում փետրվարի 7-ին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերից առաջինը, որը վերաբերում է պաշտպանության նախարարության զորամասերից մեկի օտարման գործարքին։ Ըստ գլխավոր դատախազի՝ Օհանյանը հանձնարարել է կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել ՊՆ-ին անհատույց տրամադրած հատուկ նշանակության «Երասխ 1» տարածքն ու շինությունները։ Չբացահայտելով իրական գնորդին՝ ՊՆ ներկայացուցչի ու ՊՆ-ի N զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն՝ զորամասի շտաբը, զորամասն ու ընդհանուր մակերեսով շինությունը անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 4 մլն դրամով փաստացի վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին:
comment.count (0)