Արցախի ԱԺ նիստին չմասնակցելը մեսիջ էր այս իշխանություններին. Դավիթ Գալստյան
 |news.am|
14:56 - 23 փետրվարի, 2023

Արցախի ԱԺ նիստին չմասնակցելը մեսիջ էր այս իշխանություններին. Դավիթ Գալստյան |news.am|

news.am: Երեք խմբակցությունների՝ Ազգային ժողովի նիստին չմասնակցելը մեսիջ էր այս իշխանություններին, որ Արցախում այսօր տեղի ունեցող իրադարձությունները վտանգավոր են եւ պետք է զերծ մնալ Արցախը ցնցումների տանելուց: Այս մասին ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

Նշենք, որ ԱՀ ԱԺ այսօրվա նիստին ընդդիմադիր 3 խմբակցությունները հրաժարվել են մասնակցել:

«Օրվա իշխանությունների որոշումները եւ Ազգային ժողովի այսօրվա լիագումար նիստի օրակարգը չի արտացոլում այսօր տեղի ունեցող իրադարձություններն Արցախում: Այսօրվա խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի տրամադրությունները ու չի վայելում ժողովրդի վստահությունը: Նման հարցեր քննարկելու համար այսօր ոչ պատեհ առիթ էր: Մենք դրանով ցույց ենք տվել, որ Արցախում ապրող ժողովրդի մտահոգությունները կիսում ենք:

Մեր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմով փորձում ենք ներազդել իշխանությունների որոշման վրա, սակայն տեսնում ենք, որ նրանք մեծամասնություն են, կարողանում են իրենց կողմից առաջ բերված ցանկացած որոշում կյանքի կոչել»,- ասաց Դավիթ Գալստյանը:

Հիշեցնենք, որ Արցախի «Արդարություն» կուսակցությունը, ՀՅԴ Արցախի կառույցը եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները երեկ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես էին եկել հայտարարությամբ: Ըստ հայտարարության՝ վերջին շրջանում, հակառակ նախորդ երկու տարիներին Արցախի ներքաղաքական ամրության համար գործադրված ջանքերի, կտրուկ ակտիվացել են արտաքին ազդեցության գործոնները, եւ այդ միջոցով փորձ է արվում կոտրել Արցախի ժողովրդի՝ իր ապագայի համար պայքարելու կամքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել