Ինրպես արդեն հայտնել էինք, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ, որի ընթացքում Արայիկ Հարությունյանը կառավարության նիստում հրապարակել է Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։
Նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել է նաև իր և Ռուբեն Վարդանյանի հարաբերությունների վերաբերյալ քննարկումններին ու նշել․
«Վերջին շրջանում Արցախի հետ կապված ամենաքննարկվող թեման դարձել էր իմ և Ռուբեն Վարդանյանի հարաբերությունները, վերջինիս՝ պետական նախարարի պաշտոնում գտնվելը, պաշտոնից ազատելու շուրջ լուրերը: Հերթական անգամ մենք ականատես եղանք, որ մեզանում կան մարդիկ և ուժեր, որոնք իրենց քաղաքական ամբիցիաները բավարարելու, կողքինների նկատմամբ անձնական ատելությունն ու թշնամանքը ցուցադրելու համար ունակ են մինչև անգամ խորտակելու սեփական երկիրը, ոտնատակ տալու մեր ժողովրդի շահերը: Այս չակերտավոր պայքարում նման մարդիկ և ուժերը ունեն առավելություն այն առումով, որ իրենք կարող են բավարարել սեփական ցանկությունները պետությանը, մեր ժողովրդին վնասելու հաշվին, մինչդեռ մենք, նկատի ունեմ, պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք, չունենք նման քայլերի դիմելու բարոյական և իրավական հնարավորություն: Նման պահվածք, դժբախտաբար, կարող են ցուցաբերել շատերը, բայց ոչ երբեք՝ Ռուբեն Վարդանյանը:
Ռուբեն Վարդանյանը իմ ամենամտերիմ ընկերներից է, այն բացառիկներից, ով որոշեց Արցախ տեղափոխվել ու այստեղ ապրել մեր ժողովրդի համար ամենադժվար ու ամենաօրհասական պահին: Լուրը ինձ համար ցնցող էր, և այդ որոշման մասին անձամբ Ռուբեն Վարդանյանից լսելուց հետո անմիջապես առաջարկեցի ներգրավվել պետական համակարգում՝ պետական նախարարի պաշտոնում: Ճանաչելով Ռուբեն Վարդանյանին՝ համոզված էի, որ նա վայրկյան անգամ չէր տատանվի այդ պատասխանատվությունն ստանձնելու առաջարկիս շուրջ: Ցավոք, Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարմանն ընդամենը օրեր անց հաջորդեց Արցախի շրջափակումը, որը գրեթե չեզոքացրեց այն բոլոր ծրագրերը, որոնք պետք է իրագործվեին նրա և կառավարության կողմից:
Մեր ժողովուրդը համառորեն համախմբվեց և ընտրեց մեզ բաժին հասած դժվարություններն ու փորձությունները արժանապատվորեն և բաց ճակատով հաղթահարելու ճանապարհը: Ես հիմա ուզում եմ հրապարակայնորեն ասել, որ այդ պայքարը նաև հանուն մեզ համար մեծ արժեք ներկայացնող Ռուբեն Վարդանյան անձի էր: Մտքիս դիտավորյալ խեղաթյուրումն ու կեղծ մեկնաբանությունները բացառելու համար պետք է շեշտեմ, որ մեր պայքարը սկսելու պահից Ռուբեն Վարդանյանն իր մեջ և իր դեմքում այլևս ամփոփում էր Արցախը և մեզանից յուրաքանչյուրին, իսկ արցախցուն հատուկ չէ ինքն իրեն կամ ընկերոջը դավաճանելը:
Այս ողջ ընթացքում ես և Ռուբեն Վարդանյանը եղել ենք միասին՝ ամենօրյա ռեժիմով հետևելով ինչպես Արցախում, այնպես էլ արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, զարգացումներին, մշտապես մտքեր ենք փոխանակել ստեղծված իրավիճակում լուծումների շուրջ: Ես շնորհակալ եմ պարոն Վարդանյանին այն բանի համար, որ ինչպես ընկերական, այնպես էլ գործընկերային հարաբերություններում նա մշտապես առավելագույն չափով ձգտել է կիսել պատասխանատվությունն ինձ հետ և ոչ թե սահմանադրական նորմերի վրա հղում անելով՝ փորձել բարդել ինձ վրա: Բայց, մյուս կողմից, նա գիտակցումով և ըմբռնումով էր մոտենում նաև Արցախում ստեղծված իրավիճակի ու հետագա բոլոր խնդիրների համար իմ անձնական պատասխանատվության ծավալին ու չափին:
Այս ողջ ընթացքում ես մշտապես քննարկում, գնահատում և վերլուծության էի ենթարկում այն բոլոր խնդիրները, որոնք գոյություն են ունեցել ու լրացուցիչ ձևավորվել են Արցախի շրջափակումից հետո, հետևել եմ Արցախի և Հարավային Կովկասի շուրջ աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին, անց եմ կացրել մի շարք խորհրդակցություններ և դրանց մասին իրազեկել եմ նաև Ռուբեն Վարդանյանին, ունեցել ենք համատեղ քննարկումներ: Թեև մեր հետագա քայլերի ու ճանապարհի կառուցման ձևի վերաբերյալ մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ ուրույն տարբերակ, այդուհանդերձ Ռուբեն Վարդանյանը ըմբռնումով է մոտեցել իմ դիրքորոշմանը, ընդունելով, որ ամեն դեպքում իրավիճակին ամենախորը տիրապետում եմ ես, ի պաշտոնե տեղեկացված եմ առավելագույն չափով և տեղեկատվության համակողմանի ու խորը գնահատականները առավել ամբողջական կարող են տրվել իմ կողմից:
Գիտակցելով Արցախի ու մեր ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը և Արցախը զարգացնելու և առաջիկա մարտահրավերներին դիմագրավելուն պատրաստ լինելն ապահովելու փոխարեն մեր բոլորիս և պետության, առանց փակագծեր բացելու, բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար՝ որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից: Քանի որ գրեթե չորս ամիս առաջ ես ինքս եմ նշանակել պարոն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում, ապա պետք է ընդգծեմ, որ այն ժամանակվա և ներկա իրավիճակները մեծապես տարբերվում են և՛ արտաքին, և՛ ներքին առումներով: Այնուամենայնիվ, ես բարձր եմ գնահատում այս ընթացքում պարոն Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:
Օրեր շարունակ այս թեման շրջանառվում էր մամուլում՝ ամենատարբեր մեկնաբանությունների զուգորդմամբ: Ոմանք մտահոգվում էին Ռուբեն Վարդանյանի համար, ոմանք փորձում այս որոշումը ներկայացնել որպես պայքարի ոգու ջլատում, նույնիսկ կան այնպիսինները, որոնք հայտարարում են, որ սա Ադրբեջանի թելադրանքի կատարում է: Չցանկանալով անդրադառնալ այսպիսի բնութագրությունների հեղինակներին, զերծ մնալով նրանց որակումներ ու գնահատականներ տալուց՝ ընդամենը կասեմ, որ որևէ մեկը չի կարող ավելի մեծ ցավ ապրել այս որոշումից, քան ես: Ասեմ նաև, որ ես իմ քայլերն ու որոշումները, բացի Արցախի ժողովրդից ու պետական մարմիններից, որևէ մեկի հետ չեմ քննարկում և չեմ համաձայնեցնում: Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում նշանակել եմ իմ որոշմամբ ու առաջարկը արել եմ իմ նախաձեռնությամբ, այն հավանության էր արժանացել Արցախի ժողովրդի կողմից, նման որոշում կայացնելու ժամանակ գիտակցել եմ Ադրբեջանում և այլ տեղերում խնդիրների ծագման հավանականությունն ու հնարավորությունը, բայց ոչ ոք ինձ չէր խանգարել ու չէր կարող խանգարել նման որոշում կայացնելու համար:
Ինչ վերաբերում է մեր ժողովրդի պայքարին, ապա այն երեկ չի սկսվել, և այս առումով մեր պայքարը չի կարելի անձնավորել: Մեր պայքարը ունի դարերի պատմություն, այն երբեք ինձանով, Ռուբեն Վարդանյանով կամ ուրիշներով պայմանավորված չի եղել: Այդ պայքարը կա և լինելու է՝ անկախ մեզանից: Մեր ժողովրդի պայքարը անկոտրում է:
Վստահ եմ, որ Ռուբեն Վարդանյանը մնալու է Արցախում և իր ակտիվ հասարակական գործունեությամբ բազմապատկելու է Արցախի զարգացմանն ուղղված իր ջանքերը: Մեր անձնական հարաբերությունները մնում են բարձր մակարդակի վրա, և ես մեծապես կարևորում եմ պետական մարմինների ու պաշտոնյաների ակտիվ համագործակցությունը պարոն Վարդանյանի և նրա գլխավորած կազմակերպությունների հետ, քանի որ նա հայրենիքի նվիրյալ է և գիտակցում է Արցախի արժեքը ողջ հայ ժողովրդի համար:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական կուրսի շուրջ իմ ու Ռուբեն Վարդանյանի տարաձայնությունների վերաբերյալ շահարկումներին, ապա նշեմ, որ երկուսիս ռազմավարական նպատակն Արցախի հայկական, անկախ ու անվտանգ ապագան է, երկուսս էլ ունենք նույն ընկալումը Արցախի ժողովրդի կենսական շահերի ու կարմիր գծերի վերաբերյալ: Այնուամենայնիվ, մեր կարճաժամկետ մոտեցումներն ունեն որոշակի մարտավարական տարբերություններ, որոնց հիմքում ընկած են մեր ընկալումների տարբերությունները որոշակի գործոնների վերաբերյալ, այդ թվում՝ աշխարհի ու տարածաշրջանի խիստ անկանխատեսելի անկայունությունը, կարմիր գծերի պաշտպանության մեթոդները, հայկական ռեսուրսների ու լծակների կիրառման արդյունավետությունը, աշխարհաքաղաքական դերակատարների շահերի ու լծակների ազդեցությունը:
Կուզեի ընդգծել նաև, որ այս հարցերի շուրջ պարբերաբար քննարկումներ ու բանավեճեր ենք ունենում, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի կազմով: Ինձ համար մի բան միանշանակ է, որ Արցախում չկա մի պաշտոնյա, որը որևէ կերպ շեղվող մոտեցում ունենա մեր ռազմավարական նպատակներից և Արցախը տեսնի Ադրբեջանի կազմում: Ուստի, խիստ անընդունելի են շահարկումները Ադրբեջանի հետ ինտեգրացիայի, պայքարի դադարեցման և այլ հարցերի շուրջ, դրանք դավաճանական հարվածներ են հենց Արցախի ժողովրդին: Ես վստահ եմ, որ անկախ իշխանությունում գտնվող անձերից՝ Արցախի ժողովուրդը չի կարող դադարեցնել իր պայքարը՝ հանուն սեփական հողում իր իրավունքների ու արժանապատվության: Անձինք անցողիկ են, իսկ հայ ժողովրդի (ներառյալ՝ արցախյան հատվածի) պայքարն ու ազգային շահերը՝ հավերժական: Մենք այստեղ ենք՝ մեզ վստահված ժամանակահատվածում ապահովելու այդ պայքարի շարունակականությունը և ազգային շահերի պաշտպանությունը: Ով այդ ճանապարհից շեղվի, կստանա պետական ու ժողովրդական պատիժ պետական ու ազգային դավաճանության համար: Իսկ մարտավարական հարցերում բանավեճի գլխավոր դատավորը ժամանակն է:
Մյուս կողմից, պետք է գիտակցել, որ շատ հեշտ է պաշտոնական պատասխանատվություն չունեցող և այսբերգի միայն արտաքին մասը տեսնող մարդկանց համար պարզապես քննադատել և առերևույթ «խելամիտ» խորհուրդներ տալ: Այնինչ, իրականությունը շատ ավելի բարդ է, և անհրաժեշտ է զգուշավոր ու հետևողական աշխատանքով մեր վիրավոր նավը հանել ալեկոծություններից ու հասցնել փարոսին: Եվ այդ առումով, որքան էլ կարևոր է հանրության հետ բաց ու անկեղծ երկխոսությունը, միևնույն է՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ամեն ինչ հնարավոր չէ հրապարակային ներկայացնել, քանի որ մեզ միայն մենք չենք լսում, այլև՝ հակառակորդը, որը հաշվի է առնում ամեն մի տվյալ ու հանգամանք մեզ էլ ավելի թուլացնելու ջանքերում»։
comment.count (0)