Ինչո՞ւ և ի՞նչ հանգամանքների բերումով է գողական ենթամշակույթը հայտնվում հանրակրթության ոլորտում
17:48 - 02 մարտի, 2023

Ինչո՞ւ և ի՞նչ հանգամանքների բերումով է գողական ենթամշակույթը հայտնվում հանրակրթության ոլորտում

Վերջին տարիներին հանրակրթական հաստատություններին վերաբերող մի շարք ուսումնասիրություններ և հրապարակային հաղորդումներ վկայում են, որ աշակերտների միջանձնային հարաբերություններում տակավին լայն տարածում ունեն բռնության տարբեր դրսևորումներ, որոնք զուգորդվում են գողական ենթամշակույթին բնորոշ հասկացությունների և վարքագծային նորմերի գործածմամբ։ Դպրոցներում արատավոր համարվող այդ երևույթի առկայությունը մանկավարժներն ու ծնողները պատճառաբանում են հիմնականում արտաքին գործոնի՝ փողոցային բարքերի անբարերար ազդեցությամբ։ Առաջին հայացքից անվիճելի թվացող այդ մեկնաբանությունը, սակայն, կասկածի տեղիք է տալիս, երբ փորձում ենք հասկանալ թե ինչու նույն համայնքի միևնույն թաղամասում գտնվող 3 դպրոցներից երկուսում վերոհիշյալ փաստերը  դիտարկելի են, իսկ երրորդում՝ ոչ։ Պարզաբանում պահանջող մեկ այլ հարց է այն, թե ինչու է բռնությունն ուղեկցվում հենց գողական ենթամշակույթին բնորոշ վարքագծային նորմերով և հասկացություններով։

Փողոց ասելով՝ մանկավարժներն ու ծնողները նկատի ունեն հանրային օգտագործման այն տարածքները, որտեղ բնակիչների և, մասնավորապես, դպրոցական տարիքի երեխաների վարքը վերահսկվում և ուղղորդվում է որոշակի անձանց կամ խմբերի կողմից, որոնք առաջնորդվում են գողական ենթամշակույթի վարքականոններով և հասկացություններով։ Քաղաքների բակային ու թաղային միջավայրերում գողական ենթամշակույթի տարածման պատմությանը և յուրահատկություններին նվիրված, մշակութային մարդաբան Ա․ Թադևոսյանի հետ մեր համահեղինակած մի ուսումնասիրությունում (Քրեական /գողական/ ենթամշակույթի բացատրական բառարան) որպես այդ երևույթի առաջացման պատճառներ ենք նշել, մի կողմից, 1950-ական թթ. ԽՍՀՄ-ում խոշորագույն կալանավայրերի (ԳՈՒԼագ) համակարգի վերացումը, որի հետևանքով տասնյակ հազարավոր բռնադատվածներ ազատ արձակվեցին և վերադարձան իրենց բնակության նախկին վայրերը՝ իրենց հետ բերելով կալանավայրերում հաստատված գողական ենթամշակույթի հասկացություններն ու վարքագծի մոդելները, մյուս կողմից, խորհրդային իրավապահ և արդարադատություն իրականացնող մարմինների անգործությունը կամ ի վնաս արհեստավորաբանվորական խավերի շահերին գործելը, ինչի հետևանքում բնակչության այդ խավերի ներկայացուցիչները արդարության հաստատման և անվտանգության պաշտպանության այլընտրանքային երաշխավորների որոնումներում աջակցություն էին գտնում թաղամասերում հատուկ կարգավիճակ զբաղեցնող գողական հեղինակությունների շրջանում։ Հետագայում ավագ ազգականների և թաղեցիների վարքագիծն ու բառապաշարը կրկնօրինակելու եղանակով գողական ենթամշակույթի հասկացություններն ու վարքագծի մոդելները տարածում են գտնում նաև բնակչության տարիքային ավելի ցածր խմբերում։ 

Նշվածից գործոններից բացի՝ արհեստավորական-բանվորական միջավայրում գողական ենթամշակույթի տարածման գործում դերակատարություն է ունեցել թերևս ոչ պակաս կարևոր մեկ այլ գործոն։ Բանն այն է, որ 1960-ական թթ․ սկսած՝ վերոհիշյալ աշխատավորական խավերի մարդիկ գնալով ավելի էին համոզվում, որ Խորհրդային պետության կողմից քարոզվող թեզերը, թե տքնաջան ու բարեխիղճ աշխատանքի շնորհիվ բարեկեցիկության և բարձր դիրքի են հասնում, կեղծիք են և անիրականանալի քարոզչություն։ Այդ ժամանակներում իրականում առավել բարեկեցիկ վիճակի և բարձր դիրքի էին հասնում հիմնականում նրանք, ովքեր գողություն էին անում պետական հիմնարկություններից, ովքեր իրենց աշխատանքում գլուխ էին պահում և վատ որակի աշխատանք էին կատարում։ Բարգավաճում էին նրանք, ովքեր կաշառքով վաստակավոր աշխատողի կոչում և աշխատանքում ունեցած «հաջողությունների» համար կեղծ պատվոգրեր էին ստանում։ Իրենց աշխատանքային կարիերայում առաջընթաց էին ունենում նրանք, ովքեր ծանոթ-բարեկամական կապերով եկամտաբեր աշխատանքի էին տեղավորվում կամ եկամտաբեր պաշտոն էին ձեռք գցում։

Մյուս կողմից, աշխատանքային հիմնարկությունների մեծ մասում սովորական պրակտիկա էր, որ թե՛ վատ և թե՛ լավ աշխատողները վարձատրվում էին հավասար չափով, ինչը նույնպես խրախուսում էր աշխատավայրում գլուխ պահելը և ցածրորակ աշխատանք կատարելը։ Նշված երևույթները մեր հանրապետությունում հատկապես լայն տարածում ստացան 1960-ական թթ․ երկրորդ կեսից։ Նույն ժամանակամիջոցում է, որ ՀՀ խոշոր քաղաքային բնակավայրերում և հիմնականում արհեստավորաբանվորական բնակչություն ունեցող թաղամասերում նկատելի է դառնում գողական ենթամշակույթի ազդեցության մեծացումը։

Վատ որակի աշխատանք կատարելը և աշխատանքում գլուխ պահելը, ինչպես գողանալը, վարքագծի այնպիսի մոդելներ են, որոնք խրախուսվում են գողական ենթամշակույթում։ Գողական ենթամշակույթում նույնիսկ նշված երևույթների համար հատուկ հասկացություններ են օգտագործվում՝ «տուֆտել» և «սաչկավատ լինել»։ Նա, ով վատ որակի աշխատանք է կատարում կամ գլուխ է պահում, մեծ հաշվով գործում է պետության և պետական հիմնարկության դեմ, ինչը գողականության կողմից դեռևս ենթամշակույթի սաղմնավորման ժամանակներից քարոզվող գերնպատակներից մեկն է։ Նշված նպատակով առաջնորդվող արհեստավորը կամ բանվորը սովորաբար հայտնվում էր գողական ենթամշակույթի արժեքային դաշտում, որտեղ հնարավորություն ուներ արդարացնելու իր վարքագիծը և որոշակի պաշտպանություն ակնկալելու։ Ի հետևանս՝ նա նաև ակամա դառնում էր այդ ենթամշակույթի առջև պարտավորված մեկը և «պար ես մտել, պիտի շորորաս»-ի տրամաբանությամբ հարկադրված էր հետևել գողական մյուս հասկացություններին ու արժեքներին, ինչպես օրինակ՝ գործ չտալը, աբշակին (գողականների գանձարանին) գումարով օգնելը («գրեֆ» անելը) և այլն։ Այդպիսով, հիմքեր էին ստեղծվում պետական հիմնարկություններ գողական ենթամշակույթի վարքագծային կաղապարների ներթափանցման համար, ինչը ուղեկցվում էր, մի կողմից, նոր ձևավորվող արատավոր պրակտիկաները ձևակերպելու և անվանելու, մյուս կողմից, դրանք լրացնելու և հարստացնելու գործընթացով։  Այսինքն, գողական ենթամշակույթի թափանցումը և ազդեցության տարածումը աշխատանքային միջավայրերում պայմանավորված էին նրանով, որ «հյուրընկալ» միջավայրերի համար հռչակված խաղի կանոնները այլևս չէին ծառայում հռչակված  նպատակին, և վերջինիս կարելի էր հասնել դրանց փոխարինման եկած այլ միջավայրի խաղի կանոններով, դիցուք՝ գողանալով, «սաչկավատ լինելով» և «տուֆտելով»։

Վերադառնալով դպրոցներում գողական ենթամշակույթին բնորոշ հասկացությունների և վարքագծի կաղապարների տարածման խնդրին՝ կարող ենք ենթադրել, որ դրանց տարածումը ցուցում է հանրակրթության հռչակած նպատակների և դրանց հասնելու միջոցների միջև առաջացած խզվածքը։ Աշակերտների և դիմորդների գիտելիքների տարբեր ստուգատեսները պարբերաբար վերահաստատում են, որ բարձր միավորներ ստացող աշակերտները հաճախ չունեն հանրակրթական չափորոշիչների պահանջներին համապատասխան գիտելիքներ։ Չնայած այդ հանգամանքին՝ նրանք շարունակում են բարձր միավորներ ստանալ, փոխադրվել բարձր դասարաններ, ավարտել դպրոցը և ստանալ շրջանավարտի վկայագրեր։

Ինչո՞ւ և ինչպե՞ս է հնարավոր  վերոհիշյալ գործընթացը։ Արդյո՞ք այն չի վկայում, որ հանրակրթության մասնակիցները՝ գիտելիք փոխանցողները և յուրացնողները, ինչպես նաև այդ գործընթացը վերահսկող պատասխանատուները, զբաղված են գլուխ պահելով և վատ աշխատանք կատարելով։ Անհավանակա՞ն է արդյոք, որ այդ իրողությունների պայմաններում, երբ գիտելիք յուրացնելու համար ջանքեր գործադրող և չգործադրող աշակերտները գնահատվում են միևնույն բալերով, ջանքեր գործադրած աշակերտը կարող է հայտնվել «հարիֆի» ու «դոձիկի» վիճակում և ի հետևանս լռությամբ ու հանդուրժողաբար ստիպված լինի ենթարկվել գլուխ պահող և վատ սովորող աշակերտների կողմից պիտակման ու հալածման կամ հալածանքներից խուսափելու նպատակով պիտի հրաժարվի իր սկզբունքներից և ընկերություն անի հալածողների հետ՝ ի հաշիվ լավ սովորելու։ Իսկ եթե կարգապահ և լավ սովորող աշակերտը շատ համառն է և վեճի մեջ է մտնում վատ սովորող և «գողական գնացող» դասընկերոջ հետ, ո՞ւմ է պաշտպանելու վեճի մասին տեղեկացած ուսուցիչը կամ տնօրենը։ Ամենայն հավանականությամբ ոչ նրան, ով կարգապահ ու գերազանցիկ  է, այլ նրան, ում որ ծանոթով կամ նվերի դիմաց բարձր միավոր է նշանակել։ Սա է այն հնարավոր տխուր հեռանկարը, որը սպասվում է հանրակրթության հռչակած խաղի կանոններով խաղալ փորձող աշակերտին։ Հենց նման հեռանկարն է, որ անկասելի է դարձնում քրեական բարքերի տարածումը հանրակրթական հիմնարկություններում։ Այսինքն, այնտեղ, որտեղ տեղ ունեն գլուխ պահելն ու վատ որակի աշխատանքը, հնարավոր է գողական ենթամշակույթի ներթափանցում։ Որովհետև, ինչպես արդեն ասել ենք, գողական ենթամշակույթը ողջունում և խրախուսում է «սաչկավատ լինելն» ու «տուֆտելը»։ Ընդ որում, ամենևին նշանակություն չունի, թե որտեղից է այն ներթափանցում։ Մեծ հաշվով գողական ենթամշակույթի հասկացություններն ու վարքի մոդելները մեզանում այնքան հանրահայտ գիտելիքներ են, որ կարևոր չէ որևէ տարածքում դրանց բացահայտ դրսևորումը։ Դրանք մեզանում գոյություն ունեն ներակա (իմպլիցիտ) ձևով, ինչպես թաքնված վիրուսը, որը սպասում է բարենպաստ գործոնների հայտնվելուն, որպեսզի բացահայտվի և ախտահարի ամբողջ օրգանիզմը։ Այդ տեսանկյունից կարևոր է արձանագրել, որ վերջին տարիներին, չնայած հանրակրթական հաստատություններում գողական ենթամշակույթի բացահայտ դրսևորումներին, բակային և թաղային միջավայրերում դրանց ներկայությունը գնալով պակաս նկատելի է դառնում։ 

Նիկոլ Մարգարյան 
Մշակութային մարդաբան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել