Ոստիկանությունը 2023 թվականը հայտարարել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի. նախարար
 |armenpress.am|
17:53 - 01 մարտի, 2023

Ոստիկանությունը 2023 թվականը հայտարարել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի. նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ոստիկանության կողմից 2023 թվականը հայտարարվել է թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի տարի: Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը վստահեցնում է, որ մինչև տարեվերջ այդ առումով դրական արդյունքներ կլինեն:

Ղազարյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի ավելացման դեպքերի վերաբերյալ հարցին:

«Ոստիկանության կողմից բավականին աշխատանքներ են տարվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ: 2023 թվականի հունվարի 1-ից առ այսօր ՆԳՆ ոստիկանության կողմից օպերատիվ ամփոփագրերով արձանագրվել է 324 դեպք, որից 122-ը՝ իրացման, 150-ը՝ պահելու: Նշված դեպքերից մոտ 45-ը սինթետիկ թմրանյութեր են: Իրոք մտահոգիչ է: Ես վստահ եմ, որ կան թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեծ ծավալներ: Այդ պատճառով 2023 թվականը Ոստիկանության կողմից հայտարարվել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի»,-ասաց Ղազարյանը:

Թմրամիջոցների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար մշակվել է ռազմավարության ծրագիր: Նախարարը հայտնեց, որ համագործակցում են միջազգային կառույցների հետ, ուսումնասիրում են այլ երկրների արդյունավետ փորձերը, որի արդյունքով նպատակ ունեն օրենսդրական փոփոխություններ իրականացնել, բացատրական աշխատանքներ են կատարում անչափահասների և երիտասարդության շրջանակում: Նախատեսվում է նաև ուժեղացնել սահմանային անցակետերում հսկողությունը, որում կներգրավվեն նաև վարժեցված հատուկ շներ:

«Գիտենք, որ այսօր ամենաշատ տարածվածը համացանցի միջոցով է: 2022 թվականին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստեղծվեց համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին: Բավականին արդյունավետ աշխատանքներ ծավալվեցին, ունեցանք բավականին լավ արդյունքներ: 2023 թվականին հայտնաբերվեց 143 դեպք՝ «Տելեգրամ» ալիքով»,-ասաց նախարարը:

Նախատեսվում է այդ բաժինն ընդլայնել՝ դարձնելով վարչություն:

Պատգամավորը նկատեց՝ տելեգրամյան ալիքների նման գովազդներ են փակցվում անգամ դպրոցների հարակից շինություններում: Նախարարը վստահեցրեց, որ կանեն ամեն ինչ, մինչև տարվա վերջ բավականին դրական արդյունքներ կլինեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել