Խորհրդային ժամանակաշրջանից մնացած գիտական ժառանգություն, արագ զարգացող բարձր տեխնոլոգիական ոլորտ, Սփյուռքի մեծ ներուժ և երկրում ներդրումներ կատարող միջազգային կազմակերպություններ. Հայաստանի այն առավելությունները, որոնք գրավեցին «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» միջազգային ընկերությանը, և երրորդ գիտահետազոտական կենտրոնը (R&D Center) բացվեց Հայաստանում։
Արդյունքում 2018 թվականին բացված PMI Science գիտահետազոտական կենտրոնն արդեն շուրջ 16 միլիոն դոլար է ներդրել Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ոլորտում, համագործակցում է Հայաստանի 150-ից ավելի գիտնականների, գրեթե բոլոր գիտահետազոտական ինստիտուտների ու պրոֆիլային համալսարանների հետ։
Կենտրոնի նպատակն է իր ծրագրերի և նախագծերի միջոցով նպաստել Հայաստանում այնպիսի գիտական էկոհամակարգի ձևավորմանը, որը խթանում է նորարարութունը, երիտասարդների համար գիտությամբ զբաղվելը հրապուրիչ է դարձնում և ունակ է ներդրումներ գրավելու մասնավոր հատվածից։
Նորարարությունն ու գիտությունը՝ ընկերության գործունեության հիմքում
«Ֆիլիպ Մորրիսի» PMI Science գիտահետազոտական կենտրոնը գտնվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տարածքում։ Կենտրոնը Հայաստանում բացվել է 5 տարի առաջ և PMI-ի երրորդ գիտահետազոտական կենտրոնն է ամբողջ աշխարհում։ Մյուս երկուսը գտնվում են Շվեյցարիայում (Կուբ) և Սինգապուրում։
PMI-ի՝ տարբեր երկրներում տեղակայված մասնաճյուղերն ու գիտահետազոտական կենտրոնները որդեգրել են գործունեության մատրիցային կառավարման սկզբունքը. բոլորը բոլորի հետ աշխատում են, նույն խնդիրների լուծման շուրջ համագործակցում և գիտելիքներ փոխանակում։
Ըստ հաղորդակցման և գիտական ներգրավման թիմերի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանի՝ PMI-ի բոլոր կենտրոններն էլ տարբեր ծրագրերի շրջանակներում համագործակցում են։ Դժվար է գտնել արտադրանք, որի գաղափարը կամ արտադրությունը սահամափակվի միայն մեկ երկրով։ Բոլոր ծրագրերը փոխկապակցված են նոր սերնդի այլընտարնքային պրոդուկտների հետ, որոնց վրա էլ ընկերությունը կառուցում է իր զարգացման ռազմավարությունը։
Նոր արտադրանքների և ոլորտների զարգացումը PMI-ում սկսվել է դեռևս 1990-ականների վերջերին։ 2008 թվականին PMI-ը բացահայտ հետաքրքրություն է ցուցաբերում գիտության և գիտնականների հետ աշխատանքներ իրականցնելու ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց հստակ ռազմավարություն է մշակում, ըստ որի՝ 2025 թվականին իր եկամուտների 50 տոկոսը ստանալու է այլընտրանքային պրոդուկտներից։ Ընկերությունն արդեն իսկ 9 միլիարդ դոլարից ավելի ներդրումներ է իրականացրել անծուխ արտադրատեսակների մշակման ու գիտական գնահատման համար։
«Ցանկացած խոշոր ընկերության զարգացման միակ ճանապարհը նորարարություններն են։ Եթե այդ ուղղությամբ քայլեր չեն արվում, ապա ընկերությունը գոյատևել չի կարող։ Հենց սրա համար է կենտրոնը կարևորում աշխատանքը գիտնականների հետ»,- նշում է ընկերության ավագ գիտաշխատող Վարդան Սարգսյանը։
Ուժեղացնել Հայաստանի գիտական և կրթական էկոհամակարգը ներսից
Շվեյցարիայի գիտահետազոտական կենտրոնում ներքին ծրագրերի վրա աշխատում է ավելի քան 900 գիտնական, իսկ Հայաստանի գիտահետազոտական կենտրոնը ավելի շատ շեշտը դնում է արտաքին հետազոտությունների վրա՝ դրանով իսկ ձեռք բերելով յուրահատուկ աշխատելաոճ․ ծրագրերի մեծամասնությունը իրականացվում է գիտական ինստիտուտների հետ համագործակցությամբ։
PMI-ը տարեկան 10 մագիստրոսի տրամադրում է կրթաթոշակ, 10 ասպիրանտ ամեն ամիս 350 հազար դրամից ավելի աջակցություն է ստանում։ Գիտական խմբերն իրենց գաղափարներն իրականացնելու համար նույնպես ստանում են աջակցություն. յուրաքանչյուր խումբը՝ շուրջ 7 մլն դրամ։
«PMI-ի որդեգրած սկզբունքն այն է, որ համագործակցենք համալսարանների և գիտական ինստիտուտների հետ։ Դրա համար մեզ մոտ ներքին հետազոտությունները քիչ են, և հիմնական հետազոտություններն իրականացնում են մեր արտաքին գործընկերները։ Այս ընթացքում համագործակցել ենք ֆիզիկայի, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտների, Պոլիտեխնիկի, ԵՊՀ-ի, Հայ-ռուսական համալսարանի և այլ համալսարանների ու ինստիտուտների հետ»,- պատմում է նորարարությունների և համագործակցությունների մենեջեր Օֆելյա Սարգսյանը։
Թե ինչպես է ընտրվում համալսարանը կամ գիտական ինստիտուտը, որի հետ համագործակցելու են, կախված է իրականացվող նախագծի բնույթից։ Իսկ նախագծերի թեմաները, ինչպես ցանկացած նորարարական ընկերությունում, PMI գիտահետազոտական կենտրոնում ևս կարող են կտրուկ տարբերվել։
PMI Science գիտահետազոտական կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որոնցից անվճար կարող է օգտվել Հայաստանի ցանկացած գիտնական կամ գիտական կազմակերպություն։ Կենտրոնն իր գիտական և կրթական ծրագրերով նպաստում է Հայաստանում մի շարք գիտակարգերի զարգացմանը՝ նյութաբանություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, մաթեմատիկա և այլն։
Գիտահետազոտական կենտրոնում միջազգային չափանիշներին համապատասխանող աշխատանքային գործընթացները նպաստում են Հայաստանի գիտական էկոհամակարգում համագործակցության մթնոլորտի և աշխատանքային մշակույթի զարգացմանը։
«Հայաստանում գիտական աստիճան ստանալուց հետո շատերը թողնում են գիտությունը և անցնում այլ աշխատանքի, որը, ի տարբերություն գիտության, ֆինանսապես ավելի շահավետ է։ Գիտական աշխատանքը մեր ապագան է, և ընկերությունը շատ լավ գիտակցում է, որ եթե չունենա գիտնականներ և համապատասխան մասնագետներ, նորարական բազմաթիվ խնդիրներ լուծելն անհնար կլինի: Այդ է պատճառը, որ PMI-ը երիտասարդ գիտնականների համար տարբեր ծրագրեր է իրականացնում։ PMI-ի կողմից տրամադրվող աջակցությունը նպաստում է, որ երիտասարդ գիտնականները մնան գիտության մեջ, նույնիսկ եթե նրանք այս պահին մեզ հետ չեն համագործակցում։ Բացի այդ` ընկերությունը սեփականության իրավունքի ոչ մի հավակնություն չունի այն աշխատանքների նկատմամբ, որոնք արվում են դրամաշնորհ ստացած երիտասարդ գիտնականների և ուսանողների կողմից»,- ասում է Վարդան Սարգսյանը։
«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում գիտությունը թերֆինանսավորված է,- ասում է Տաթևիկ Հովհաննիսյանը։- Մենք ունենք լավ գիտնականներ, բայց, միևնույն ժամանակ, գոյություն ունի գիտնականների արտահոսք, որոնք հեռանում են ավելի բարեկեցիկ կյանքի ակնկալիքներով։ Գիտության հարատևությունն ապահովելու համար մեզ անհրաժեշտ են երիտասարդ կադրեր։ Եթե նայենք, թե ինչ է կատարվում աշխատանքային շուկայում և մասնագիտական կողմնորոշման ոլորտներում, ապա կտեսնենք, որ երիտասարդների քիչ տոկոսն է, որ իրեն տեսնում է որպես ապագա գիտնական։ Գիտնականները չեն ստանում այն ֆինանսավորումը, որին արժանի են։ PMI-ը մշակել է էկոհամակարգի զարգացման ռազմավարություն։ Ենթադրվում է որ գիտնականին կամ այն մարդուն, որ որոշել է դառնալ գիտնական, մենք տանք աջակցություն՝ սկսած հենց մագիստրոսական կրթությունից»։
Ըստ Վարդան Սարգսյանի՝ Հայաստանի գիտական էկոհամակարգի պոտենցիալը բավականին մեծ է։ Մեր գիտնականներն անգամ ամենաանելանելի ու սուղ պայմաններում կարողանում են լուծումներ գտնել։ Սակայն գիտական հոդվածների տպագրման համար գիտնականները պետք է որաշակի չափումներ իրականացնեն, որոնք պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին։ Դա անհնար է դառնում սարքավորումների բացակայության պայմաններում։ Թվում է, որ խնդիրը հեշտությամբ կարելի է լուծել, սակայն գիտական համայնքի հաջորդ խնդիրը լոգիստիկան է։ Շատ հաճախ դրսից սարքավորում պատվիրելը տևում է վեց ամսից մինչև մեկ տարի։ Այս դեպքում անհրաժեշտ սարքավորման բացակայության պատճառով գիտնականը մեկ տարի չի կարող աշխատել, հետևաբար նա այլևս մրցունակ չէ։
Գիտությունը և բիզնեսը պետք է ընկերություն անեն
PMI Science գիտահետազոտական կենտրոնի նպատակներից է զարգացնել Հայաստանի մասնավոր հատվածում R&D-ով զբաղվելու մշակույթը։
Գիտահետազոտական (R&D) կենտրոնների աշխատանքի շնորհիվ նոր գիտելիք է ստեղծվում, բարելավվում են եղած տեխնոլոգիաները, արտադրանքները կամ գործընթացները, երկրում զարգանում է գիտահետազոտական, նորարարական միջավայրը՝ հիմք ստեղծելով բարձր տեխնոլոգիաների և տնտեսության զարգացման համար։
Պետական և մասնավոր հատվածում R&D էկոհամակարգի զարգացումը հատկապես կարևոր է նոր զարգացող երկրների համար, որոնց շարքում է նաև Հայաստանը։ Մասնավոր հատվածում գիտահետազոտական աշխատանքներ զարգացնելու համար պետությունները պետք է ոչ միայն ուժեղ և աշխատող խթանիչներ մշակեն՝ երկրում գործող ընկերություններին ներգրավելով գիտահետազոտական (R&D) աշխատանքների մեջ, այլև միջազգային ընկերությունների համար գրավիչ պայմաններ ստեղծեն՝ երկրում գիտահետազոտական կենտրոններ հիմնելու համար։ Այս տեսանկյունից «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի գիտահետազոտական կենտրոնն իր տեսակով Հայաստանի համար կարևոր նախադեպ է։
«Հայաստանում միջազգային գիտահետազոտական կենտրոնը նպաստում է երկրում գիտության և բիզնեսի զարգացման համար կարևոր արժեշղթայի ստեղծմանը և հետագայում դրա կայուն զարգացմանը»,- ասում է PMI Science գիտահետազոտական կենտրոնի գործառնական ղեկավար Վահե Դանիելյանը։
Ըստ Վահե Դանիելյանի՝ Հայաստանի գիտական էկոհամակարգում ամենամեծ անորոշություններից մեկը կապված է գիտելիքի առևտրայնացման (knowledge transfer) հետ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ գիտահետազոտական ինստիտուտների ստեղծած գիտական արդյունքի և այդ արդյունքի առևտրայնացման միջև բազմաշերտ համակարգ է աշխատում՝ հստակ գործողություների շղթայով, որ Հայաստանում գրեթե ամբողջությամբ բացակայում է։ Այդ համակարգի կառուցման և զարգացման մեջ պետության դերը անփոխարինելի է։ Միայն պետությունը, համագործակցելով մասնավոր ընկերությունների, հիմնադրամների հետ, կարող է մշակել գիտելիքի առևտրայնացման` Հայաստանի համար աշխատող համակարգ։
Հայաստանում գիտությունն ամենատարածված ոլորտներից է եղել։ Մենք ունեցել են գործարաններ ու լաբորատորիաներ, որոնք զբաղվել են կոնկրետ խնդիրների լուծմամբ։ Եղել է համագործակցություն տնտեսության ու գիտության միջև։ Գիտնականը խնդիր չի ունեցել իր աշխատանքն առևտրայնացնելու, որովհետև պետությունը պատվերը տվել է ու հետո գնել է արդյունքը։
«Էկոհամակարգի խնդիրներից մեկն էլ այն է, որ ինստիտուտները դեռևս չեն կարողանում մասնավոր հատվածի հետ համակարգված աշխատել։ Մասնավոր հատվածն այն շարժիչ ուժն է, որը հիմա թելադրում է գիտությանն այն խնդիրները, որոնց վրա կարելի է աշխատել։ Հայաստանում գիտահետազոտական աշխատանքների զարգացման համար շատ կարևոր է ունենալ մասնավոր հատվածում ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են R&D-ներով։ Հետևաբար կարևոր է, որ պետությունը խթանող մեխանիզմներ դնի գիտությանը աջակցելու համար, բացահայտի իր ուժեղ կողմերը, ուղղությունները և փորձի շահագրգռել մասնավոր R&D աշխատանքներ անելու համար»,- նշում է ինովացիաների և էկոհամակարգի զարգացման պատասխանատու Աննա Գևորգյանը։
PMI Science գիտահետազոտական կենտրոնը համոզված է՝ որքան շատ ընկերություններ լինեն Հայաստանում, որոնք կզարգացնեն մասնավոր հատվածը, կզբաղվեն R&D աշխատանքներով և պատրաստ կլինեն համագործակցել հատկապես ֆունդամենտալ գիտության հետ, այնքան գիտական համայնքը կշահի, Հայաստանում գիտական էկոհամակարգը կզարգանա։
Հոդվածը գրվել է «Գիտական և տեխնոլոգիաների լրագրություն» դասընթացի շրջանակում, որը կազմակերպել էին «Գիտուժ» նախաձեռնությունը և ISTC հմնադրամը։
Հոդվածի հեղինակ՝
Լուսինե Գուլյան
comment.count (0)