ՆԳ նախարարը և դեսպան Իմանբաևը քննարկել են Ղազախստանի քաղաքացիների կողմից ՀՀ-ում տրանսպորտային միջոցների հաշվառմանը վերաբերող հարցեր
18:32 - 02 մարտի, 2023

ՆԳ նախարարը և դեսպան Իմանբաևը քննարկել են Ղազախստանի քաղաքացիների կողմից ՀՀ-ում տրանսպորտային միջոցների հաշվառմանը վերաբերող հարցեր

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցում էին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, շտաբի պետ Արմեն Մկրտչյանը և ՃՈ հաշվառման և քննական բաժնի պետ Արմեն Սարգսյանը: Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների ներքին գործերի նախարարությունների համագործակցությունը ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլև ԱՊՀ մասնակից պետությունների Ներքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում։

Հայաստանի ներքին գործերի նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը՝ ի նպաստ անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի, մարդու և քաղաքացու իրավունքների արդյունավետ պաշտպանության։

Բոլատ Իմանբաևը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Վահե Ղազարյանին շնորհավորել է ներքին գործերի նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։

Արտակարգ և լիազոր դեսպանը բարձր է գնահատել նախարարությունում իրականացվող բարեփոխումները՝ աջակցության պատրաստակամություն հայտնելով։ Հյուրերը անդրադարձել են նաև նորաստեղծ պարեկային ծառայության գործունեությանը՝ այն դրական գնահատելով։ Բոլատ Իմանբաևը մանրամասնել է Ղազախստանում իրականացվող բարեփոխումները, որոնք վերաբերում են հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներին։

Կողմերը ներկայացրել են ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում երկու երկրների փորձը։ Այդ համատեքստում կարևորվել է փորձի փոխանակումը՝ երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացման առումով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ղազախստանի քաղաքացիների կողմից Հայաստանում տրանսպորտային միջոցները հաշվառելուն և հաշվառումից հանելուն վերաբերող մի շարք հարցեր։ Վահե Ղազարյանն այդ ուղղությամբ տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ շեշտելով, որ դրանք իր ուշադրության կենտրոնում են։

Հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության տարբեր ուղղություններին վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել