ՄՊՀ անդամներն ու Ասիական զարգացման բանկի պատվիրակությունը քննարկել են տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունը
17:23 - 03 մարտի, 2023

ՄՊՀ անդամներն ու Ասիական զարգացման բանկի պատվիրակությունը քննարկել են տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ Շուշան Սարգսյանը և Տիգրան Մարկոսյանը հյուրընկալել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկանում ենք ՄՊՀ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման նպատակն էր քննարկել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները:

Մասնավորապես, զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ: ՄՊՀ ներկայացուցիչները, որպես առաջնահերթություն, առաջարկել են դիտարկել  բիզնես միջավայրում մրցակցային մշակույթի զարգացմանը նպաստող համատեղ միջոցառումների իրականացման, մրցակցային իրավունքի գիտագործնական ձեռնարկների, իրավակիրառ պրակտիայի վերաբերյալ ժողովածուների համատեղ մշակման ուղղությունները։ Քննարկվել են նաև ձեռնարկատիրական գործունեության տարբեր ոլորտներում թվային տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ փորձի փոխանակման հնարավորությունները:

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները վերոնշյալ ուղղություններով համագործակցության հնարավորությունների շուրջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել