Արցախում տեղի ունեցած դիվերսիոն հարձակմանը արձագանքել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը՝ նշելով, որ ոստիկանական ավտոմեքենան թիրախավորվել է ադրբեջանական կողմից։
«Ցավում ենք մարտի 5-ին տեղի ունեցած այդ ծանր միջադեպի զոհերի համար, որի ընթացքում Լաչինի միջանցքի մերձակայքում ոստիկանների տեղափոխող ավտոմեքենան թիրախավորվել է ադրբեջանական ուժերի կողմից՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում», - ասված է հայտարարությունում։
Ֆրանսիայի ԱԳՆ-ից նաև ընդգծել են, որ միջադեպը պետք է ամբողջությամբ հետաքննվի։
«Մենք նաև կոչ ենք անում կողմերին խստորեն պահպանել հրադադարը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
comment.count (0)