armenpress.am: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում այսօր չհայտարարված այցով ժամանել է Իրաք՝ քննարկելու անվտանգության հարցեր: Այդ մասին տեղեկանում Է Shafaq News պարբերականից:
Կառավարական կառույցների աղբյուրը լրատվամիջոցին հայտնել է, որ Բաղդադում ծրագրված են Օսթինի բանակցություններն Իրաքի վարչապետ Մուհամեդ աս-Սուդանիի հետ:
Այնուհետև Պենտագոնի ղեկավարը մտադիր է այցելել քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ, որտեղ կհանդիպի Իրաքյան Քրդստանի ղեկավարության հետ։ Լլոյդ Օսթինն իր հերթին հայտարարել է, որ Իրաք այցով մտադիր է վերահաստատել Վաշինգտոնի և Բաղդադի միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը։
«Ժամանեցի Բաղդադ: Ես այստեղ եմ, որպեսզի վերահաստատեմ ԱՄՆ-ի և Իրաքի ռազմավարական գործընկերությունը, մինչ մենք շարժվում ենք դեպի ավելի ապահով, կայուն և ինքնիշխան Իրաք», - Twitter-ի իր էջում գրել է Օսթինը:
comment.count (0)