«Օրենքը պետք է չեղյալ համարվի և չպետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով»․ Վրաստանի նախագահ |aliq.ge|
09:46 - 08 մարտի, 2023

«Օրենքը պետք է չեղյալ համարվի և չպետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով»․ Վրաստանի նախագահ |aliq.ge|

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուղերձ է հրապարակել, որտեղ ասված է, որ ժամեր առաջ ընդունված օրենքը ոչ մեկին պետք չէ, բացի Մոսկվայից։ Նրա խոսքով` այդ օրենքը պետք է չեղյալ համարվի և չպետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով։

Aliq.ge-ի հաղորդմամբ՝ Զուրաբիշվիլի նշել է, որ Ռուսթավելիի պողոտայում հավաքված քաղաքացիները ներկայացնում են ազատ Վրաստանը։

«Ես դիմում եմ ձեզ, նրանց, ովքեր կանգնած են Ռուսթավելիի պողոտայում։ Ես կանգնած եմ այստեղ՝ Նյու Յորքում, իսկ թիկունքիս Ազատության արձանն է։ Սա այն խորհրդանիշն է, որի համար Վրաստանը միշտ պայքարել է։ Ես ձեր կողքին եմ։ Այսօր դուք ներկայացնում եք ազատ Վրաստանը։ Վրաստանը, որն իր ապագան տեսնում է Եվրոպայում և ոչ մեկին թույլ չի տա խլել այդ ապագան։ Այդ ապագան պատկանում է մեր հաջորդ սերնդին»,- ասել է նախագահը։

Նախագահը հավելել է, որ Վենետիկի հանձնաժողովը շատ լավ գիտի, թե դա ինչպիսի օրենք է։ Զուրաբիշվիլին նաև վերահաստատել է իր վետո դնելու խոստումը։

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը երեկ 76 կողմ, 13 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենսդրական փաթեթը։ Այն ներառում է երկու օրինագիծ՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:

Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։

Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։

Ընդգծենք՝ փաթեթը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել