Սի Ծինպինը վերընտրվել է Չինաստանի նախագահի պաշտոնում՝ աննախադեպ երրորդ հնգամյա ժամկետով
11:27 - 10 մարտի, 2023

Սի Ծինպինը վերընտրվել է Չինաստանի նախագահի պաշտոնում՝ աննախադեպ երրորդ հնգամյա ժամկետով

Սի Ծինպինը վերընտրվել է Չինաստանի նախագահի պաշտոնում՝ աննախադեպ երրորդ հնգամյա ժամկետով: Այս մասին հայտնում է The Guardian-ը։ 

ՉԺՀ 14-րդ Ազգային Ժողովրդական Կոնգրեսի առաջին նստաշրջանի պատվիրակները ուրբաթ օրը միաձայն քվեարկել են Սի Ծինպինի օգտին։ Քվեարկությանը մասնակցել է շուրջ 3000 մարդ․ բացի Սի Ծինպինից այլ թեկնածու չի եղել։ 

Նախագահը երդման արարողության ժամանակ խոստացել է «կառուցել բարգավաճ, ուժեղ, ժողովրդավարական, քաղաքակիրթ, ներդաշնակ և ժամանակակից սոցիալիստական երկիր»:

Նշվում է, որ Սի Ծինպինի կառավարումը շարունակվում է այն ժամանակ, երբ Չինաստանի տնտեսությունը բախվում է լուրջ հակահարվածների՝ տնտեսական աճի նվազումից մինչև ծնելիության անկում:

Վերընտրումով Սի Ծինպինը, որը շուտով կդառնա 70 տարեկան, կլինի ժամանակակից Չինաստանի ամենաերկար կառավարած նախագահը։

Սի Ծինպինի վերընտրումը հնարավոր դարձավ 2018 թվականին, երբ Չինաստանի Սահմանադրության փոփոխություններով սահմանվեց, որ նախկին 10-ամյա կառավարման ժամկետի փոխարեն, այժմ  նույն անձը կարող է անսահմանափակ թվով զբաղեցնել պետության ղեկավարի պաշտոնը։ 

Նա վերընտրվել է նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ռազմական խորհրդի (ԿՄԽ) նախագահի պաշտոնում։  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կենտրոնական ռազմական հանձնաժողովը ղեկավարում է Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը։ Այն իր գործառույթներն իրականացնում է կուսակցության զինված ուժերի կառավարման մարմնի՝ Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի ռազմական խորհրդի (CPC Կենտրոնական կոմիտե) հետ զուգահեռ։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել