Ադրբեջանական կողմը «Արցախի հայերի ներկայացուցիչներին» հրավիրում է երկրորդ հանդիպումը անցկացնել Բաքվում
12:50 - 13 մարտի, 2023

Ադրբեջանական կողմը «Արցախի հայերի ներկայացուցիչներին» հրավիրում է երկրորդ հանդիպումը անցկացնել Բաքվում

Ադրբեջանի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ «Արցախի հայերի ներկայացուցիչներին» առաջիկա օրերին հրավիրել են երկրորդ հանդիպումը Բաքվում անցկացնելու։

Նշվում է, որ հանդիպմանը շարունակվելու են վերաինտեգրման ու ենթակառուցվացքային ծրագրերի իրականացման վերաբերյալ շփումները։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Արցախի Իվանյան գյուղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբում հանդիպում են ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ 

Հայկական կողմից հայտնել էին, որ քննարկվել է Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցը։ 

Ադրբեջանական կողմից նշել էին՝ «քննարկումներ են տեղի ունեցել Ղարաբաղում բնակվող հայերի՝ Ադրբեջանի Հանրապետություն վերաինտեգրման վերաբերյալ։

Միևնույն ժամանակ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ մարտի 1-ին տեղի էր ունեցել կառավարության նիստ, որի ժամանակ նախագահը հայտարարել էր․ «Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց: Սակայն դա չի նշանակում, որ մենք խուսափելու ենք շփումներից՝ ենթակառուցվածքային և հումանիտար բնույթի խնդիրներ լուծելու համար»,- ասել էր նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել