«Մի տարի է՝ իմ տունն ուզում եմ վաճառել, որ ես էլ բնակարան ձեռք բերեմ, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել»․ Փաշինյան
14:09 - 14 մարտի, 2023

«Մի տարի է՝ իմ տունն ուզում եմ վաճառել, որ ես էլ բնակարան ձեռք բերեմ, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել»․ Փաշինյան

«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երեւանի կենտրոնում թանկարժեք բնակարան է ձեռք բերել՝ մոտ 2-3-սենյականոցի կրկնակիի չափ։ Այդ գործարքի գինն այսօր 412 հազար դոլար է, իսկ գործարքի ժամանակ՝ վեց ամիս առաջ, այն արժեցել է 168 հազար դոլար։ Կառուցապատող ընկերությունը հայտնի նախկին ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի Ջերմուկ գրուպն է․ վերջինս եւ Պապիկյանն առանձնապես չեն պարզաբանել, թե ինչպես է հնարավոր եղել մոտ 100մլն դրամով էժան ձեռք բերել բնակարանը։ Դուք ԱԺ-ում կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պաշտոնյաներին առաջարկեցիք գնալ ճշմարտության հետեւից, ընդհուպ դատի տալ․ այսօր ոչ Պապիկյանն է դատի տվել մեզ [Հետք-ին], ոչ առավել եւս Աշոտ Արսենյանի Ջերմուկ գրուպ ընկերությունը, իսկ իրավապահներին կարծես թե առանձնապես չի հետաքրքրում այս թեման․ ըստ Ձեզ՝ ի՞նչ հետեւություն անի այս ամենից հանրությունը»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանին «Հետք»-ի լրագրողը, ինչին ի պատասխան Փաշինյանը ասաց․ 

«Եթե դուք ճիշտ եք, ես Ձեզ առաջարկ ունեմ․ ասում եք՝ 412 հազար դոլար արժե, ես Ձեզ առաջարկում եմ, որ գնաք բանկի հետ բանակցեք, 300 հազար դոլարով գնեք էդ տունը, եւ 400 հազար դոլարով վաճառեք, ինչպես Դուք պնդում եք, եւ երբ 400 հազար դոլարով վաճառեք, մենք բոլորս կիմանանք, որ դուք ճիշտ եք, ընդ որում՝ դրա արդյունքում 100 հազար դոլար մաքուր շահույթ կունենաք։ Այսինքն, եթե էս գործարքը բանկին առաջարկեք, բանկը պիտի երջանիկ լինի, որովհետեւ ինքն էլ իր շահույթի մասն ունի։ Ես բոլոր էդ դեպքերում ՀԿ-ներին, լրագրողներին առաջարկում եմ գնալ այս ճանապարհով։ Ես ներողություն եմ խնդրում պարոն Պապիկյանից իր անձնական գործերին միջամտելու համար, բայց ես կպնդեմ, որ ինքը 300 հազար դոլարով էդ տունը վաճառի Ձեզ, եւ հետո կհետեւենք՝ Դուք 400 հազարով վաճառեցիք, թե չէ։

Ես մի տարի է իմ տունն ուզում եմ վաճառել, որ հնարավոր է՝ ես էլ բնակարան ձեռք բերեմ, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել։ Եւ Ձեր օրինակին հետեւելով՝ գուցե դա էլ անեմ։ Ներողություն խնդրելով՝ մի հարց տամ ներկաներին, բայց մինչ այդ անդրադառնամ իմ զեկույցում հրապարակված թվերին․ 2018-ից մինչ էսօր 25 հազար մարդ, օգտվելով եկամտային հարկի վերադարձի ծրագրից, նորակառույց տանը 1, 2, 3, 4- սենյականոց բնակարան ա գնել․ ներկաների մեջ կա՞ն մարդիկ, որոնք 2018-ից ի վեր բնակարան են ձեռք բերել եւ օգտվում են եկամտային հարկի ծրագրից։ Կա՞ն, էդ ի՞նչ, կոռուպցիայով ե՞ք զբաղվում դուք։ 25 հազար մարդ ՀՀ-ում 35 միլիարդ դրամ մարդկանց տվել ենք, որպեսզի իրենք իրենց բնակարանային հարցերն ապահովեն։

Իրավապահ մարմիններին հրահանգելու կարիք չկա, բայց եթե Ձեզ դա պետք ա, ուղիղ հրանագում եմ՝ ստուգեք բոլոր տվյալները, բոլոր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողը հիշեցրեց, որ Աշոտ Արսենյանն է կառուցել այդ շենքը, որի որդին բանակում չծառայելու համար քրեական հետապնդման էր ենթարկվում, հետո քրեական հետապնդումը դադարեցվեց, հետո այդ նույն որդին ՔՊ կուսակցության աջակցությանբ եւ վարչապետի որոշմամբ նշանակվեց նախ Ջերմուկ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ապա նա դարձավ Ջերմուկ համայնքի ղեկավար, եւ այս կոնտեքստում լրագրողն իրավապահներին առաջարկեց նկատի ունենալ նաեւ այս ամենը։

Վարչապետն արձագանքեց, որ եթե կարճվել է գործը, ուրեմն հիմքեր են եղել, հակառակ պարագան ինքը պարզապես բացառում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել