Կալանավորվել է «Մեդլայն» ԲԿ-ի փոխտնօրենը |factor.am|
17:57 - 14 մարտի, 2023

Կալանավորվել է «Մեդլայն» ԲԿ-ի փոխտնօրենը |factor.am|

factor.am: Կորոնավիրուսի համավարակի օրերին ենթադրյալ չարաշահումների աղմկահարույց գործով ձերբակալվել, ապա կալանավորվել է «Մեդլայն» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լ.Հ-ն։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական կողմի միջնորդությունը և խափանման միջոցն ընտրել կալանքը։ Ըստ ամենայնի, Լ.Հ-ն այս պահին ԲԿ-ի փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնող Լիլյա Հովակիմյանն է։

Factor.am-ը փորձեց կապ հաստատել բժշկական կենտրոն, տեղեկության մասով մանրամասներ ճշտելուց, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Դեռ օրեր առաջ կալանավորվել էր նաև ԲԿ-ի տնօրենը, Երևանի փոխքաղաքապետ, համավարակի օրերին Առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

«Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից»,–ասվում է հաղորդագրության մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել