Հակակոռուպցիոն դատարանի գործերը մինչ օրս «Դատալեքս»-ում հասանելի չեն․ խախտվում է հրապարակայնության սկզբունքը
17:15 - 16 մարտի, 2023

Հակակոռուպցիոն դատարանի գործերը մինչ օրս «Դատալեքս»-ում հասանելի չեն․ խախտվում է հրապարակայնության սկզբունքը

2021 թվականի ապրիլի 14-ին Ազգային ժողովն ընդունեց Հայաստանում հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու օրենսդրական փաթեթը, որով սահմանվեց, որ նորաստեղծ մասնագիտացված դատարանի կողմից ենթակա են քննության Քրեական դատավարության օրենսգրքով Հակակոռուպցիոն դատարանների իրավասությանը վերապահված վարույթները (տես՝ Քրեական օրենսգրքի հավելված N 1), ինչպես նաեւ դատախազի կողմից հարուցված՝ քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով եւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը։

2022 թ․ օգոստոսի 20-ից Հակակոռուպցիոն դատարանը սկսեց իր գործունեությունը։

Նորաստեղծ դատարանի աշխատանքի մեկնարկին, սակայն, եւ մինչ օրս՝ դրանից ավելի քան կես տարի անց էլ դատարանի վարույթում գտնվող գործերի հրապարակայնությունը դեռեւս լիարժեք չի ապահովվում։ Տեխնիկական համապատասխան կարգավորումների բացակայության պայմաններում խախտվում են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի եւ Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ նաեւ ԲԴԽ) համապատասխան որոշման դրույթները։

Ի՞նչ է սահմանում օրենքը

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ «Դատական վարույթի հրապարակայնությունը» վերտառությամբ 11-րդ հոդվածը սահմանում է, որ դատական նիստերը դռնբաց են (բացառությամբ դռնփակ դատական նիստ անելու օրենքով սահմանված հիմքերի)։ Նույն հոդվածի համաձայն՝ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում են գործի եւ դրա ընթացքի վերաբերյալ տեղեկություններ, որոնց ցանկը եւ հրապարակման կարգը սահմանում է ԲԴԽ–ն։ Դատական ատյանում վարույթը եզրափակող դատական ակտերը, օրենքով կամ ԲԴԽ որոշմամբ նախատեսված դեպքերում նաեւ այլ դատական ակտերը եւս ենթակա են պարտադիր հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում։ 

Օրենքի այս դրույթն ապահովելու համար 2021 թվականի փետրվարի 25-ին ԲԴԽ նախագահի՝ ԲԴԽ-9-Ո-13 որոշմամբ սահմանվել է քաղաքացիական, սնանկության, վարչական, քրեական գործերի եւ դրանց ընթացքի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը, ինչպես նաեւ կայացված դատական ակտերի, այդ թվում՝ եզրափակիչ դատական ակտերի հրապարակման կարգը։

ԲԴԽ նույն որոշմամբ սահմանվել է նաեւ, որ Դատական ավտոմատացված համակարգում լրացված հիշյալ տեղեկությունները յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում համապատասխան ծրագրի միջոցով ավտոմատացված եղանակով տեղափոխվում են «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգ՝ datalex.am:

Հակակոռուպցիոն դատարանի գործերը «Դատալեքս»-ում հասանելի չեն

Դատական իշխանության պաշտոնական կայքի «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հնարավոր է գտնել դատարան ուղարկված քաղաքացիական, քրեական, վարչական, սնանկության եւ վճարման կարգադրություններով գործերի վերաբերյալ օրենքով նախատեսված բոլոր տեղեկությունները։ 

Հակակոռուպցիոն դատարանի գործերը, սակայն, համակարգում մինչ օրս հասանելի չեն, ուստի հանրությունը, հասարակական կազմակերպություններն ու զանգվածային լրատվության միջոցները հնարավորություն չունեն հետեւել այդ դատարանի վարույթում գտնվող գործերի ընթացքին, ծանոթանալ դրանց վերաբերյալ իրենց անհրաժեշտ տեղեկությանը կամ կայացված դատական ակտերին։ 

Նշենք, որ այդ տեղեկությունները ՀԿ-ներին կամ ԶԼՄ-ներին անհրաժեշտ են լինում իրենց մասնագիտական աշխատանքի ընթացքում, եւ որպես կանոն, հասանելի են դառնում հենց «Դատալեքս»-ի միջոցով։ Լրագրողները, օրինակ, «Դատալեքս»-ով են տեղեկանում կոնկրետ գործերով նշանակված դատական նիստերի օրվա եւ ժամի, դրանց հետաձգման պատճառների մասին, «Դատալեքս»-ի միջոցով են ծանոթանում կայացված դատական ակտերի ամբողջական տարբերակին, հետեւում դրանց դեմ ներկայացվող բողոքների ընթացքին, հրապարակումներ անում այդ եւ այլ թեմաների մասին։ 

Հետեւաբար տեխնիկական համապատասխան կարգավորումների բացակայությունը խոչընդոտներ է ստեղծում նաեւ վերջիններիս աշխատանքի համար։

Ինչ քայլեր է ԲԴԽ-ն ձեռնարկում խնդրին լուծում տալու համար 

Բարձրագույն դատական խորհուրդն այս խնդրին առաջին անգամ անդրադարձել է 2022 հոկտեմբեր ամսին՝ հայտնելով, որ նախքան դրա ամբողջական լուծումը դատական իշխանության պաշտոնական կայքում՝ court.am-ում, կհրապարակվի Հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող գործերի ժամանակացույցը (հայտարարությունը այժմ հեռացված է)։

Ըստ այդմ, հոկտեմբեր ամսից սկսած ԲԴԽ-ն շաբաթական մեկ անգամ հրապարակում է այդ ժամանակացույցը (օրինակը՝ այստեղ), որը ներառում է հետեւյալ տեղեկությունները․ քրեական գործերով՝ գործի համարը, այն քննող դատավորի անուն–ազգանունը, մեղադրյալի/մեղադրյալների անուն–ազգանունը, հերթական դատական նիստի օրը, ժամը, նիստերի դահլիճի համարը, քննության դռնբաց կամ դռնփակ ռեժիմը, իսկ քաղաքացիական գործերով՝ նաեւ հայցի պահանջն ու կողմերի անունները։

Հասկանալի է, որ ԲԴԽ այս քայլը իրավիճակային է եւ հրապարակման ենթակա՝ օրենքով սահմանված տեղեկությունների չնչին մասն է ապահովում միայն։ Բովանդակային եւ ընթացակարգային բազմաթիվ տեղեկություններ, կայացված դատական ակտեր շարունակում են մնալ անհասանելի։ Դրանից բացի, ինչպես նշեցինք, այս ժամանակացույցը հրապարակվում է շաբաթական մեկ անգամ՝ հիմնականում շաբաթվա վերջ կամ սկիզբ, հետեւաբար դրանից հետո նշանակված նիստերի օրվա կամ ժամի փոփոխությունները այլեւս առանձին չեն հրապարակվում եւ ժամանակին հանրությանը հասանելի չեն դառնում։

Պետական գնումների armeps.am կայքում առկա տեղեկությունների հիման վրա կարող ենք փաստել, որ Հակակոռուպցիոն դատարանի աշխատանքի մեկնարկից ամիսներ առաջ՝ 2022 թ․ ապրիլի 15-ին, եւ մեկնարկից օրեր անց՝ օգոստոսի 29-ին, ԲԴԽ աշխատակազմը՝ Դատական դեպարտամենտը, պայմանագրեր է կնքել համակարգը սպասարկող «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերության հետ, որոնցով նախատեսվել է, ի թիվս այլնի, Հակակոռուպցիոն դատարանում ներդնել բաշխման եւ վերաբաշխման ենթահամակարգեր՝ ըստ գործերի տեսակների (Դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորների միջեւ գործերի բաշխումը, վերաբաշխումը եւ կոլեգիալ դատական կազմերի ձեւավորումը կատարվում են հատուկ համակարգչային ծրագրի՝ պատահական ընտրության միջոցով), ինչպես նաեւ ապահովել «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի (այն դատարաններում գործավարությունն էլեկտրոնային եղանակով իրականացնելու ծրագիրն է) լիարժեք շահագործումը։ Պայմանագրերից ոչ մեկով, սակայն, չեն սահմանվել դրույթներ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի Հակակոռուպցիոն դատարանի բաժնի եւ դատական տեղեկատվական համակարգի միջեւ կապի հաստատման, էլեկտրոնային գործավարության արդյունքում ստեղծված ինֆորմացիոն բազան «Դատալեքս»-ում հասանելի դարձնելու ուղղությամբ նախատեսվող աշխատանքների վերաբերյալ (Դեպարտամենտից հավաստիացել ենք, որ 2022 թ․ հիշյալ պայմանագրերից բացի Հակակոռուպցիոն դատարանին առնչվող այլ պայմանագիր չի կնքվել)։

Վերոգրյալը հաշվի առնելով՝ Infocom-ը գրավոր հարցումներ է ուղարկել ԲԴԽ-ին՝ ի թիվս այլնի հետաքրքրվելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվում օրենքով սահմանված հրապարակման ենթակա տեղեկությունների եւ դատական ակտերի ամբողջական ցանկը հանրությանը հասանելի դարձնելու ուղղությամբ։

Ի պատասխան՝ Դատական դեպարտամենտից տեղեկացրել են․ «Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործերի եւ դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկությունները Datalex դատական տեղեկատվական համակարգում հասանելի դարձնելու նպատակով իրականացվում են լրացուցիչ աշխատանքներ»։

Չբավարարվելով այս անորոշ պատասխանով՝ երկրորդ հարցումն ենք ուղարկել՝ խնդրելով մանրամասնել, թե կոնկրետ ինչ աշխատանքներ են իրականացվում այդ ուղղությամբ։ Միաժամանակ խնդրել ենք հայտնել, թե ինչ պատճառով Հակակոռուպցիոն դատարանին վերաբերելի՝ մինչ օրս կնքված պայմանագրերում չեն նախատեսվել դրույթներ վերջինիս վարույթում գտնվող գործերը եւ դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկությունները «DataLex»–ում հասանելի դարձնելու նպատակով ծրագրային աշխատանքներ իրականացնելու մասին, որպեսզի դատարանի աշխատանքի մեկնարկին կամ գոնե դրանից կարճ ժամանակ անց այդ աշխատանքներն ավարտված լինեին։ Խնդրել ենք հայտնել նաեւ՝ Դատական դեպարտամենտը ծրագրում է արդյոք «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերության հետ կնքել նոր պայմանագիր, որով կնախատեսվեն իրականացնել ծրագրային հիշյալ աշխատանքները։ Դրական պատասխանի դեպքում խնդրել ենք հայտնել հնարավոր ժամկետները։

Ի պատասխան այս հարցմանը՝ Դեպարտամենտից տեղեկացրել են. «ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվող գործերի եւ դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկությունները «DataLex» դատական տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ Համակարգ) հասանելի դարձնելու նպատակով ներկայում իրականացվում են ծրագրային եւ տեխնիկական աշխատանքներ, որոնք իրենցից ենթադրում են Համակարգում համապատասխան միջոցների (գործիքակազմի) նախատեսում, Դատարանի քննվող գործերի ենթաբաժնի ստեղծում, եւ որոնցով Դատարանում քննվող գործերի ընթացքի վերաբերյալ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրում (CAST) (այսուհետ՝ Ծրագիր) առկա տեղեկությունները կլինեն հասանելի»: 

Անդրադառնալով այդ աշխատանքները ավելի վաղ սկսելու հնարավորության հարցին՝ Դեպարտամենտից նշել են․ «Դատական դեպարտամենտի եւ «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ՍՊԸ-ի (այսուհետ՝ նաեւ Ընկերություն) միջեւ 2022 թ․ ընթացքում կնքված պայմանագրերը վերաբերել են Ծրագրի միայն սպասարկման ծառայությունների մատուցմանը, որոնցով հնարավոր չէր նախատեսել Համակարգում ծրագրային եւ տեխնիկական աշխատանքների իրականացման պայմաններ»: Թե ինչու այդ պարագայում ծրագրային եւ տեխնիկական աշխատանքների իրականացման առանձին պայմանագիր չի կնքվել, Դեպարտամենտից չեն պարզաբանել։

Ինչ վերաբերում է հնարավոր ժամկետներին, ստացված պատասխանի համաձայն՝ ծրագրային եւ տեխնիկական հիշյալ աշխատանքների իրականացման արդյունքում միայն հնարավոր կլինի քննարկել Համակարգում համապատասխան միջոցների (գործիքակազմի) ներդրման մասին պայմանագրի կնքման հնարավորության հարցը:

Հավելենք, որ վերոնշյալ պայմանագրերով սահմանված բաշխման եւ ենթաբաշխման համակարգերի ներդման աշխատանքները, ըստ Դեպարտամենտից ստացված պատասխանի, ամբողջությամբ կատարվել են, եւ Հակակոռուպցիոն դատարանում այժմ գործում են բաշխման եւ վերաբաշխման ենթահամակարգերը։ Միեւնույն ժամանակ դրանց կատարելագործման ուղղությամբ լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով կողմերի միջեւ կնքվել է նոր պայմանագիր։

«Դատալեքս»-ը սպասարկող ընկերության տնօրենը տեղյակ չէր խնդրի մասին

«Դատալեքս»-ը սպասարկող «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մանուկյանին ուղղված մեր գրավոր հարցումն անպատասխան է մնացել։ Մենք կապ ենք հաստատել Արմեն Մանուկյանի հետ, որը կարծիք է հայտնել, որ իրենք, չհանդիսանալով պետական մարմին, պարտավոր չեն պատասխանել գրավոր հարցումներին։ Նշենք, սակայն, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տեղեկության տնօրինող են համարվում ոչ միայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, այլեւ բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները։ «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ՍՊԸ-ն կատարված ծառայությունների դիմաց վարձատրվում է Դատական դեպարտամենտից, որի բյուջեն էլ հանդիսանում է պետական բյուջեի մաս, հետեւաբար «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը տարածվում է նաեւ նրանց վրա։

Այնուհանդերձ, Մանուկյանը համաձայնել է բանավոր պատասխանել մեր հարցերին։ Մեր զրույցում նա նշել է, որ կնքված պայմանագրերով սահմանված աշխատանքների հիմնական մասը կատարվել է, որոշակի գործառույթների հետ կապված ճշտումների կարիք է եղել․  «Երբ մոդելավորում ես, կարող է մի դեպք դուրս գա, բացեն, ասեն՝ բա էդ դեպքում ինչ ենք անում, գնում են, վերլուծեն, որ երբ հասկանան, էդ ժամանակ մասնագետները վերջնական մոդելավորեն, ավտոմատացնեն, միացնեն, այսինքն՝ աշխատանքային ընթացիկ իրավիճակ է»։

Մանուկյանը տարակուսանք է հայտնել, թե ինչու են մեզ հուզում այդ հարցերը, եւ դրանք քննարկելով՝ մենք ինչ բարիք ենք ստեղծում հանրության համար․ «Մեր բոլորիս խնդիրն է մեր տեղերում ծառայել ժողովրդին, հիմա ես չեմ հակսանում՝ ուզում եք մի հատ նեգատիվ ինֆորմացիա գցե՞լ»։

Լսելով Հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող գործերի՝  «Դատալեքս»-ում հասանելի չլինելու խնդրի մասին՝ Մանուկյանը նախ զարմացել է, ապա՝ շնորհակալություն հայտնել․ «Եթե հիմա «Դատալեքս»-ում չեն հայտնվում, ապա կհայտնվեն, ընդհանուր սպասարկման հետ կապված խնդիրներ կան, պրոյեկտ մենեջեր կա, ամբողջ օրը թիմը աշխատում է էդ թեմաների վրա, եթե չի հայտնվում, շնորհակալություն, այ դա բարիք է արդեն, նշանակում է՝ մեր սխալն է, հազար ներողություն կամ էլ տեխնիկական խնդիրներ են, մենք մաքսիմալը փորձում ենք անել, ես ավելի ուշադիր կլինեմ»,- ասել է նա՝ դժվարանալով հստակ ժամկետներ նշել։

Հավելենք, որ 2024 թ․ հունվարի 1-ից ՀՀ-ում սկսելու է գործել Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը (այժմ գործող Վերաքննիչ քրեական դատարանում առանձին դատավորներ են քննում հակակոռուպցիոն գործերը, իսկ Վճռաբեկ դատարանում գործում է Հակակոռուպցիոն պալատը), ուստի ծրագրային եւ տեխնիկական համապատասխան կարգավորումների անհրաժեշտությունն առաջանալու է նաեւ այնտեղ։ 

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել