news.am: Մենք ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ բանակում 5-րդ շարասյան մասին էլ ենք խոսել, բայց այսօր ես այդ մասով ձեզ ոչինչ չունեմ ասելու: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Ընդհանրապես, 5-րդ շարասյան բացահայտումը շատ բարդ է: Իսկ կարո՞ղ է, լրատվական դաշտում էլ շարասյուն փորձենք գտնել եւ կասկածներ ունենանք: Վերջին հաշվով ամբողջությամբ պատերազմի օրերին սենսացիաներ փնտրելով հակառակորդի համար տեղեկատվության լավ աղբյուր էինք հանդիսանում՝ զորքերը ոնց գնացին, որ ճանապարհով գնացին»,-ասաց նա:
Նա դրական գնահատեց, որ Օնիկ Գասպարյանը չի խուսափել եւ եկել է հանձնաժողով.
«Ես կարծում եմ, որ Օնիկ Գասպարյանի գալուց հետո շատ-շատերը կհասկանան, որ հանձնաժողովից չպետք է փախչել՝ սկսած Վարդան Օսկանյանից, վերջացրած այն զինվորականներով, որոնք ամպագորգոռ հայտարարություններ են անում՝ դրանք ո՞վ են, որ մենք գանք: Ոչ մեկը Օնիկ Գասպարյանի չափ ոչ ավանդ ունի զինված ուժերի կայացման գործում, ոչ էլ գիտելիքներով կարող է մրցել»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ինչ-որ ժամանակ Օնիկ Գասպարյանը վերադառնա զինված ուժեր, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ կվերադառնա, թե ոչ, կամ կցանկանա վերադառնալ, թե ոչ: Ես հասկացա, որ ինքն ի վիճակի է անել վերլուծություններ, արձանագրել փաստեր, իր անցած ճանապարհով, կարող է նաեւ կրթական ծրագրերում ունենալ իր ուրույն մասնակցությունը: Մեր հանձնաժողովի ցանկացած անդամի հետ եթե խոսեք, բոլորն ափսոսանքով կասեն, որ մենք կորցրեցինք մի զինվորականի, որը չլինելով զինվորական, կերտել է ինքն իրեն»:
comment.count (0)