Վարչապետի աշխատակազմը չի պարզաբանում՝ ինչ սկզբունքով են ընտրվել Փաշինյանի ասուլիսին հրավիրված լրատվամիջոցները
16:02 - 20 մարտի, 2023

Վարչապետի աշխատակազմը չի պարզաբանում՝ ինչ սկզբունքով են ընտրվել Փաշինյանի ասուլիսին հրավիրված լրատվամիջոցները

Նիկոլ Փաշինյանը, որը առանց նախապես սահմանված թվի լրագրողների մասնակցությամբ ասուլիս անցկացնելու փորձառություն ունի, վերջին ժամանակներում հանրության հետ հաղորդակցվելու իր այդ մեթոդը փոփոխությունների է ենթարկել։ Մասնավորապես, արդեն երկրորդ ասուլիսն է, որի մասին պաշտոնապես չի հայտարարվում նախապես, եւ լրագրողներին դրան մասնակցելու հայտ ուղարկելու հնարավորություն չի տրվում։ Իսկ ասուլիսի օրը, պարզվում է, շատ լրատվամիջոցներ կամ ուղղակի չեն հրավիրվել, ինչպես, օրինակ, infocom.am-ը, կամ նույնիսկ մերժում են ստացել, ինչպես, օրինակ, azg.am-ը՝ փաստում է կայքի լրագրող Սեւակ Վարդումյանը։

Մարտի 14-ին Նիկոլ Փաշինյանի հերթական ասուլիսն էր․ դրա կայանալու մասին առաջինը հաղորդել էր (ինչպես եւ նախորդ անգամ) Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակ օրաթերթի armtimes.com կայքը՝ իր տեղեկություններին հղմամբ նշելով, որ նախորդ ասուլիսի համեմատ այս անգամ ավելի շատ լրատվամիջոցներ են հրավիրվելու։ Infocom.am-ը, ինչպես նախորդ՝ այս տարվա հունվարի 10-ին հրավիրված ասուլիսին, այնպես էլ այս անգամ չէր հրավիրվել։ Չէին հրավիրվել նաեւ այլ լրատվամիջոցներ այն պարագայում, երբ այս ասուլիսին վարչապետին հարց ուղղելու հնարավորություն են ունեցել տասնյակից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք ներկա էին նաեւ նախորդ ասուլիսին։

Մարտի 15-ին գրավոր հարցմամբ դիմեցինք վարչապետի աշխատակազմին՝ խնդրելով հայտնել, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել այն լրատվամիջոցները, որոնք հնարավորություն են ունեցել մասնակցելու ՀՀ վարչապետի՝ 10.01.2023թ. եւ 14.03.2023թ. ասուլիսին։

Վարչապետի աշխատակազմից պատասխանել էին այսպես․ «ՀՀ վարչապետի ասուլիսին հրավիրված զանգվածային լրատվամիջոցների թվաքանակը պայմանավորված է տարածքում տեղերի սահմանափակությամբ: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ նախորդ ասուլիսի համեմատ՝ այս անգամ հրավիրվել են ավելի մեծ թվով զանգվածային լրատվամիջոցներ: Հաջորդիվ կդիտարկվի նաև այս ասուլիսին չմասնակցող ԶԼՄ-ներին հրավիրելու հարցը»:

Ինչպես նկատելի է՝ այս պատասխանը չի պարունակում մեր հարցի մասին բովանդակային տեղեկություն, ուստի եւս մեկ հարցում ուղարկեցինք՝ խնդրելով ըստ էության պատասխանել եւ նաեւ նշել, թե ինչո՞ւ մեր լրատվամիջոցը չի հրավիրվել երկու ասուլիսներին էլ։

Վարչապետի աշխատակազմից ստացանք հետեւյալ գրությունը․ «Ձեր՝ մարտի 15-ի հարցման կապակցությամբ տրամադրված տեղեկատվությանն ավելացնելու ոչինչ չունենք»։

Լրատվամիջոցների ընտրության սկզբունքը չմեկնաբանելը ցույց է տալիս, որ կամ չկա լրատվամիջոցներին ասուլիսի հրավիրելու խելամիտ սկզբունք, կամ ընտրված սկզբունքի հրապարակայնացումը կարող է խնդրահարույց լինել։ Առանց որեւէ ենթատեքստի՝ ստորեւ ներկայացնում ենք այն լրատվամիջոցների ցանկը, որոնք մասնակցել են հունվարի 10-ի եւ մարտի 14-ի ասուլիսներին։

Ս.թ. հունվարի 10-ին ՀՀ վարչապետի ասուլիսին մասնակցել են «Արմենպրես», Հանրային հ/ը, «Շանթ» հ/ը, Araratnews.am, Factor.am, Aysor.am, «Հայկական ժամանակ» օրաթերթ, «Ավրորա», News.am, «Կենտրոն» հ/ը, «Ժողովուրդ» օրաթերթ, Civilnet.am, Tert.am, «168 ժամ», «Սպուտնիկ Արմենիա», «Հրապարակ» օրաթերթ, «Նոր Հայաստան» հ/ը, «Ա1+», Irakanum.am, Bloomberg, 24news.am, Shabat.am, «Ամերիկայի ձայն», «Թիվ1» հ/ը, Hetq.am, Fip.am, «5-րդ ալիք» հ/ը, Civic.am, Newarmenia.am, «Արմենիա» հ/ը, Radar.am, BBC, 1in.am, «Ազատություն» ռ/կ, «Առավոտ» օրաթերթ լրատվամիջոցների ներկայացուցիչները (լրատվամիջոցները նշված են՝ ըստ հարցեր հնչեցնելու հերթականության)։

Ս.թ. մարտի 14-ի ասուլիսին մասնակցել են «Արմենպրես», Հանրային հ/ը, «Շանթ» հ/ը, «5-րդ ալիք» հ/ը, Aysor.am, Radar.am, «Հայկական ժամանակ» օրաթերթ, «Ազատություն» ռ/կ, «Ա1+», Hetq.am, 24news.am, «Ժողովուրդ» օրաթերթ, Newarmenia.am, Armenia Today, Irakanum.am, «Նոր Հայաստան» հ/ը, «Ավրորա», «Զարկերակ», Civic.am, «168 ժամ», «Կենտրոն» հ/ը, Civilnet.am, «Թիվ1», «Հ2» հ/ը, «Առավոտ» օրաթերթ, Fip.am, «Ամերիկայի ձայն», News.am, ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալություն, «Արմենիա» հ/ը, «Սպուտնիկ Արմենիա», Factor.am, «Մեդիահաբ», Tert.am, Araratnews.am, Freenews.am, «Հրապարակ» օրաթերթ լրատվամիջոցների ներկայացուցիչները (լրատվամիջոցները նշված են՝ ըստ հարցեր հնչեցնելու հերթականության։

Այսպիսով, վարչապետի հունվարի 10-ի ասուլիսին մասնակցել է 35 լրատվամիջոց, մարտի 14-ի ասուլիսին՝ 37 լրատվամիջոց։ Երկու ասուլիսներին մասնակցել են նույն 31 լրատվամիջոցները։ Երկրորդ ասուլիսին ներկա չեն եղել առաջին ասուլիսին մասնակցած 1in.am, BBC, Bloomberg, Shabat.am լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Փոխարենը՝ երկրորդ ասուլիսին մասնակցել են Հ2 հ/ը, «Զարկերակ», «Մեդիահաբ», Freenews.am, Armenia Today լրատվականների, ITAR-TASS գործակալության ներկայացուցիչները։

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել