«Պեկինը ուկրաինական ճգնաժամում անաչառ դիրքորոշում ունի»․ ավարտվել է Չինաստանի նախագահի այցը Մոսկվա
11:23 - 22 մարտի, 2023

«Պեկինը ուկրաինական ճգնաժամում անաչառ դիրքորոշում ունի»․ ավարտվել է Չինաստանի նախագահի այցը Մոսկվա

Չինաստանի նախագահի՝ Ռուսաստան կատարած պետական այցի արդյունքներով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը համատեղ մամուլի ասուլիս են տվել։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սա Սի Ծինփինի առաջին պաշտոնական այցն է Չինաստանի ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո։ Ռուսասատանի նախագահի համար սա առաջին հանդիպումն է այլ երկրի ղեկավարի հետ Հաագայի դատարանի՝ իրեն ձերբակալելու օրդերից հետո։

Այցի ընթացքում Ծինփինը Պուտինին հրավիրել է Չինաստանը «իր համար հարմար ժամանակ այս տարվա ընթացքում»։ Washington Post-ը այս հրավերը անվանել է Ռուսաստանին «աջակցության դրսևորում»։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, մեկնաբանելով Սի Ծինփինի այցը Մոսկվա, մեղադրել էր Չինաստանի նախագահին Պուտինի համար «դիվանագիտական ծածկոց» ապահովելու համար, որ Ռուսաստանը այնպիսի հանցագործություններ իրականացնի, որոնց փաստով էլ Միջազգային քրեական դատարանը հրապարակել է ձերբակալման օրդերը։

Բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը հիշեցրել է Չինաստանի ներկայացրած խաղաղության պլանի մասին, որը իր խոսքով կարող է հիմք լինել կարգավորման համար, «երբ դրան պատրաստ լինեն Ուկրաինան ու Արևմուտքը»։

Ինքը Սի Ծինփինը հերթական անգամ հայտնել է, որ Պեկինը առաջնորդվում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ և «ուկրաինական ճգնաժամում» անաչառ դիրքորոշում ունի ու հանդես է գալիս հանուն խաղաղության և երկխոսության։

Կրեմլում տեղի ունեցած բանակցություններից հետո, որոնք տևել են 3 ժամ, հայտնի է դարձել, որ ղեկավարները ստորագրել են 14 փաստաթուղթ և երկու համատեղ հայտարարություն։

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ավելացնել բնական գազի և նավթի մատակարարումները Չինաստան։ Նրա խոսքով կողմերը նաև քննարկել են «Սիբիրյան գազ-2» գաղատարի նախագիծը։ Բացի այդ՝ Պուտինը ասել է Ռուսաստանից Չինաստան մսի ու հացահատիկի արտահանման զգալի աճի հնարավորությունների մասին։

Չինաստանի նախագահի այցը Մոսկվա ավարտվել է։ Նա այսօր վերադարձել է Պեկին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել