armenpress.am: «Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկում է դիմել Սահմանադրական դատարան՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով: Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը նիստում ներկայացրեց «Հայսատան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Մինասյանը հայտնեց, որ այս նախագծի համար հիմք են հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի մասնագիտական վերլուծությունը, նաև մամուլում այլ հրապարակումները:
Պատգամավորը հիշեցրեց՝ իրավակարգավորումների համաձայն՝ ՍԴ դատավորն իրավունք չունի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Ձեռնարկատիրական գործունեություն է համարվում անհատ ձեռնարկատեր լինելը՝ ի թիվս ևս 2 այլ դեպքերի: «Այս դեպքում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Սեդա Սաֆարյանը, ԱԺ կողմից 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ընտրվելով ՍԴ դատավոր և լինելով անհատ ձեռնարկատեր, պահպանել է իր այդ կարգավիճակը մինչև 2023 թվականին հունվարի 27-ը: Մինչդեռ օրենքի պահանջի համաձայն՝ իր ընտրվելուց հետո 30 օրվա ընթացքում տիկին Սաֆարյանը պետք է դադարեցներ իր այդ կարգավիճակը, պետք է դուրս գար պետական հաշվառումից»,-ասաց Մինասյանը:
Սեպտեմբերի 15-ին ԱԺ-ի կողմից ընտրվելով՝ Սեդա Սաֆարյանը ՍԴ մասին օրենքի կարգավորումների համաձայն՝ լիազորությունները պետք է ստանձներ դեկտեմբերի 10-ից, սակայն ստանձնել է դեկտեմբերի 16-ից, երբ ԱԺ նիստում տվել է երդումը: Պատգամավորն այս հարցում ևս խնդիր է տեսնում: «Այնուամենայնիվ, եթե նույնիսկ դեկտեմբերի 16-ին է ստանձնել, դա նշանակում է, որ Սեդա Սաֆարյանի՝ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը պետք է դադարեցվեր առավելագույնը մինչև հունվարի 16-ը ներառյալ: Այսպիսով, ունենք օրենքի այս խախտումը, ինչը հիմք է տալիս պնդելու և ներկայացնելու այս որոշման նախագիծը»,-նշեց Մինասյանը:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը հայտնեց, որ Սեդա Սաֆարյանը 2022 թվականի նոյեմբերի 30-ին դիմել է Փաստաբանների պալատ՝ խնդրելով կասեցնել փաստաբանական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն տվող իր արտոնագրի գործողությունը նույն թվականի դեկտեմբերի 8-ից:
«Դեկտեմբերի 15-ի որոշմամբ՝ Սեդա Սաֆարյանի փաստաբանական արտոնագրի գործողությունը կասեցվել է, ինչի հիման վրա դեկտեմբերի 19-ին որոշում է կայացվել փաստաբան Սեդա Սաֆարյանին ժամանակավորապես հանելու փաստաբանների ցուցակից: Վերը նշվածը վկայում է, որ Սեդա Սաֆարյանը ձեռնարկել է համապատասխան բոլոր միջոցները դեռևս դատավորի պաշտոնը ստանձնելուց առաջ՝ իր ձեռնարկատիրական գործունեության համար հիմք հանդիսացող փաստաբանական արտոնագրի գործողությունը կասեցնելու համար»,-ասաց Ջուլհակյանը:
Պատգամավորը նշեց, որ դատավորի լիազորությունները ստանձնելու օրը կամ եթե լիազորությունները ստանձնելու օրը ընդունվում է դեկտեմբերի 10-ը, ապա լիազորությունների ստանձնումից հետո 6-րդ օրը, այսինքն՝ Հանրային ծառայության մասին օրենքով սահմանված 1-ասմյա ժամկետում Սեդա Սաֆարյանը պետությանը՝ հանձին ՊԵԿ-ի, ծանուցել է որպես անհատ ձեռնարկատեր և հարկ վճարվող իր գործունեությունը անորոշ ժամկետով դադարեցնելու մասին: Նման պայմաններում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ հնարավոր չէ խոսել դատավորի կողմից անհամատեղելիության պահանջների՝ առնվազն բովանդակային խախտման մասին, իսկ եթե կա խախտում, ապա դա խիստ տեխնիկական է: Եվ ըստ հանձնաժողովի՝ նման պարագայում տեղին չէ այնպիսի գործիքի կիրառումը, ինչպիսին ԱԺ-ի կողմից ՍԴ դատավորի լիազորության դադարեցման պահանջով դատարան դիմելն է:
comment.count (0)