Պարեկներին 40․000 դրամ կաշառք առաջարկելու կասկածանքով ձերբակալվել է փաստաբան Լեւոն Գեւորգյանը
16:21 - 22 մարտի, 2023

Պարեկներին 40․000 դրամ կաշառք առաջարկելու կասկածանքով ձերբակալվել է փաստաբան Լեւոն Գեւորգյանը

Կաշառք տալու կասկածանքով այսօր ձերբակալվել է փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Լեւոն Գեւորգյանը։

Տեղեկությունը Infocom-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունից էլ մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ մարտի 22-ին՝ ժամը 01։25-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողները Հրազդանի կիրճում ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար պարեկային ծառայողներին առաջարկել է 40.000 դրամ․ «Ուղեւորը կաշառք տալու հիմնավոր կասկածանքով ձերբակալել, բերվել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունք եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»:

Նշենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով (Կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար):

Կատարվում է նախաքննություն:

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել