Այս տարվա հունվարից Հայաստանի 1000 և ավելի բնակիչ ունեցող բոլոր բնակավայրերում կենսաթոշակների վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով։ Infocom-ն այս փոփոխությունից հետո պարզել էր, որ 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի ընդամենը 19%-ում կան բանկոմատներ։ Ստացվում է, որ բնակավայրերի 81%-ում թոշակառուներն իրենց կենսաթոշակները կանխիկացնելու հնարավորություն չունեն։
Փոփոխություն, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում
Կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգին անցումը կատարվեց ոչ միանգամից․ 2021-ին համակարգը ներդրվեց քաղաքներում, այս տարի՝ 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024-ից կներդրվի ողջ Հանրապետությունում։ Համակարգը փուլ առ փուլ ներդնելու պատճառներից մեկը բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների հասանելիության խնդիրն էր։ Հաշվի առնելով այս ամենը՝ համակարգի ներդրման վերաբերյալ մի քանի կարևոր հարցեր են առաջանում․
Մենք հարցում էինք ուղարկել ԱՍՀՆ՝ այնտեղ ներառելով այս բոլոր հարցերը, սակայն հարցերից ոչ մեկին ըստ էության պատասխան չէինք ստացել։
«ՀՀ բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների հասանելիության, բանկոմատներով ու POS տերմինալներով ապահովման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը ՀՀ կենտրոնական բանկի լիազորությունների շրջանակում է, ուստի առաջարկում ենք դիմել Կենտրոնական բանկ»,- ասվում էր նախարարության պատասխանում։
Անկանխիկ գործարքներ․ լուծո՞ւմ
Այն բնակավայրերում, որտեղ չկան բանկոմատներ, թոշակառուների համար լուծում կարող է լինել անկանխիկ գործարքներ կատարելու հնարավորությունը։ 2022-ի հուլիսից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որով տնտեսվարողները պարտավորվում են ունենալ POS տերմինալներ, այսինքն՝ անկանխիկ վճարումներ կատարելու հնարավորություն ապահովել։ Համաձայն Կենտրոնական բանկի (ԿԲ)՝ Infocom-ին փոխանցած տվյալների՝ 2022թ. դեկտեմբերի 29-ից 1000 և ավելի բնակչություն ունեցող բոլոր 406 գյուղական բնակավայրերում* առկա է առնվազն մեկ POS տերմինալ, որի միջոցով հնարավոր է անկանխիկ գործարքներ իրականացնել:
Սակայն մի բան է բնակավայրերում POS տերմինալների առկայությունը, մեկ այլ բան է հետևելը, որ դրանք իսկապես գործեն։ Այստեղ հատկապես կարևոր են այն բնակավայրերը, որտեղ կենսաթոշակը կանխիկացնելու հնարավորություն չկա, և թոշակառուները մնում են միայն անկանխիկ գործարքներ իրականացնելու հույսին։ Իսկ եթե այդ հնարավորությունն էլ չկա, նրանք պիտի հասնեն այլ բնակավայրեր՝ բանկոմատներից ու POS տերմինալներից օգտվելու համար։
ԱՍՀՆ ուղարկած հարցմամբ մենք նաև խնդրել էինք հայտնել՝ կա՞ որևէ ուսումնասիրություն, կամ ինչ-որ գերատեսչությունից (օրինակ՝ ՊԵԿ-ից) ստացվե՞լ են տվյալներ, թե ադրյո՞ք գյուղերում փաստացի հնարավոր է անկանխիկ գործարքներ կատարել։ Այս հարցին ևս սպառիչ պատասխան չէինք ստացել։
«Նախարարությունը սերտ համագործակցում է ԿԲ հետ՝ կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարելու գործընթացն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ներդնելու ուղղությամբ: Իր հերթին, վերջինս, համագործակցելով պետական մարմինների հետ, միջոցներ է ձեռնարկում, «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջներն համապատասխան, տնտեսվարող սուբյեկտների կողմից անկանխիկ վճարումների ընդունումն ապահովելու՝ POS տերմինալներ տրամադրելու, տեխնիկական խնդիրները կարգավորելու համար»:
Պատասխանատու գերատեսչությունն ասում է՝ ես պատասխանատու չեմ
Այս պատասխանից ոչ մի կերպ հնարավոր չէր հասկանալ՝ արդյո՞ք այն բնակավայրերում, որտեղ բանկոմատներ չկան, բնակիչներն ապահովված են գոնե անկանխիկ վճարումներ իրականացնելու հնարավորությամբ։ Ուստի մենք այս թեմայի շուրջ զրուցեցինք ԱՍՀՆ Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանի հետ։
Հարցին, թե արդյո՞ք նախարարությունը կենսաթոշակների անկանխիկ վճարմանն անցնելուց առաջ իրավիճակի վերլուծություն իրականացրել է, Անահիտ Գալստյանը պատասխանում է․ «Նախարությունը սերտ համագործակցում է Կենտրոնական բանկի հետ, քանի որ այս համակարգը պետք չէ դիտարկել առանձին «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կիրարկումներից։ Ճիշտ է, մենք կենսաթոշակների անկանխիկ վճարումների համակարգը ներդրել ենք 2021 թ․ հուլիսի 1-ից, իսկ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը 2022-ին կիրառության մեջ մտավ, այնուհանդերձ կարծես թե անուղղակիորեն երկուսը հետապնդում են մեկ նպատակ՝ հնարավորինս մեծացնել անկանխիկ գործառնությունների ծավալը ՀՀ-ում։ Նաև տնտեսական էֆեկտները թե՛ բնակչության, և՛ ընդհանուր տնտեսության վրա կարելի է քննարկել մասնագետների հետ միջազգային փորձի առումով, հաշվի առնել, որ դա տնտեսությունների համար լավագույն տարբերակն է, տնտեսվարող սուբյեկտների համար՝ ևս»։
Անահիտ Գալստյանը հիշեցնում է նաև անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը։ Միջոցառման շրջանակում առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարող քաղաքացիներին հաջորդ ամսվա ընթացքում տրամադրվում է 10%-ի չափով հետվճար (cashback)։
Նրա խոսքով կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգին անցնելու շուրջ մտահոգությունների մի մասը զուտ հոգեբանական և սովորութային է․ «Կենսաթոշակառուները թերևս գուցե ավելի սովոր են կանխիկ գործողություններ կատարել, քան անկանխիկ։ Չնայած արդեն իսկ նոր նշանակվող կենսաթոշակառուներն ունեն թե՛ քարտով աշխատավարձ ստանալու ավանդույթը, թե՛ ավելի ակտիվ են բանկային համակարգի հետ համագործակցում՝ վարկեր, ավանդներ և այլն։ Այնպես որ, այստեղ սովորութային գործոնի ազդեցությունը քիչ կլինի։ Մի քիչ տարիքով մեծ կենսաթոշակառուների մոտ կարող է այդ խնդիրը լինել, բայց նույն սովորույթն ու տեխնիկական միջոցներից օգտվելու հնարավորությունները, ունակությունները հաշվի առնելով՝ օրենքով սահմանափակում ենք դրել, որ 75-ից բարձր տարիքի թոշակառուները կարող են կանխիկ և անկանխիկ եղանակով ստանալ կենսաթոշակը․ այսինքն՝ թող կենսաթոշակառուն ինքը որոշի՝ ուզո՞ւմ է կանխիկ, թե՞ չի ուզում»։
Հավելենք, որ կենսաթոշակն իրենց ընտրությամբ կանխիկ եղանակով կարող են ստանալ նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք։
Անահիտ Գալստյանը, սակայն, դժվարանում է պատասխանել հարցին, թե ինչպես է վերահսկվում POS տերմինալների աշխատանքը, և արդյո՞ք կարող ենք պնդել, որ եթե որևէ բնակավայրում առկա է POS տերմինալ, նշանակում է՝ այնտեղ կենսաթոշակառուները կարող են անկանխիկ գործարքներ իրականացնել։ Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետի խոսքով նման վերահսկողություն իրականացնելն ԱՍՀՆ իրավասությունը չէ։
Մի կողմից, տնտեսվարողների այս կամ այն գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելն, իսկապես, ԱՍՀՆ-ի պարտականությունը չէ, բայց մյուս կողմից էլ նախարարության իրավասության տիրույթում են կենսաթոշակառուների խնդիրները։ Այս դիտարկմանը Անահիտ Գալստյանը պատասխանում է․ «Ամբողջ հարցն այն է, որ, այո՛, այս պահին մենք խոսում ենք կենսաթոշակառուների մասին, բայց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը կիրառելի է ոչ միայն կենսաթոշակառուների, այլև բոլոր այն տնտեսվարող սուբյեկտների և գործարքներ կատարող անձանց համար, որոնք գտնվում են ՀՀ-ում։ Հարցի շրջանակը մի քիչ ավելի լայն է։ ․․․․ Ե՛վ ՊԵԿ-ը, և՛ ԿԲ-ն պարտավոր են կատարել օրենքով սահմանված իրենց պարտականությունները, մասնավորապես՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի շրջանակներում, ոչ թե «Պետական կենսաթոշակների»։ Եվ այս պարագայում մենք, կարծես թե, դառնում ենք իրենց այդ գործողություններից օգտվողները»։
ՊԵԿ-ը նույնպես պատասխանատու չէ
Հաշվի առնելով, որ ԱՍՀՆ-ն ո՛չ վերահսկում է, ո՛չ էլ տեղեկություններ ունի այն մասին, թե արդյո՞ք բոլոր բնակավայրերում են առկա POS տերմինալները գործում, մենք հարցում ուղարկեցինք Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին․
ՊԵԿ-ից, ի պատասխան, նշել են հետևյալը․ «Հարկային մարմնի կողմից հարկային հսկողությունը նախաձեռնվում և իրականացվում է նպատակաուղղված՝ դեպի այն ոլորտները և այն հարկ վճարողները, որոնք առավել ռիսկային են՝ անկախ բնակավայրից և այդ բնակավայրի բնակիչների քանակից»:
Ստացվում է, որ ՊԵԿ-ն էլ որևէ կերպ չի ստուգում, թե արդյո՞ք բոլոր բնակավայրերում են բնակիչներն ապահովված անկանխիկ գործարքներ իրականացնելու հնարավորությամբ։
Մեկ այլ խնդիր են 1000-ից պակաս բնակիչ ունեցող բնակավայրարը։ Անահիտ Գալստյանը նշում է՝ համաձայն ԿԲ փոխանցած տվյալների՝ 2022-ի վերջի դրությամբ 1000-ից պակաս բնակիչ ունեցող որոշ բնակավայրերում կան տնտեսվարողներ, որոնք չունեն POS տերմինալներ։
«Առջևում դեռ ունենք 10-11 ամիս, ԿԲ-ն և պետական մարմինները, որոնք իրավասու են POS տերմինալներ տրամադրելու գործընթացն իրականացնել, այդ ուղղությամբ աշխատում են, և հուսանք, որ արդյունքները կլինեն գոհացուցիչ»,- ասում է Անահիտ Գալստյանը։
Ի վերջո, ո՞վ է պատասխանատու
Դատելով պատասխանատու գերատեսչությունների պատասխաններից՝ կարող ենք եզրակացնել հետևյալը
*Նախորդ նյութում ներառել ենք ոչ միայն գյուղական, այլ նաև քաղաքային բնակավայրերը, այդ պատճառով այնտեղ կտեսնեք ոչ թե 406, այլ 456 թիվը։ Մանրամասները՝ նյութում։
Գլխավոր լուսանկարը՝ Սարգիս Բուլղադարյանի
Աննա Սահակյան
comment.count (0)