Մարտի 21-ին հարեւան Իրանում նշվում է նոր տարին՝ Նովրուզը։ Գաղտնիք չէ, որ ամեն տարի հատկապես այս օրերին մեծ թվով իրանցիներ են այցելում Հայաստան։ Բայց տոնից օրեր առաջ՝ նախորդ շաբաթավերջին, իրանական Qeshm Air-ը դեպի Հայաստան թռիչք կատարելու խոչընդոտների է բախվել։
Dark Blue ընկերության տնօրեն Միսակ Գրիգորյանը, որը իրանական 2 ավիաընկերությունների՝ Qeshm Air-ի եւ Iran Air Tour-ի սպասարկողն է ՀՀ տարածքում, Infocom-ի հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել խնդրի մասին։ («Դարք Բլյու» ՍՊԸ-ն զբաղվում է օդային տրանսպորտի օժանդակ գործունեությամբ, Ընկերության 100% բաժնեմասը պատկանում է Նիլուֆար Բազեհուրի Խոսրոյին)։
2021թ․ հունվարի 1-ից իրանական Air Tour ավիաընկերությունը սկսեց Թեհրան-Երեւան-Թեհրան երթուղով չվերթներ իրականացնել։ Գրիգորյանն այդ ժամանակվանից սկսել է աշխատել այս ավիաընկերության հետ, հետագայում արդեն նաեւ իրանական Qeshm Air-ի։ Մեր զրույցում նա նշեց, որ Air Tour-ի՝ դեպի Երեւան չվերթների մեկնարկի հետ մեկտեղ FLYONE Armenia ավիաընկերությունն էլ դիմել է Երեւան-Թեհրան-Երեւան թռիչքներ իրականացնելու համար, բայց, ըստ նրա, իրանական կողմը մեկ տարի շարունակ ոչ մերժել, եւ ոչ էլ դրական պատասխան է տվել․
«Այդ ընթացքում ես երկրորդ ավիաուղին էլ բերեցի Հայաստան՝ Qeshm Air-ը, ու այնպես ստացվեց, որ մենք նոյեմբերին երկու ավիաուղիների համար էլ ձմեռային թույլտվություն ստանալու խնդիր ունեցանք Հայաստանում։ Իսկ պատճառ բերեցին, որ FLYONE Armenia-ն դեռ թույլտվություն չի ստացել։ Այդ ժամանակ ես զանգեցի Հայաստանի իմ գործընկերներին, որոնք էլ դիմեցին այնտեղի (Իրանի,-հեղ․) ավիացիոն կոմիտեի (Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության,-հեղ․) նախագահին, ու FLYONE Armenia-ն ստացավ թույլտվություն, մենք էլ այստեղ թույլտվություններ ստացանք երկու ավիաընկերություններով»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ, օրինակ, Armenia Airways-ը տարիներ շարունակ ունեցել է դեպի Թեհրան չվերթներ, ու իրանական կողմը երբեք խոչընդոտներ չի առաջացրել ոչ միայն այս, այլեւ հայկական այլ ավիաընկերությունների առաջ․ «Armenia Airways-ն այսօր դիմի, վաղը նորից ստանալու է չվերթների հնարավորություն»։
Իսկ ահա FLYONE Armenia-ն, Գրիգորյանի խոսքով, ձմռանը թռիչքներ անելու սահմանափակ թույլտվություն ունեցավ՝ շաբաթական մեկ թռիչք, եւ ամբողջ խնդիրն այն է, ըստ մեր զրուցակցի, որ այս ընկերության օդանավերը հայկական գրանցմամբ չեն, այլ մոլդովական։
FLYONE-ը Մոլդավայի ավիացիոն շուկա է մտել 2016թ․-ին։ 2016թ․ մարտի 28-ին ավիաընկերությունը ստացել է օդանավ շահագործողի վկայան։ Իսկ FLYONE Armenia-ն հիմնադրվել է 2021թ․ին, նույն տարվա հոկտեմբերին ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն ընկերությանը տրամադրել է օդանավ շահագործողի վկայական։ Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 եւ Airbus Ա319 օդանավերից։
«Ես բազմիցս շեշտել եմ մեր Կոմիտեին, որ իրանական կողմը խնդիր ունի, դրա համար ինքը FLYONE Armenia-ն չի տեսնում որպես լիարժեք հայկական ավիաուղի, տեսնում է որպես մոլդովական, քանի որ իր օդանավերը սպասարկվում են եւ գրանցված են Մոլդովայում, ոչ ՀՀ տարածքում, եւ դա է իրենց խնդիրը։ Ի վերջո FLYONE Armenia-ն ստանում է շաբաթական երկու թռիչքի իրավունք։ Բայց ես ներքին կարգով գիտեմ նաեւ, որ FLYONE Armenia-ն դեռ պատրաստ էլ չէ թռիչքների, միայն ուզում է ստանալ, բայց չի թռչում»,- ասաց Գրիգորյանը՝ արձանագրելով, որ իրանական կողմն, ամեն դեպքում սկսեց ինչ-որ դրական քայլեր անել, բայց իրանական Qeshm Air-ը դրանից հետո բախվեց խնդրի, այն էլ Նովրուզի օրերին․
«Հիմա երկու ավիաընկերություններից յուրաքանչյուրը շաբաթական երկու թռիչք ունի, ընդհանուր՝ շաբաթական չորս, բայց այս շրջանում սովորաբար ավելացնում ենք թռիչքների քանակը, որ հասցնենք այդ մարդկանց սպասարկել։ Բայց ուրբաթ օրը երեկոյան (ս․թ․ մարտի 17-ն,- հեղ․) ինձ զանգում է ՀՀ Քաղավիացիայի կոմիտե Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Ստեփան Փայասլյանը ու նոր տեղեկացնում, որ մեր շաբաթ օրվա Qeshm Airlines-ի թռիչքը չի կարող իրականանալ, որովհետեւ համապատասխան բաժինը դեռ թույլտվություն չի տվել։ Սա վերաբերում է այն ավիաընկերությանը, որը Հայաստանում թռիչքներ իրականացնելու մեկ տարվա թույլտվություն ուներ, ինքը լրիվ նորմալ ավիաուղի է, խնդիր չի ունեցել մեր տարածքում»,- շեշտում է մեր զրուցակիցը։
Նա, ինչպես ինքն է նշում, հարցրել է՝ ինչն է խնդիրը, ու ստացել պատասխան, որ պատճառն այն է, որ իրանական կողմը FLYONE Armenia-ին սահմանափակումներով է թողնում թռչել Իրան․ «Պատասխանում են՝ իսկ ինչո՞ւ պետք է մենք իրենց երկրորդ ավիաուղին թողնենք՝ երբ ուզի, թռչի։ Ես նորից մեջբերում եմ, որ գիտեք՝ սենց խնդիր կա, որ Մոլդովան է, եթե հարց ունեք, եկեք գնանք, կոմիտեի (Իրանի Քաղավիացիայի կազմակերպության,- հեղ․) նախագահին հանդիպենք, ամեն ինչով կօգնենք ձեզ, կարող է՝ էդ մարդիկ իրոք հարց ունեն FLYONE Armenia-ի հետ կապված»,- ներկայացրեց Գրիգորյանը՝ նշելով նաեւ, որ ակնարկ է եղել այն մասին, որ FLYONE Armenia-ն հանդիսանում է հայ մեծահարուստ ընտանիքի սեփականություն։
FLYONE Armenia-ն փոխկապակցված է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ։ Հետք-ը մանրամասն անդրադարձել է Սուքիասյանի մերձավորների եւ մոլդովական Fly One-ի համատեղ բիզնեսին, ընկերության սեփականատերերին։
«Եթե ինքը չմերժեր մեր թռիչքները, մեկ շաբաթվա մեջ 200․000 եվրո ներդրում էինք անելու ՀՀ, մեր վճարումները․․․։ Այսինքն՝ զրկվեց մեր երկիրն էդքան ներդրումից, ամեն թռիչքի երեք հարյուր ուղեւորի թողեց դրսում, որովհետեւ տոմսերն արդեն վաճառված էին, փչացրեց հարաբերությունները Իրանի հետ։ Բոլորն էլ շատ զարմացած են այդ վերաբերմունքից, ամենավատն այն է, որ վերջնական պատասխան չեն տալիս, չեն պատասխանում զանգերին, մեյլերին»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ միայն Իրանի դեսպանի՝ ՀՀ ԱԳՆ այցից հետո է թռիչքն իրականացվել․ «Շատ դժվարությամբ նախարարության միջոցով դեսպանը ստանում է թույլտվություն, որ շաբաթ եւ կիրակի օրերին թողնեն թռչի, էն էլ գիշերվա եսիմ որ ժամին, շատ վատ պայմաններով»։
Ըստ Գրիգորյանի՝ Փայասլյանն ասել է, որ Նովրուզի հետ կապված ժամանակավոր թույլատրում են թռչել մինչեւ ապրիլի 2-ը, բայց ամառվա սեզոնի կանոնավոր չվերթների թույլտվության համար դեռ քննարկումներ են։ Նա նաեւ նշեց, որ Իրանի Քաղավիացիայի կազմակերպության ղեկավարի տեղակալը հայկական կողմին պաշտոնական գրությամբ հրավիրել է Իրան՝ քննարկելու բոլոր հարցերը, բայց պատասխան չի ստացել:
Քաղավիացիայի կոմիտեից վստահեցնում են՝ խնդիրը հարթվել է
Միեւնույն ժամանակ, Քաղավիացիայի կոմիտեի Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Ստեփան Փայասլյանը մեր զրույցում վստահեցրեց՝ բարեկամ պետությունների պաշտոնական հրավերները երբեք անպատասխան չեն մնում։ Փայասլյանն Infocom-ի հետ զրույցում ասաց, որ իրականում խնդիր չի տեսնում․ ըստ նրա՝ իրանական կողմի հետ փորձ է արվում աշխատել՝ համաձայն միջկառավարական համաձայնագրերի, երկկողմ կնքված փոխըմբռնման հուշագրերի։
Փայասլյանից հետաքրքրվեցինք՝ նա տեղեկություն ունի՞, թե ինչու իրանական կողմը երկար ժամանակ չի պատասխանել FLYONE Armenia ընկերության՝ կանոնավոր չվերթներ իրականացնելու դիմումին, եւ թե այդ հարցով ի՞նչ քննարկումներ են իրականացվել։ Մեր զրուցակիցը, դարձյալ հղում անելով համաձայնագրերի ու հուշագրերի շրջանակում իրականացվող աշխատանքին, ասաց, որ եթե մի կողմը փորձում է չպահպանել այդ գործելաոճը, մյուս կողը փորձում է ցույց տալ, որ նմանատիպ գործընթաց ինքն էլ կարող է իրականացնել․
«Խնդիրը, կարծում եմ, լուծված է, որոշակի խնդիրներ կան, պարզապես եղել է, որ եկեք հարգենք իրար, եւ երբ եղել է էդ ըմբռնումը, չվերթները կատարվել են։ Պարզապես եղել է թյուրըմբռնում, հարթվել հարցը»,- ասաց պաշտոնյան, եւ մեր ճշտող հարցին՝ փաստորեն, երբ FLYONE Armenia-ն որոշ խնդիրների է առնչվել իրանական կողմի հետ, հայկական կողմն էլ ցույց է տվել, որ նույն խնդրին կարող է առնչվել Qeshm Air-ը, արձագանքեց այսպես․ «Ճիշտ եք հասկանում»։
Փայասլյանը չի կարծում, թե հայկական կողմի այստեսակ արձագանքը կարող է բացասաբար ազդել երկկողմ հարաբերությունների վրա։ Նրա խոսքով՝ գուցե փորձ է եղել պրոտեկցիոնիզմի (ազգային տնտեսությունը օտար մրցակցությունից զերծ պահելու քաղաքականություն,- հեղ․), բայց, ըստ նրա, եթե մենք ասենք՝ Հայաստանից, օրինակ, Վրաստան պետք է թռչի միայն հայկական փոխադրող, եւ նույնն էլ ասի Վրաստանը, ապա փակուղու առաջ կհայտնվենք։
Մեր հարցին՝ այսինքն FLYONE Armenia-ին սահմանափակ թռիչքներ իրականացնելու հնարավորություն տալու իրանական կողմի հավանական պատճառաբանությունը ողջամիտ չէ՞, Փայասլյանը պատասխանեց, որ «մոլդովականի հարց չկա»․
«Եթե հայկական ընկերությունն ունի օդանավ շահագործողի վկայական, դա ենթադրում է, որ այն ստեղծված է հայկական օրենսդրության հիման վրա, եւ աշխարհում գրեթե բոլոր ավիաընկերություններ ունեն նաեւ այլ մասնաբաժնիններ իրենց ընկերություններում»։
«Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ լիազորված մարմինը (իմա՝ Քաղավիացիայի կոմիտեն)՝ օդանավ շահագործողի վկայական տալիս է Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց, որոնց բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժնի և այլն) առնվազն 51 տոկոսը սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և (կամ) Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած) իրավաբանական անձանց։ FLYONE Armenia-ն այս պայմանով ունի օդանավ շահագործողի վկայական։
Ի դեպ, իրանական Qeshm Air-ը շաբաթավերջին թռիչքի հետ կապված խնդրի է բախվել այն պարագայում, երբ FLYONE Armenia-ն դեպի Թեհրան շաբաթական երկու անգամ թռիչք իրականացնելու թույլտվություն արդեն ստացել էր։ Սա հաստատեց նաեւ Փայալսյանը, սական չմեկնաբանեց, թե ինչու է այդպես եղել․ «Թռիչքն իրականացվել է, էդքանը կարող եմ փաստել»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ տեղեկություն չունի՝ ի վերջո ՀՀ-ում Իրանի դեսպանի՝ ԱԳՆ կատարած այցի՞ց հետո է խնդիրը լուծվել։
Իսկ մեկնաբանությունները, որ հայկական կողմի արձագանքը կապ ունի այն բանի հետ, որ FLYONE Armenia-ն առնչվում է Խաչատուր Սուքիասյանին, Փայալսյանը անհեթեթ համարեց՝ նշելով, որ ավիացիոն իշխանությունները պատրաստ են պաշտպանել մեր բոլոր ավիաընկերությունների շահերը եւ բոլոր հարթակներում․
«Մենք ունենք տասը օդանավ շահագործողի վկայական կրող, տասի համար հավասար պայքարում ենք։ Ձեզ մի տարօրինակ ինֆո է եկել, բազմաթիվ ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք կապված են եղել այլ ավիաընկերությունների հետ, այլ երկրների հետ, այդ թվում FLYONE-Ի հետ, որոնք լուծվել, հարթվել են, իսկ թե այս հարցը հանրայնացնելն ինչ նպատակ է հետապնդում, ինձ հետաքրքիր չէ»։
Այն, որ FLYONE Armenia-ն ստանում է չվերթների իրավունք, բայց թռիչքներ չի իրականացնում, Փայասլյանը պայմանավորեց տարբեր հնարավոր խնդիրների հետ, ինչպիսիք են օդանավերի՝ այդ պահին հասանելի չլինելը, խիտ գրաֆիկը եւ այլն։ Նա նշեց, որ թույլտվություն ստանալը չի նշանակում պարտադիր թռչել․ «Նպատակն, իհարկե, թռչելն է, բայց քանի որ ավիացիա է, կենդանի օրգանիզմ, կարող են լինել բազմաթիվ օպերացիոնալ եւ տարբեր խնդիրներ, սկսած օդանավի խնդիրներ, անձնակազմի պակաս, եւ այլն, ու չվերթ չկայանա»։
Ստեփան Փայասլյանը եւս նշեց, որ Qeshm Air-ը դիմել է ամառվա սեզոնին կանոնավոր չվերթներ իրականացնելու համար, բայց հարցը դեռ քննարկման փուլում է։
Այսպիսով, իրանական Qeshm Air ավիաընկերությունը անցյալ շաբաթավերջին դեպի Երեւան չվերթի խոչընդոտ է ունեցել այն բանից հետո, երբ հայկական FLYONE Armenia-ն էլ դեպի Թեհրան չվերթների սահմանափակ հնարավորություն է ստացել՝ երկար ժամանակ կանոնավոր չվերթների թույլտվություն ստանալու դիմումին արձագանք չստանալուց հետո։ Այս պահին FLYONE Armenia-ն ունի դեպի Թեհրան շաբաթական երկու թռիչք իրականացնելու իրավունք, իսկ Qeshm Air-ը շաբաթ օրը նախատեսված թռիչքն, ամեն դեպքում կատարել է, եւ մինչեւ ապրիլի 2-ը թռիչքներ իրականացնելու հնարավորություն ունի, իսկ ամառվա սեզնին կանոնավոր չվերթներ իրականացնելու դիմումը քննարկման փուլում է։
Infocom-ը գրավոր հարցեր է ուղղել նաեւ ՀՀ-ում Իրանի դեսպանին․ պատասխանն ստանալուն պես կներկայացնենք ստացած նոր տեղեկությունները։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)