armenpress.am: Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը զգուշացրել է, որ Ղրիմը հետ նվաճելու Ուկրաինայի փորձը հիմք կդառնա ցանկացած զենքի, այդ թվում՝ միջուկային դոկտրինայով նախատեսված զենքի կիրառման համար:
Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: «Եթե խոսենք ինչ-որ լուրջ հարձակումների մասին, որոնք կապված են Ղրիմը հետ գրավելու փորձի հետ, ապա միանգամայն ակնհայտ է, որ դա հիմք է պաշտպանության բոլոր միջոցների կիրառման համար, ներառյալ՝ միջուկային զսպման հիմնական դոկտրինայի հիմունքներով նախատեսվածները, երբ Ռուսաստանի դեմ ցանկացած տեսակի զենքի օգտագործումը սպառնում է հենց պետության գոյությանը», - ասել է Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Նա հստակեցրել Է, որ «պետության մի մասը պոկելու փորձը նշանակում է, որ դա ոտնձգություն է հենց պետության գոյության դեմ»։ «Ուստի հետևություններ արեք ինքներդ. այստեղ միանգամայն ակնհայտորեն հիմքեր կան ցանկացած զենքի կիրառման համար: Բացարձակապես ցանկացած», - ասել Է Անվտանգության խորհրդի փոխնախագահը՝ հույս հայտնելով, որ դա հասկանում են օվկիանոսից այն կողմ ՌԴ-ի բոլոր «բարեկամները:
Ըստ որում, Մեդվեդևը կարծում է, որ Ուկրաինայի հայտարարությունները Ղրիմը «վերադարձնելու» մասին շատ բանով քարոզչություն են։ «Զանազան հայտարարությունները Ղրիմը կամ ևս ինչ-որ բան վերադարձնելու մասին… հասկանում եք, քարոզչություն է, դրան պետք է այդպես Էլ վերաբերվել, և պատերազմի ժամանակ դա միշտ կա», - նշել Է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը:
comment.count (0)