Ադրբեջանի ԶՈՒ դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն․ Տեղեկատվական շտաբ
23:52 - 25 մարտի, 2023

Ադրբեջանի ԶՈՒ դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն․ Տեղեկատվական շտաբ

Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն: Նրանք միևնույն ժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք: Այս մասին հատնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
 
«Դրան զուգահեռ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ձեռնարկել ու ձեռնարկում են համապատասխան քայլեր՝ կանխելու ադրբեջանական հնարավոր հետագա սադրանքները և, անհրաժեշտության դեպքում, ապահովելու տվյալ լեռնային ճանապարհի անվտանգ կիրառումը:
 
Արցախի իշխանությունները մշտական կապի մեջ են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ իրավիճակի կարգավորման ուղղությամբ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու նպատակով», - նշված է հաղորդագրության մեջ:

 
Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել էին շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի տարածքում: Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն էլ հայտնել էր, թե ադրբեջանական բանակի ստորաբաժանումները Արցախում ձեռնարկել են «անհրաժեշտ տեղային վերահսկողության միջոցառումներ»։ ՌԴ ՊՆ-ն Արցախում խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում արձանագրել էր դեպքը՝ նշելով, որ ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել ինժեներական աշխատանքները դադարեցնելու և ստորաբաժանումները նախկինում զբաղեցրած դիրքեր դուրս բերելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել