tert.am: Տասնյակ հազարավոր իսրայելցիներ հավաքվել են Թել Ավիվում՝ ընդդեմ կառավարության նախաձեռնած վիճելի դատական բարեփոխումների. հատկանշական է, որ զանգվածային ցույցերի ֆոնին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը կոչ է արել իշխող կոալիցիային դադարեցնելու երկրում դատաիրավական փոփոխությունների գործընթացը, քանի որ այն «պառակտում» է առաջացնում։ Այս մասին գրել է բրիտանական The Guardian պարբերականը։
Շաբաթ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարել է, որ «իշխանությունները պետք է դադարեցնեն օրենսդրական գործընթացը» մեկ ամսով՝ հաշվի առնելով փոփոխությունների վերաբերյալ հանրության մեջ ստեղծված պառակտվածությունը։
«Աճող սոցիալական ճեղքվածքն իր ճանապարհն է բացել դեպի [բանակ] և անվտանգության մարմիններ: Դա պարզ, անմիջական և շոշափելի սպառնալիք է Իսրայելի անվտանգության համար»,- ասել է Գալանտը, որն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի աջակողմյան «Լիկուդ» կուսակցության անդամ է:
Նախարարի հայտարարությունը ողջունել է ընդդիմության ղեկավարը:
Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ Թել Ավիվում բողոքի ցույցերին շաբաթ օրը մասնակցել է մոտ 200 000 մարդ:
Հիշեցնենք, որ Իսրայելում զանգվածային ցույցերը սկիզբ են առել հունվարին այն բանից հետո, երբ իշխող կոալիցիան հայտարարել է իր փոփոխությունների փաթեթը, որը, ըստ կառավարության, անհրաժեշտ է օրենսդիրների և դատական համակարգի միջև լիազորությունները վերահավասարակշռելու համար: Այս փոփոխության դեմ պայքարողները պնդում են, որ այս կերպ իշխանությունը փորձում է սահմանափակել դատական իշխանության գործունեությունը։
comment.count (0)