Ժամը 20։00-ին փակվել են ՀՀ 2 համայնքների՝ Անիի ու Սիսիանի 61 ընտրատեղամասերը։
Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 49.63%-ը կամ 22 880 քաղաքացիներից 11 356-ը։ Շիրակի մարզի Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 62.01%-ը կամ 15 918 քաղաքացուց 9 870-ը։ Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 54.71%-ը կամ 21226 քաղաքացի։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Արմեն Հակոբջանյանը, Հանրապետականինը՝ Ջիվան Մարգարյանը, Ավագ Ասատրյանն էլ «Քաղաքացու որոշման» թեկնածուն է:
Երեկ «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը հայտնել էր, որ Վարչական դատարանը հրապարակել է որոշում, որով մերժել է իրենց հայցը՝ Սիսիանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակի գրանցումը անվավեր ճանաչելու վերաբերյալ։
«Դատարանը բացարձակ չի անդրադարձել գործի բովանդակությանը, այլ 23:55 րոպեին հրապարակված ակտով վճռել է, որ մենք պիտի ոչ թե իրենից պահանջեինք անվավեր ճանաչել ցուցակի գրանցումը (ինչի իրավունքը ևս ունենք), այլ պիտի պահանջեինք պարտավորեցնել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որ հանձնաժողովը դիմեր նման պահանջով»,- գրել էր Նահապետյանը։
Ապա այսօր՝ օրվա երկրորդ կեսին, ՔՈ նախընտրական շտաբը հաղորդագրություն է տարածել, որ օպերատիվ ռեժիմով տեղեկություն է ստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից ընտրողներին բաժանվող ընտրակաշառքի մասին։
«Ընտրատեղամասերի հարակից տարածքներում անհասկանալի գործառույթով տևական ժամանակ գտնվող և ՔՊ կուսակցությունը ներկայացնող, համայնքային, պետական հիմնարկների աշխատող անձանց մոտ առկա են ինչ-որ ցուցակներ, որոնք, հնարավոր է, ընտրակաշառք ստացած քաղաքացիների տվյալներ են պարունակում։
Մեր վստահված անձանց դիմում-բողոքները նշված անձանց ինքնությունը պարզելու, ընտրողներին ուղղորդելուն միտված գործողությունները կասեցնելու պահանջի մասին ընտրատարածքային հանձնաժողովները, ըստ էության, դադարել են քննել։
Ընտրակաշառքը վերջին այլանդակ ընտրախախտումն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նույնականացնում է այն քաղաքական ուժերի հետ, որոնց դեմ պայքարում էին այդ կուսակցության բազմաթիվ ազնիվ համակիրներ տարիներ առաջ։
Նման գործելակերպը կասեցնելու գործառույթը պետական մարմիններինն է։
ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբը հիշեցնում է, որ նշված դեպքերով տեղեկատվությունը ճշտելու, առերևույթ հանցագործության հատկանիշներով արարք կատարող անձանց նույնականացման ուղղությամբ պարտավոր է զբաղվել ՀՀ ոստիկանությունը։
Պետության և կառավարող ուժի հեղինակության մասին նախ և առաջ պետք է մտածի իշխող ուժը, որին հավատացել է ՀՀ քաղաքացին 2018թ․-ին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Այս և ընտրակաշառք տարածելու վերաբերյալ այլ հրապարակումներին անդրադարձավ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հերքելով դրանք․ «Դրանց (նման տեղեկությունների՝ խմբ․) հիման վրա լրատվականները ձևակերպել են «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» վերնագիրը։ Ես խոստանում եմ՝ վաղը բոլոր էն լրատվականները, ովքեր տպել են նման վերնագիր, ստանալու են համապատասխան դատական հայցեր, որովհետև նման կոպտագույն խախտում ուղղակի չի կարող լինել»։
Տեսանյութի վերջում Ալեքսանյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ բոլոր հրապարակումների հետ կապված՝ դիմելու են դատարան։
Հիշեցնենք նաև, որ Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրված են «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը՝ Արտակ Գևորգյան), «Իմ հզոր համայնք» (Արմենակ Նաջարյան), «Հայկական երազանք» (Ագուն Սաղաթելյան) և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները (Արման Սարիբեկյան):
Այս ուժերից երեքը մասնակցել են նախորդ ընտրություններին, պայքարին նոր է միացել միայն «Իմ հզոր համայնքը»:
Նախորդ տարի սեպտեմբերի 25-ին կայացած ընտրություններում Անիում ամենաշատ ձայնը հավաքել էր համայնքը 18 տարի ղեկավարած Արտակ Գևորգյանը՝ ձայների 49 տոկոսը հավաքելով, սակայն իշխանության գալու համար ավագանու 3 անդամի ձայն էր պակասում:
«Հայկական երազանքի» և «Քաղաքացիական պայմանագրի» անդամները բոյկոտեցին ավագանու նիստերը, և համայնքապետ չընտրվեց: Օրենքի ուժով վարչապետն Անի խոշորացված համայնքի ժամանակավոր ղեկավար նշանակեց տեղական ընտրություններում պարտված իր կուսակից Արման Սարիբեկյանին։
Լուսանկարը՝ 1lurer.am կայքից
comment.count (0)